«Հայկական սահմանապահ ծառայության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր ավելի քան 11 հզր արցախահայեր լքել են Հայաստանը՝ մշտական բնակություն հաստատելով այլ երկրներում», – Հայագիտության եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի՝ NAASR-ի՝ «Ժողովրդագրություն, քաղաքականություն, վերաբնակեցում․ արցախցի փախստականները Հայաստանում» թեմայով առցանց կազմակերպված սեմինարի ժամանակ տվյալը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ստեփանյանի տվյալներով՝ Հայաստանից հեռացած արցախցիների մի զգալի մաս հաստատվել է Ռուսաստանում։ Բացի ՌԴ-ում բարեկամների առկայությունից եւ ռուսերենի իմացությունից, ՌԴ քաղաքներում, օրինակ՝ Կրասնոդարում եւ Պյատիգորսկում, հաստատվելուն մղել է նաեւ բնակարանների վարձակալության ավելի մատչելի գները։ Դրանք 50%-ով ավելի մատչելի են, քան մեր երկրում։ Աշխատանքային հնարավորությունները Դաշնությունում ավելի ընդարձակ են։
300 արցախցի մշտական բնակություն է հաստատել Հունգարիայում։ Հունգարական կառավարությունը սահմանել է աջակցության ծրագիր, որը արցախցիներին օրինական բնակություն հաստատելու հնարավորություն եւ բնակության առաջին տարում լայն օժանդակություն է ընձեռում։
Աջակցության չափերը չեն համապատասխանում իրական գներին
Կարդացեք նաև
Իր խոսքում Ստեփանյանը ընդգծեց բնակարանների վարձակալության համար արցախցիներին տրամադրվող 50 հազարական դրամի տրամադրման կառավարական ծրագրի չեղարկման բացասական ազդեցությունը։ Ստեփանյանի խոսքով՝ այն ավելի խոցելի է դարձնում փախստականների վիճակը։
Կարճաժամկետ աջակցության ծրագրին փոխարինած բնակարանների գնման պետական աջակցության ծրագիրը, փոխանցում է Ստեփանյանը, ամբողջովին չի բավարարում Արցախից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները։
Ծրագիրը արցախցիի ընտանիքներին ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 3-5 մլն դրամ է հատկացնում բնակարանի գնման համար։
«Աջակցության չափի եւ Հայաստանում գոյություն ունեցող անշարժ գույքի գները չեն համապատասխանում միմյանց։ Ծրագիրը փախստականներին չի խրախուսում՝ բնակվել նույն համայնքի բնակիչների հետ, որով կպահպանվեին համայնքային կապերը եւ արցախյան ինքնությունը։ Բացի դա, ծրագրից օգտվելու համար փախստականները պետք է հայկական քաղաքացիություն ընդունեն, բայց շատ արցախցի փախստականներ մտահոգություն ունեն, որ դա կխաթարի վերադարձի իրենց իրավունքը եւ Արցախում մասնավոր սեփականության հետ կապված իրենց գանգատները», – շեշտեց Գեղամ Ստեփանյանը՝ անհրաժեշտ համարելով հավելել, որ ՀՀ քաղաքացիության ընդունումը չի կարող Արցախ վերադարձի արգելք հանդիսանալ։
Աշխատանքով ապահովված են ընդամենը 20 հզր փախստականներ
Մեկ այլ տվյալ, որը հայտնեց Ստեփանյանը, վերաբերում էր արցախցիների աշխատանքային խնդիրներին։ Տեղահանված անձանցից գրանցված աշխատանքով ապահովված են միայն 20 հզր փախստականներ։ Ի տարբերություն բնակարանային հարցերի՝ աշխատանքային հարցերի համար պետական որեւէ ծրագիր չի ստեղծվել, ինչը բարդացնում է արցախցի մի շարք մասնագետների աշխատանքի փնտրտուքները։
Ատելության խոսք եւ մեղադրանքներ
Հայաստանի կառավարության հետ սոցիալական հարցերի քննարկման առնչությամբ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ «Կառավարության մոտ առկա չէ անկեղծ միտում՝ քաղաքականության մշակման գործերում տեղահանված անձանց ներգրավման հետ կապված»։
Պաշտպան Ստեփանյանը չշրջանցեց նաեւ Հայաստանում հաճախ հնչող ատելության խոսքը արցախահայության հանդեպ։
«Դժբախտաբար, տեղահանված արցախահայերը երբեմն ենթարկվում են ատելության խոսքի, անգամ պաշտոնյաների եւ իշխող կուսակցության պատգամավորների կողմից։ Մեզ մեղադրում են չկռվելու, փախչելու կամ վերադարձի մասին խոսելով՝ Հայաստանի համար սպառնալիքներ ստեղծելու համար», – փաստեց Ստեփանյանը, շարունակեց՝ «Պետությունը չպետք է գեներացնի նման հռետորաբանություն։ Այն պետք է հակազդի դրան»։
Հոգեբանների անհրաժեշտություն դպրոցներում
Թեեւ կրթական համակարգում արցախահայ աշակերտների ինտեգրումը բավականին սահուն է ընթացել, ոչ բոլոր դպրոցներում են գործում հոգեբաններ, որոնք շատ դեպքերում անհրաժեշտ են փախստական երեխաներին։ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այս եւ կրթական համակարգում հանդիպող այլ խնդիրներ հատուկ չեն միայն փախստականներին։
Երեւանակենտրոն բնակեցում
ԼՂ օմբուդսմենը տեղեկացրեց նաեւ՝ Հայաստանում ապաստանած արցախցիների 60%-ը բնակություն է հաստատել Երեւանում, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում։
Ըստ Ստեփանյանի՝ սա բացատրվում է նրանով, որ Երեւանին մերձակա շրջաններում առկա են ավելի լայն աշխատանքային հնարավորություններ։ Բացի դա, Արցախի բնակչության գրեթե կեսը՝ 50.000 մարդ, Արցախում վարել է քաղաքային կենսակերպ, ուստիեւ քաղաքային կյանքն ավելի հոգեհարազատ է նրանց համար։
Կա նաեւ հոգեբանական պատճառ՝ սահմանային, այսինքն՝ հնարավոր պատերազմական գոտիներից հեռու գտնվելը։
Իսկ Սյունիքում հաստատված շատ արցախցիներ այնտեղ են, որպեսզի ֆիզիկապես մոտ գտնվեն իրենց հայրենի Արցախին։
Գեղամ Ստեփանյանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ