Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության Հռչակագիրը պետք է մնա մեր Սահմանադրության սրտում. Սուրեն Սուրենյանց

Օգոստոս 22,2025 20:55

«Այսօր մենք հավաքվել ենք շատ կարեւոր առիթով: Լույս է տեսել Արամ Մանուկյանի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի 35-ամյակին նվիրված փաստաթղթերի ժողովածուն:

Սա պարոն Մանուկյանի արդեն 6-րդ գիրքն է՝ նվիրված Հայոց պատմության նորագույն շրջանին, կամ որ նույնն է՝ 88-ի Համազգային շարժմանը, Երրորդ Հանրապետության տարբեր դրվագներին»,-ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը:

«Այսօր մենք արժեւորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի հոբելյանական տարեդարձը, մենք կանգնած ենք մեր պատմության ամենախորհրդանշական փաստաթղթերից մեկի՝ Անկախության հռչակագրի 35-ամյակի շեմին:

Սա պարզապես իրավական ակտ չէ: Սա մեր ժողովրդի կամքի, համազգային շարժման եւ ազատության ձգտման քաղաքական հաղթանակն է: 1988-ի շարժումը, որն իր շուրջ համախմբեց ամբողջ հայ ժողովրդին, իր քաղաքական մարմնավորումը ստացավ հենց այդ հռչակագրում: Այն դարձավ համազգային կոնսենսուսի արձանագրություն, դարձավ հիմք, որի վրա կառուցվեց մեր Երրորդ Հանրապետությունը; Հռչակագիրը մեզ հուշում է պարզ ճշմարտություն՝ Հայաստանի Անկախությունը ծնվել է ոչ թե դրսի ուժերի շնորհիվ, այլ մեր ժողովրդի միասնականության ու պայքարի արդյունքում: Հենց այդ փաստաթղթում են ամփոփված մեր պետականության հիմնասյուները՝ անկախություն, ինքնիշխանություն, ազատություն:

Սակայն, այսօր մենք ականատեսն ենք դառնում այդ հիմքերը խարխլելու փորձերին: Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի պահանջով պատրաստվում են հռչակագրին հղումը հեռացնել Սահմանադրության նախաբանից: Սա նշանակում է՝ պետականության խորհրդանիշը ջնջել մեր պետական իրավունքից: Դա վտանգավոր է ոչ միայն պատմական հիշողության, այլեւ ազգային անվտանգության համար:

Անկախության Հռչակագիրը պետք է մնա մեր Սահմանադրության սրտում, որովհետեւ այն մեր ժողովրդի քաղաքական ու պատմական, քաղաքակրթական ինքնության անբաժանելի մասն է, այն մեր ազատության մանիֆեստն է, եւ այնպիսի արժեք, որից հրաժարվելը նշանակում է հրաժարվել հենց Հայաստանի Հանրապետության գաղափարից կամ Երրորդ Հանրապետությունից: 35 տարի անց մեր պարտականությունն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլեւ մեր պետականության հիմնադիր փաստաթուղթը՝ մեր Անկախության մանդատը»,-ընդգծեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031