«Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը» գրքի շնորհանդեսի ավարտին հեղինակ Արամ Մանուկյանը պատասխանեց Aravot.am-ի հարցերին:
-Անկախության Հռչակագրի տեքստը 1990 թվականին ՀՀ Գորագույն Խորհրդի նիստերի դահլիճում դուք ընթերցեցիք: Այն տարիների անկախության ձեր զգացողությունը եւ այսօրվա զգացողությունները ինչո՞վ են տարբերվում:
-Այն ժամանակ՝ ոգեւորություն, հպարտություն, հիմա՝ պարտություն, մտահոգություն, տագնապ, որ կարող է այս իշխանությունը մեր ամբողջ արածը ոչնչացնի, ինչն անում է տարիներ շարունակ: Ինքնությանդ է խփում, պետականության հիմքերին է խփում, պետականությանն է խփում, տարածքներ է կորցնում, մարդկանց հոգեբանական վիճակն է հասցնում մինչեւ սթրեսների: Ի՞նչ համեմատելու բան կա: Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ մենք կարող ենք 35 տարի հետո հայտնվել այսպիսի կորուստների ճանապարհին, երբ որ ամենածանր տարիներին վերելք էինք ապրում:
-Հոգեբանորեն ի՞նչ վիճակում եք դուք հիմա:
Կարդացեք նաև
-Մտահոգ, որովհետեւ մեր ձեռքբերումները կամաց ձեռքից գնում են: Այս իշխանությունները միայն պետության, պետականության դեմ են գործում:
-Հայաստանի ինչպիսի՞ ապագա եք դուք կանխատեսում:
-Եթե Նիկոլը մնա՝ վատ: Իսկ եթե Նիկոլը հեռացվի եւ կազմավորված, կազմակերպված ռացիոնալ ուժերի կողմից դա արվի, դեռեւս հույս կա ապագայի:
-Քաղաքական ուժերին ի՞նչն է խանգարում միավորվել:
-Միավորումը դժվար գործ է: Տարբեր քաղաքական ուժեր միավորվեն նույն գիտակցության, նույն առանցքի շուրջ, համախմբվեն, նոր միավորումը կկայանա: Բայց կարծում եմ՝ կկայանա:
-Նույն գիտակցությունը ո՞րն է: Նիկոլ Փաշինյանին հեռացնելո՞ւ գիտակցությունը:
-Ոչ: Նիկոլին հեռացնելը նպատակ, խնդիր չէ: Ունենալ ծրագիր՝ Նիկոլին հեռացնելուց հետո երկիրը բերելու նորմալ, կանխատեսելի վիճակի: Դա է խնդիրը: Ծրագիր, որը նոր ուժերը կարող են իրականացնել:
-Դուք ձեզ նոր ուժ համարո՞ւմ եք:
-Հայ Ազգային Կոնգրեսը ակտիվ մասնակցում է նոր այլընտրանք ձեւավորելու գործընթացին:
Արամ Մանուկյանը իր կազմած «Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը» գրքի բովանդակությունը ներկայացնելիս հիշեցրեց, որ Հայ Առաքելական եկեղեցին Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ կանգնած է եղել անկախության ակունքներում:
«Միակ դեպքն է մեր հազարամյա եկեղեցու պատմության մեջ, որ հետագայում Վազգեն Առաջինը Անկախության Մյուռոն եփեց, որը տարածվեց ամբողջ աշխարհում: Նայեք նրա ողջույնները, ելույթները այդ օրերին: Այդպիսին են լինում պետություն-հոգեւոր դաս, պետություն-եկեղեցի հարաբերությունները եւ ոչ թե այս ծանակի քաղաքականությունը, որ իշխանությունը կարողանում է իրականացնել:
Ես շատ եմ գնահատում, մեր ամբողջ մտավորականությունը կանգնեց Անկախության կողքին: Եվ եթե չլիներ այդ ամբողջ եռամիասնությունը՝ հոգեւորականություն-մտավորականություն-քաղաքական դաս, որը մենք էինք ներկայացնում, այս արդյունքը չէր ստացվի:
Կարդամ մի քանի անուն եւ տեսեք, թե ովքեր են եղել մեր Անկախության կողքը կանգնած. Վազգեն Առաջին, Հրանտ Մաթեւոսյան, Աղասի Այվազյան, Գոհար Գասպարյան, Օհան Դուրյան, Տաթեւիկ Սազանդարյան, Հովհաննես Չեքիջյան, Ղազարոս Սարյան, Մարո Մարգարյան, Էդվարդ Միրզոյան, Համո Սահյան, Վարագ Առաքելյան, Հակոբ Հակոբյան, Տիգրան Մանսուրյան, Խորեն Աբրահամյան, Վիկտոր Համբարձումյան:
Իսկ Համո Սահյանի այս տողերը ինձ համար հրաշք են. «Էն ո՞ր ոչ ու փուչը վեր կկենա եւ ոչ կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռան թոռների մարդավայել կյանքին»: Այս ոգին էր տիրում»,-ասաց Արամ Մանուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ