Մեղադրյալի ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության մայոր Դավիթ Դավթյանն իրեն ամրակցված պղպեղային օդամղիչը գործադրելով` փչել է Հովհ. Խանաղյանի դեմքին:
Վերջինիս նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել էր բացակայելու արգելք, եւ մեկ տարի առաջ բավարարել հատուկ վարույթ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
2024թ. հուլիսի 2-ին հրապարակվեց կաթնառատցի Խանադյանի դատավճիռը:
2023 թ. հունիսի 25-ին Լոռու մարզի դատախազության դատախազ Ս.Սերոբյանի որոշմամբ Հովհ. Խանաղյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ նա պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ գործադրել է բռնություն:
Կարդացեք նաև
Հովհ. Խանաղյանը, 2023 թ. հունիսի 23-ին, վարորդական իրավունքի վկայական չունեցող որդուն՝ Էդգարին է հանձնել իր ավտոմեքենան: Էդգարը հատելով Երեւանյան փողոցի տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող հոծ գիծը, ավտոմեքենան կայանել է իր երթեւեկության ուղղության ձախ կողմում գտնվող շինանյութի խանութի դիմացի հատվածում՝ թույլ տալով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում։ Դա նկատվել է այդտեղ ծառայություն իրականացնող, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության մայոր Դ. Դավթյանի եւ ոստիկանության ավագ սերժանտի կողմից, որոնք մոտենալով ավտոմեքենայից իջած վարորդ Էդգար Խանաղյանին, ներկայացել եւ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու նպատակով պահանջել են ներկայացնել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրն ու վարորդական իրավունքի վկայականը:
Հովհաննեսը հայտարարել է, որ չի պատրաստվում ներկայացնել, քայլել է խանութի մուտքի դռան ուղղությամբ՝ որդուն հորդորելով հետեւել իրեն, ըստ գորրծի նյութերի` բռնություն է գործադրել Դավթյանի նկատմամբ՝ հրել, բռնել է համազգեստից, քաշքշել եւ ձախ ձեռքով հարվածներ հասցրել նրան: Էդգարը դատարանում հայտնել է, որ այդ ժամանակ պարեկային ծառայության աշխատակիցներին ասել է, որ եթե տանում են ոստիկանության համապատսխան բաժին, պատրաստ են իրենց հետ գնալ, սակայն այդ պահին պարեկային ծառայության աշխատակիցն իր վրա փչել է գազային պղպեղը, ինչից հետո ինքը չի նկատել, թե ինչ է կատարվել: Դատարանը Հովհաննեսի նկատմամբ 1 տարի 11 ամիս 27 օր ժամկետով պատիժ է վճռել, որը պայմանական չի կիրառվի, երկու տարի փորձաշրջանի կիրառման համատեքստում: Վերաքննիչը Լոռու մարզի դատախազության դատախազ Սարգիս Պապոյանի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ օգոստոսի 18-ին Վճռաբեկ դատարանի քրեական պալատը փոփոխել է առաջին ատյանի դատավճիռը, վերացրել պայմանական չկիառելու մասին դատավճիռը, վերջնական թողել, որպեսզի Հովհաննեսը կրի անազատության համար սահմանված իր պատիժը: Պատժի կրման սկիզբը հաշվել են Հովհաննես Խանաղյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.08.2025