Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կարող են իրականացվել միայն Կառավարության կողմից հաստատված ենթակառուցվածքային ծրագրեր. Խուդաթյանի արձագանքը՝ թուրք նախարարին

Օգոստոս 22,2025 19:50

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։  

Խուդաթյանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց. Պարոն Խուդաթյան, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը Կարս–Դիլիջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության ժամանակ խոսել է այն մասին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։  

Պատասխան. Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել եւ իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից։ Այդպիսիք են օրինակ «Հյուսիս–Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը։ Նշված չափանիշին չհամապատասխանող որեւէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու։

Ինչ վերաբերվում է Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցությանը, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ հետաքրքրված է դրանով։ Համագործակցության տրանսպորտային բաղադրիչը արտահայտված է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որից բխող նախագիծ է նաեւ TRIPP–ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը։ Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այս ծրագրի իրագործման մեկնարկին եւ Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, համաձայն օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ընդունված Հռչակագրի, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ ԱՄՆ նախագահը։

Հարկ եմ համարում նշել նաև, որ մենք հրապարակավ պատրաստակամություն ենք հայտնել նաև վերաբացել Գյումրի–Կարս երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչն էլ ավելի կամրացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031