Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի նախագահը երեկվա ելույթով ապացուցում է՝ խաղաղության իրական մտադրություններ չունի և զինվում է՝ Հայաստանի դեմ պատերազմի պատրաստ լինելու համար». Արման Թաթոյան

Օգոստոս 22,2025 22:33

Ադրբեջանի նախագահը երեկվա ելույթով ապացուցում է՝ խաղաղության իրական մտադրություններ չունի և զինվում է՝ Հայաստանի դեմ պատերազմի պատրաստ լինելու համար:

Ստորև փաստեր են այն մասին, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է պետական հովանավորությամբ ռասիզմը հայերի («չարիք», «հիվանդ» և այլ վիրավորանքներով) նկատմամբ և Հայաստանը զավթելու ծրագրերը՝ հայտարարելով, որ մեծացնում է ռազմական հզորությունը, որպեսզի պատրաստ լինի Հայաստանի դեմ պատերազմի։

Զուգահեռ իրականությունում Հայաստանի իշխանությունները, հանուն քաղաքական իշխանության մնալու մոլուցքի, շարունակում են մեր հասարակության զգոնության հետևողական թմրեցումը. Կառավարության ներկայացուցիչը հայտարարում է, թե 2025թ. համեմատությամբ՝ Պաշտպանության նախարարությանն ուղղվող ծախսերը կնվազեն, ավելի, իշխանական պրոպագանդիստները, կեղծելով իրականությունը, քարոզ են անում, որ Ադրբեջանը հրաժարվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրից և այլն։

Ընդամենը մի քանի մեջբերում եմ անում Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթից՝ ապացուցելու համար, որ այս բառապաշարով խոսող իշխանությունը Հայաստանի նկատմամբ խաղաղասիրական նպատակներ չունի.

«Մեր երկիր են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Ներկայումս պայմանագրեր են կնքվել նոր մարտական ինքնաթիռների համար, իսկ առկա ինքնաթիռները լիովին արդիականացվել են։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի (…) Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը»։

«Մենք [խմբ.՝ նկատի ունի հայերին] նրանց հետ չենք արել այն, ինչ նրանք մեզ հետ են արել։ Սակայն նրանց արածը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից։ Այդ թվում՝ Քելբաջարի ժողովրդի դեմ կատարված ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունը, Խոջալուի ցեղասպանությունը, այլ շրջաններից մեր քաղաքացիների նկատմամբ թշնամանքը, թշնամանքը և դաժանությունը երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից և չպետք է ջնջվեն։ Ես սա ասում եմ և՛ որպես պատերազմում հաղթած երկրի Գերագույն գլխավոր հրամանատար, և՛ այսօր՝ որպես Հայաստանի հետ, պարտված Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասնակից։ (…) այդ արյունալի պատմությունը երբեք չպետք է ջնջվի մեր հիշողությունից, մենք երբեք չպետք է խաբվենք քաղցր խոսքերով, մենք պետք է զգոն լինենք։ (…) Այլ կերպ ասած, մենք պետք է իմանանք, թե ում դեմ ենք կանգնած, ով է մեր հարևանը։ Մենք երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը և զգոն լինենք։ Այսօր ես կրկին ասում եմ սա, մենք մեզ հայտարարում ենք որպես հաղթող ժողովուրդ։ Մենք չենք մոռանա այդ չարիքը, այդ բարբարոսությունը»։

Սրանք իմ ցանկությունները կամ գնահատականները չեն, փաստեր են, որոնց վերաբերյալ յուրաքանչյուրը կարող է անել եզրահանգում ինքն իրեն հարց տալով՝ արդյո՞ք այս փաստերն այնպիսի պետության մասին են, որի իշխանությունն ունի խաղաղության մտադրություններ։

 

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031