Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Անկախության հռչակագիրը ՀՀ իշխանությունից պաշտպանելու խնդիր կա. Արամ Մանուկյան

Օգոստոս 22,2025 20:25

«Հարձակում սկսվեց Սահմանադրության վրա, Անկախության հռչակագրի վրա, Հռչակագիրը Սահմանադրությունից հանելու համար եւ այլն, իրենք մոտիվացրին, որ ծնվի այս գիրքը: Իհարկե ուրիշ մոտիվացիա էլ կար՝ 5 տարի առաջ հրատարակված գիրքը քիչ էր տիրաժով, այն շատ արագ սպառվեց, ես հիմնականում տվել եմ գրադարաններին, հասարակությանը չի հասել: Իսկ հասարակությունը պարտավոր է իմանալ անկախության դժվարագույն տարիների կարեւորագույն անցքերը…

Ինչ տառապանքների միջով անցանք,ինչ ռեֆորմներ արվեցին, բանակ ստեղծվեց, բայց հասարակությունը հաղորդակիցը չի այդ ամենին, եւ այդ առումով է այս գրքի հրատարակումը կարեւոր: Սա նաեւ տիրաժով ավելի շատ է, քան նախկինը»,- «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի 35-ամյակը» գրքի շնորհանդեսի օրը լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի ձեւակերպմամբ, Հայաստանի Անկախության հռչակագիրը ՀՀ իշխանությունից պաշտպանելու խնդիր կա. «Այս միջոցառումը միտված է դրան, որպեսզի փորձենք այնպես անել, որ խնդիրը չհասնի հանրաքվեի, որովհետեւ եթե հանկարծ հասավ հանրաքվեի, երկու դեպքում էլ շատ ողբերգական է լինելու Հայաստանի համար. մի դեպքում եթե ժողովուրդը տեսականորեն կողմ է քվեարկում հռչակագիրը հանելու տարբերակին, նշանակում է դու ինքդ քո նվաստացման քվեարկությունն ես անում:

Դա Ալիեւի պահանջն է, եւ Հայաստանը կամավոր հրաժարվում է իր ծննդականից, իր հիմնարար պետականաստեղծ փաստաթղթից: Մյուս կողմից էլ՝ եթե դու ընկրկում ես Ալիեւի եւ Էրդողանի պահանջների, սպառնալիքների առաջ, այդ դեպքում ընդհանրապես քո ինքնության, քո կամքի վրա բռնանում են, ստացվում է Ալիեւի եւ Էրդողանի պահանջն իրականացնում ես:

Ես իմ զեկույցում ներկայացնում եմ տարբեր երկրների փորձեր (դրանք 20-ից ավել են), որոնց հռչակագրերում, երբ պետություն է հիմնադրվել, իրենք իրենց ստորացնող կայսրությունների, գաղութարարների նկատմամբ ինչպիսի կոպիտ արտահայտություններով են հռչակագիր կազմել: Եվ ամենեւին այդ փաստաթղթերը փոփոխությունների չեն ենթարկվել: Այս ամենը մնացել է հռչակագրերում, բայց այդ երկրները փոխադարձ դաշնակցային հարաբերությունների մեջ են:

Այսինքն, ոչ թե հռչակագիրը խանգարում է մեր հարաբերություններին Ադրբեջանի հետ կամ առաջընթացին, 35 տարի ապրել ենք այդ հռչակագրով ոչ մեկը ոչինչ չի ասել, այլ սա ընդամենը պատրվակ է հերթական անգամ նվաստացնելու, խեղճացնելու, բարդույթների մեջ Հայաստանը գցելու համար: Եվ ՀՀ ներկայիս իշխանությունները գնում են այդ ճանապարհով… Մեր կոչը, մեր շարժումը, մեր նախաձեռնությունն ունի այն բովանդակությունն ու այն իմաստը, որ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, քաղաքական ուժերն ամեն ինչ պետք է անեն, որ խնդիրը չհասնի հանրաքվեի, որովհետեւ հանրաքվեի դեպքում երկու դեպքն էլ վատն են»:

Արամ Մանուկյանն ասաց, որ Անկախության Հռչակագիրը միակ պետությունաստեղծ փաստաթուղթն է, որն անցել է 100 տոկոսանոց հանդուրժողականության, համաձայնության, փոխզիջումների արդյունքում. «Այդ փաստաթղթին ոչ մի դեմ չի եղել: Լեւոն Տեր-Պետրոսյանի ողջախոհությունը հենց սրա մեջ էր. 20 օր քննարկվել է փաստաթուղթը, հետո բոլոր կողմերի առաջարկները շատ թե քիչ ընդունվել են, եւ դրա արդյունքում ստացվել է այնպիսի հանդուրժողականության փաստաթուղթ, որ ոչ մեկը դրանից հետո չքննադատեց: Բոլորս գիտակցում էինք, որ սա դարերի համար փաստաթուղթ է: Այն դարձավ եւ կմնա մեր երկրի անկախության, ինքնիշխանության երաշխիքը: Այնպես որ Անկախության հռչակագիրը պետք է պաշտպանել ներքին եւ արտաքին հարձակումներից, իսկ այսօր այդ վեկտորները համընկնում են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031