Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գործի պատվիրատուները էս մարդուց հայրենիք են խլել, հիմա էլ ուզում են Ձեր ձեռքերով ազատությունը խլեն. Բագրատ սրբազանի պաշտպանը՝ դատավորին

Օգոստոս 22,2025 18:45

Բագրատ սրբազանի եւ մյուսների՝ ահաբեկչության նախապատրաստման գործով դատական նիստում այսօր հանրային մեղադրողը միջնորդեց նաեւ Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը երկարաձգել՝ եւս երեք ամսով:

Հայտարարությամբ հանդես եկավ Գալստյանը:

-Ի՞նչ խոչընդոտելու մասին է խոսքը: Այն հավաքները, հանդիպումները, որ ունեցել եմ, եղել են Հայաստանում գրանցված իմ «Արդարություն եւ վերադարձ» հասարակական կազմակերպության հկ-ի կանոնադրությամբ ու մնացած որոշումներով: Հասարակական կազմակերպությունը զբաղվում է հենց արցախցիների հավաքական վերադարձի իրավունքով: Գյումրիից մինչեւ Կապան ունեցել եմ հանդիպումներ, իմ բախտակիցների հետ խոսել ենք սոցիալական խնդիրների մասին ու այդ շրջանակում եղել են այդ հանդիպումները,- պարզաբանեց Գալստյանը:

Նա նկատեց, որ երբեւէ բերման չի ենթարկվել, միջադեպերի մեջ չի հայտնվել, իր կենսագրության մեջ նույնիսկ վարչական իրավախախտում չկա. «Ինչ վերաբերում է պայթուցիկներին, համոզված եմ՝ մեղադրող կողմը ամեն Նոր տարուն, երեխաների ծննդյան օրը հրավառություն են անում, իսկ 2020 թվականից հետո մեր տանը նույնիսկ տոնածառ չի զարդարվում՝ հաշվի առնելով, որ իմ երեխաների քեռին առ այսօր անհետ կորած է: Իմ վերջին գնած պայթուցիկը կրակայրիչն է, եթե դա համարվում է ահաբեկչություն կազմակերպելու իր, ես կարծում եմ՝ տեղերով պետք է փոխված լինենք»:

Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ. «Այս գործի պատվիրատուները էս մարդուց հայրենիք են խլել, հիմա էլ ուզում են Ձեր ձեռքերով ազատությունը խլեն: Սա վաղուց իրավական քննարկումների հարց չէ, սա պարզ ընտրության հարց է, ուզո՞ւմ եք Ձեզ տեսնել այդ մարդկանց շարքում, թե՞ ոչ»:

Դատավոր Կարեն Ֆարխոյանը վիրավորական հայտարարություն գնահատեց պաշտպան Խուդոյանի հայտարարությունը եւ ընդգծեց, որ հետագայում նման հայտարարությունները կդիտվեն վիրավորական իրենցից բխող բոլոր հետեւանքներով:

Դատարանը որոշեց Գալստյանի կալանքի ժամկետն էլ երկարաձգել եւս երեք ամսով, միայն վերացրեց ընտանիքի անդամների հետ հանդիպումների արգելքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031