Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի օրը ՀՀ ԱԺ շենքի առջեւ նշելու եւ օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 21-ը ներառյալ ամեն օր հավաք անցկացնելու արտոնություն է ստացել: Նա հանրությանն ուղղած իր ուղերձում նշել էր, որ իր այս նախաձեռնությունը քաղաքացիական է, ինքը որեւէ քաղաքական ուժ չի ներկայացնում, իր նպատակադրումը որեւէ քաղաքական կուսակցության եւ քաղաքական գործչի հետ համաձայնեցված չէ:
Լրատվամիջոցների հետ զրույցում Էդգար Ղազարյանը ասաց. «Ցավ է, իհարկե, որ պետական մակարդակով եւ քաղաքական այլ կուսակցությունների, կազմակերպությունների կողմից չեն կազմակերպվել այսօրվա խորհրդին բնորոշ հանդիսավոր, քաղաքական բնույթի միջոցառումներ, հատկապես հիմա, երբ վտանգված է Անկախության հռչակագրի գոյությունը եւ դրանով պայմանավորված՝ մեր պետության գոյությունը:
Ես որպես առանձին քաղաքացի, նաեւ ժառանգը այն պատգամավորներից մեկի՝ Ֆերդինանդ Ղազարյանի, որը եղել է առաջին գումարման ԳԽ պատգամավոր եւ մասնակցել է Հռչակագրի ընդունմանը, քաղաքացիական եւ որդիական պարտավորություն ունեմ իմ ծնողի, իմ նախնիների, իմ զավակի, հետագա սերունդների առջեւ՝ սրբությամբ պահպանել Հայաստանի Հանրապետությունը եւ այն փոխանցել մեր հետագա սերունդներին: Եվ ոչ մի թշնամի, թշնամական ուժ, հանցագործ չեն կարող վտանգել մեր պետականությունը, ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը: Մենք որպես քաղաքացիներ հատիկ-հատիկ, անհատ առ անհատ կանգնելու ենք մեր պետականությունը պահելու սուրբ գործին»:
Քաղաքական գործիչն անդրադարձով նաեւ Նիկոլ Փաշինյանի ուղերձում տեղ գտած սխալներն՝ նշելով. «1990 թվականը 1991 դառնալը միայն տգիտության հետեւանք չէ, դա կրթությունը նորաձեւ դառնալու շրջանակներում չէր, որ ինքը մեկ ժամում կրթվեց եւ իմացավ, որ 1991-ի փոխարեն 1990 թվականին է ընդունվել Անկախության հռչակագիրը: Դա հատուկ է արվում: Նա նսեմացնում է Անկախության հռչակագրի նշանակությունը, գաղափարը: Եվ իր ամբողջ արածը դրա մասին է, որ այդ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտներ ստեղծող փաստաթուղթ էր այն դեպքում, երբ Հռչակագիրը 12-րդ կետով ասում է. պետական մարմինների գործունեությունը պետք է համապատասխանի Անկախության հռչակագրի դրույթներին: Իսկ ինքը ընդամենը պետական իշխանության մարմին է: Որպես պաշտոնյա, վարչապետ պաշտոնը ստանձնելուց երդում է տվել, որ կկատարի ժողովրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունները՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները:
Կարդացեք նաև
Ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունները նախընտրական խոստումներն են, որոնցում ոչ մի տեղ գրված չէ, որ ինքը պիտի Անկախության հռչակագիր չեղարկի, նոր Սահմանադրություն ընդունի, ԵԱՀԿ Մինսկի խումբ լուծարի: Այնտեղ այս ամեն ինչի հակառակն է գրված: Այսինքն, ինքը ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունները չի կատարում, դրա հետ միասին համարձակվում է խախտել ՀՀ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը եւ օրենքները:
Ինքն ընդամենը հանրային ծառայող է, վարչապետ, որը պարտականություններ ունի կատարելու: Իսկ իր պարտականությունը կառավարության ծրագիրը կյանքի կոչելն է: Եթե չի կարողանում, ադրբեջաներեն ուրիշ ձեւով են ասում, հայերեն՝ ուրիշ ձեւով, պիտի հեռանա: Ես մարդկանց, ձեզ՝ լրատվամիջոցներիդ, ԱԺ մուտքի մոտ հրավիրել եմ, որովհետեւ Հռչակագիրն ընդունած օրենսդիր մարմինը հիմա Ազգային Ժողովն է, ԱԺ-ն միակ մարմինն է, որ ընտրված է ժողովրդի կողմից եւ ինքն է որոշում, թե ով պիտի լինի վարչապետ:
Դրա համար մենք գնալու ուրիշ տեղ այլեւս չունենք, քան հավաքվենք ԱԺ-ի մոտ եւ մեր պատգամավորներից պահանջենք, որպեսզի իրենք կատարեն իրենց պարտականությունները: Մենք ուրիշ ոչ մի պահանջ պատգամավորներից չունենք: Խոստո՞ւմ են տվել, որ ծրագիրը պետք է կատարվի, իրենք որպես պաշտոնյա պարտավոր են վերահսկել այդ ծրագրի կատարումը եւ իրավունք ունեն վարչապետին անվստահություն հայտնելու»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ