«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հրապարակ»-ին ասում է. «Ակնհայտ է, որ ստացված համաձայնագրերը չեն տվել ցանկալի արդյունքը, եւ ՔՊ-ին հարկավոր է ամիսների քարոզչական արշավ՝ մեր ժողովրդին մի կողմից խաղաղության թեզով խաբելու, մյուս կողմից՝ պատերազմով վախեցնելու համար: Մարդիկ պարզ հարցեր են տալիս, որոնց պատասխանները պարզապես չկան: Ինչպե՞ս է «խաղաղության դարաշրջան» բացվում, երբ մենք ունենք գերիներ Բաքվում, երբ ադրբեջանական զորքերը մեր տարածքում են, երբ Ադրբեջանը պահանջում է փոխել մեր Սահմանադրությունը: Այս պարզ հարցերին պատասխաններ չկան, դրա փոխարեն բոլոր հարց տվողները պիտակավորվում են որպես պատերազմատենչներ: Բայց միեւնույն է՝ մարդիկ չեն դադարում այս հարցերը տալ, ու ՔՊ-ին ժամանակ է պետք՝ մարդկանց խաբելու եւ վախերը խորացնելու համար»:
Ի՞նչ է հակադրելու սրան խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը: Վարդանյանն ասում է՝ դա պետք է լինի հայկական օրակարգը: «Փաշինյանը խաղաղություն չի առաջարկում, Փաշինյանն առաջարկում է ինքնասպանություն: Եթե մեր պետությունը չպետք է ունենա հայկական օրակարգ, չպետք է սպասարկի հայկական շահերը, չպետք է ունենա ռազմավարական նշանակության որեւէ ռեսուրս, պետք է ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանից ու Թուրքիայից, ո՞ւմ է պետք այդ պետությունը, ո՞վ պետք է ապրի այդ պետության մեջ: Մեզ պետք է հայկական պետություն, Փաշինյանի առաջարկը դրա հակառակն է, որքան էլ այդ առաջարկում օգտագործվի «խաղաղություն» բառը: Փաշինյանի առաջարկն այն «խաղաղությունն է», որ այսօր կա Արցախում: Ընդդիմության առաջարկը ճիշտ դրա հակառակն է՝ պաշտպանված պետություն, որն ունի դաշնակիցներ, որը բանակցում է իր շահերի շրջանակներում, որի գլխավոր բանակցողը պարտության հետ չի ասոցացվում եւ ծաղրի առարկա չէ»:
«Պատիվ ունեմ»-ը շարունակում է մինչեւ ընտրությունները Փաշինյանին հեռացնելու գործընթացը
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է Փաշինյանին հեռացնել մինչեւ ընտրությունները: Մենք ոչ միայն հայտարարել ենք, այլեւ ակտիվ գործողություններ ենք իրականացրել այդ ուղղությամբ, այն է՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, եւ ակնկալում ենք, որ մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես լծվեն այդ գործին, բայց, ցավոք սրտի, այս պահին դեռեւս դա չենք տեսնում։ Ինչ վերաբերում է ՔՊ-ի որոշմանը՝ հերթական, թե արտահերթ, ես վաղուց արդեն հրաժարվել եմ Փաշինյանի որոշումները հանրային դաշտում վերլուծելու մտայնությունից, բայց, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ շատ ու շատ քաղաքացիներ գիտակցում են, որ իրենց փորձում են խաբել օգոստոսի 8-ի թղթերով՝ նախաստորագրումը ներկայացնելով որպես երաշխավորված խաղաղություն, ինչը հեռու է դրանից»,- իրավիճակին «Պատիվ ունեմ»-ի մոտեցումներն այսպես է ներկայացնում խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Կարդացեք նաև
Խաղաղություն, թե պատերազմ բանավեճը զրուցակիցը կեղծ է համարում ու շեշտում է՝ Փաշինյանի նպատակն էլ հենց դա է, իսկ ընդդիմության խնդիրը հասարակությանը բացատրելն է՝ Փաշինյանի քայլերը մեզ ոչ մի կաթիլ չեն մոտեցնում խաղաղությանը: «Փաշինյանը երկու ընտրության պատրանք է փորձում ստեղծել, ինչն իրականության հետ ոչ մի կապ չունի, եւ ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ նշված են կետեր, որոնք բխում են Հայաստանի կենսական շահերից, որոնց հասնելն իրատեսական է, հնարավոր է բանակցային ճանապարհով, եթե Հայաստանի անունից հիմնական բանակցողը որպես իր շահ դիտարկի երկրի անվտանգային առաջնահերթությունները եւ ոչ թե ներքաղաքական մանիպուլյացիայի հումք ստանալը, սեփական իշխանության պահպանումն ու վերարտադրությունը»,- եզրափակում է խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարը:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում