Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալի հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու հարցով՝ նախադեպային որոշում

Օգոստոս 23,2025 13:30

Վճռաբեկ դատարանը ծանր հիվանդությամբ տառապող դատապարտյալին ազատել է պատժի հետագա կրումից, բավարարել է փաստաբանների միջնորդությունը, դատապատյալը պատժաչափից` մնացած 1 տարի 11 ամիս 8 օրն այլեւս չի կրի քրեակատարողական հիմնարկում: Այս գործը հայելին է այսօրվա քրեակատարողական հիմնարկներում` հիվանդ դատապարտյալների նկատմամբ կատարվող, իրականացվող քաղաքականության եւ գործելակերպի:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել Սերգեյ Գրիգորյանի գործով, օգոստոսի 20-ին հրապարակված որոշմամբ փաստել, որ դատապարտյալին հիվանդության հետեւանքով պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ որոշում կայացնելը բխում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների կամ անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի շրջանակում պետության պոզիտիվ պարտականությունների մասին ՄԻԵԴ ձեւավորած դիրքորոշումներից, համաձայն որոնց՝ թեեւ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես առողջական վիճակի հիմքով կալանավորված անձանց ազատ արձակելու ընդհանուր պարտավորություն առաջացնող դրույթ, այնուամենայնիվ, այն պետության համար առաջացնում է ազատությունից զրկված անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ այդ թվում անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանելու պարտականություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պատժի կատարման փուլում դատապարտյալին ծանր հիվանդության հետեւանքով պատժից ազատելու կարգի նկատմամբ կիրառելի են ՀՀ քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու վերաբերյալ իրավակարգավորումները։

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական ակտի կատարման փուլում ծագած՝ դատապարտյալի հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու հարցի քննարկումը դուրս է քրեական վարույթի, ուստի եւ քրեական դատավարության կարգավորման առարկայի շրջանակից:

Գրիգորյանը մարզի դատարանի որոշմամբ դատապարտվել էր 13 տարի ժամկետով անազատության: Համաներման օրենքի հիման վրա նրա պատժաչափը կրճատվում է ինն ամսով: ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը միջնորդագիր է ուղարկում դատարան, որը բավարարվում է: Դատապարտյալն անհամատեղելի հիվանդությամբ էր տառապում, դատարանը որոշում է ազատել նրան պատժի` 4 տարի 2 ամիս 8 օրվա հետագա կրումից: Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, բեկանում է մարզի դատարանի որոշումը, մերժում քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը: Վճռաբեկ դատարանը մերժում է փաստաբանների բողոքը` վարույթ ընդունել: Իսկ Գրիգորյանին տեղափոխում են այլ քրեակատարողական հիմնարկ` «Վարդաշեն», պատիժը կրելու…

Փաստաբանները դիմում են Երեւան քաղաքի քրեական դատարան, լրացուցիչ դատաբժշկական փորձաքնննություն անցկացնելու միջնորդությամբ, կատարումը հանձնարարվում է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական կենտրոնի փորձագետներին: Նախկինում այն հանձնարարվել էր ՀՀ արդարադատության նախարարության բժշկական փորձաքննությունների միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձագետներին:

Դարձյալ մերժվում է ծանր հիվանդության հիմքով դատապարտյալին ազատելը:

Նկատենք, որ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելով փաստաբանների բողոքը, արձանագրել էր, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու կարգն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, իսկ պատժի կատարման փուլում դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հարցը որեւէ նորմատիվ իրավական ակտով կարգավորված չէ, ըստ այդմ՝ քրեադատավարական հիշյալ կանոնը պատժի կատարման փուլում կիրառման ենթակա չէ։

Այս գործով պարզվեց մի բան էլ. Քրեակատարողական բժշկության կենտրոնը մի անգամ եզրակացություն տալուց հետո հրաժարվել էր նորից տալ, ինչը ըստ Վճռաբեկ դատարանի, ոչ օրենքով, ոչ որեւէ այլ ենթաօրենսդրական ակտով նախատեսված չէ, ինչը փակուղի է առաջացնում: Նշեմ, որ դատապարտյալի հիվանդությունն այն հիվանդություններից էր, որի բուժումը հնարավոր չէր իրականացնել քրեակատարողական բժշկության կենտրոնում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031