Առաջին նախագահին ուղղված հանդարտության կոչը, փախուստի մեղադրանքը, որը Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց իր ֆեյսբուքյան էջի միջոցով, հերթական ալեկոծումն առաջացրին համացանցի հայկական տիրույթում: Մարդը, որը երկար ժամանակ փախած էր «Երկրի հակառակ կողմը», Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ կերտած գործչին մեղադրում է փախչելու մեջ։ «1996-ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998-ին Դուք փախաք իշխանությունից, 2008-ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եվ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը»,- գրում է Փաշինյանը: Գուցե սա պատասխան էր Տեր-Պետրոսյանի վերջին վերլուծությա՞նը, որում վերջինս Նիկոլին որակում է որպես պառակտող, երկիրն ապակայունացման տանող, ձախորդ ու արկածախնդիր ղեկավարի: Հարցերին պատասխանել է ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը:
– Նման որակումներով ի՞նչ է ուզում ասել կամ անել Փաշինյանը:
– Իր ֆեյքաբանակի օգնությամբ նա հիմա պայքար է սկսելու այն ամենի դեմ, ինչը կապված է հաղթանակների հետ: Նա, որպես պարտված, կապիտուլացված ղեկավար, մի շարք պարտադրանքների ներքո է եւ ստիպված է պայքարել մեր հաղթանակի ստվերների դեմ: Նա մեր հաղթանակը կարողացավ մսխել մինչեւ վերջ, այնպես, որ մեր հաղթանակից մնաց միայն պատմություն դասագրքերի համար եւ հիշողություններ մեր սերնդի մոտ, եւ այդ ամենն իր թշնամանքն է առաջացնում, նա պետք է ոչնչացնի այդ ամենը: Գաղափարաբանությունը սա է: Ես համարում եմ, որ տակտիկական առումով նա… չեմ ուզում «ռազմավարություն» բառն օգտագործել, որովհետեւ ստրատեգիան եւ Նիկոլ Փաշինյանը զուգահեռ գծեր են, որեւէ կետում չհատվող, բայց տակտիկական առումով նա մտածում է սահմանադրական հանրաքվեից եւ ընտրություններից առաջ իր բոլոր հակառակորդներին ոչնչացնելու, թուլացնելու, մաս-մաս անելու մասին: Սա է նրա մոտիվացիան, գաղափարաբանությունն ու տակտիկան: Ես վստահ էի, որ ինչ-որ պահի նա սկսելու է Տեր-Պետրոսյանի ու Տեր-Պետրոսյանի թիմակիցների դեմ քարոզարշավ տանել, որովհետեւ դա նրա ամենախոցելի տեղն է:
– Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցն էր համարվում, եւ հիմա նա գրում է հենց այդ տարիների մասին՝ 96, 98, 2008 թվականների փախուստների մասին: Եղե՞լ է, որ նա այն ժամանակ, այդ նույն թվերին այսօրվա գրառման նման քննադատություն հնչեցնի ձեր ներքին զրույցներում, քննարկումներում:
Կարդացեք նաև
– Ես կարող եմ իմ ողջ ունեցվածքի վրա գրազ գալ, որ ավելի անսկզբունքային մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է, երբեւիցե քաղաքական, պետական գործիչների մեջ չի եղել: Եվ ես միանշանակ կհաղթեմ այդ գրազը, որովհետեւ ավելի անսկզբունքային մարդ դուք չեք կարող գտնել: Այնպես չէ, որ այն ժամանակ նա վախից կարկամել էր, ձայն չէր հանում: Մանավանդ որ՝ եթե փախչող եղել է, դա ինքն է եղել: Եվ փախչող մարդն ի՞նչ է իմանում՝ ուրիշները փախե՞լ են, թե՞ չէ:
… 2008 թվականին ճողոպրած, փախած, հեքիաթներ հորինած, իբր թե ճանապարհորդությամբ, իր փախուստով հպարտացող մարդն այսօր մեղադրում է առաջին նախագահին, որը կանգնած է եղել Ազատության հրապարակում ու միայն ուժի գործադրմամբ է դուրս բերվել վերջինը Ազատության հրապարակից: Անընդհատ գտնվել է երեք շղթայով պաշարված տան մեջ, անընդհատ հսկողության տակ եւ առաջին հնարավորության դեպքում հայտարարել է, որ անհնազանդության շարժումը Հայաստանում շարունակվելու է, մինչեւ ռեժիմի կործանումը, ինչը եւ իրականացրել է իր քաղաքական համախոհների հետ: Ընդ որում, այդ համախոհների մեջ եղել են մարդիկ, ովքեր 10 տարվա մեջ 10 անգամ դիրքորոշում եւ դեմք են փոխել, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ՝ ուզում է շորերը ճղի, ուզում է կծոտի կամ գլուխը պատերով տա, միեւնույն է, մեր պատմությունն արձանագրել է, ու սերունդներն էլ այդպես են իմանալու․ Տեր-Պետրոսյան՝ հաղթանակած նախագահ, Նիկոլ Փաշինյան՝ պարտված, հայրենիք կորցրած, հայրենիքը խայտառակած ղեկավար:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում