Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը միայն Նիկոլ Փաշինյանի կամ իր փոքրիկ խմբակի հարցը չէ, որ ինչպես ուզեն, այդպես էլ վարվեն»․ Արեգա Հովսեփյան

Օգոստոս 23,2025 17:29

«Որեւէ իշխանություն իրավունք ու լիազորություն չունի՝ Արցախի հարցը բացելու կամ փակելու։ Արցախի հարցը համահայկական է, Արցախի հարցը բոլորինս է, դա միայն Նիկոլ Փաշինյանի կամ իր փոքրիկ խմբակի հարցը չէ, որ ինչպես ուզեն, այդպես էլ վարվեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արցախցի հասարակական գործիչ Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով Արցախի հարցի ու արցախցիների վերադարձի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Արեգա Հովսեփյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով փորձում է ցույց տալ, թե իբր «Արցախ բեռ էր», հիմա Արցախից ազատվում են այդ նպատակով։ «Իսկ իրականում Արցախի հարցն ավելի է բարդանում, այսինքն՝ հարցի կարգավորումն ավելի է բարդանում։ Ինչքան իշխանությունները կեղծում են խաղաղություն ասվածը, այնքան իրական խաղաղությանը հասնելն ավելի է դժվարանում։ Ինչքան կեղծում են հաշտությունը, այնքան հաշտության գնալն ավելի է դժվարանում։ Այնպես որ, օրեցօր իրավիճակն Արցախի հարցի կարգավորման համար ավելի է բարդանում։ Այն, որ Արցախի հարցը կարգավորված չէ, փաստում է այն, որ հենց այսօր մենք խոսում ենք Արցախի հարցի մասին, փաստում է այն, որ բազմաթիվ միջազգային դերակատարներ՝ սկսած տարբեր պետությունների պառլամենտներից, խոսում են արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքների մասին։ Այսինքն՝ միջազգային հանրությունն ավելի հայանպաստ հայտարարությունն է անում, քան այսօր Հայաստանում իշխանության գտնվող մարդիկ»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Հայաստանի եւ  Ադրբեջանի դիմումին՝ Արեգա Հովսեփյանն ասաց, որ սա դիվանագիտական մեծ ֆիասկո է։ Մինսկի խումբը միջազգային այն եզակի ձեւաչափերից էր, որտեղ երեք կարեւորագույն աշխարհաքաղաքական բեւեռները կարողանում էին մեկ հարթակում քննարկել ու լուծումներ առաջարկել Արցախի հարցի կարգավորման համար։ Դա այն հարթակն էր, որտեղ հայկական դիվանագիտությունը կարող էր անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո տարբեր հնարքների դիմել եւ տարբեր ուղիներ փնտրել Արցախի հարցի ու արցախցիների հարցի կարգավորման համար։ Բայց այսօրվա իշխանություններն ընտրեցին այլ ուղի։ Դա ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական ֆիասկո, ասում է նա։

«Արցախի հարցը չի փակվում, բայց այստեղ մի նախապայման կա՝ արցախցիները՝ համայն հայության աջակցությամբ, պետք է լինեն միասնական ու իրենց կամքը, ցանկություններն ու իրավունքները պաշտպանելու հարցում չլռեն։ Քանի դեռ արցախցիները կան, արցախցիները Հայաստանում են, արցախցիները միանական են, Արցախի հարցը չի կարող փակվել։ Այս մարդիկ իրավունք ունեն խոսել իրենց հայրենիք վերադարձի մասին, իհարկե, համայն հայության աջակցությամբ»,- ասաց Արգեա Հովսեփյանը։

Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի այն դրույթին, համաձայն որի՝ «Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը կողմերի միջեւ գոյություն ունեցած խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ եւ որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում», Արեգա Հովսեփյանն ասաց, որ հայցերը հետ վերցնելը Հայաստանի իշխանությունների մենաշնորհը չէ, քանի որ ՀՀ իշխանությունները որոշակի պարտավորություններ են ստանձնել՝ միանալով բազմաթիվ միջազգային պայմանագրերի։

«Այսինքն՝ այս բնագավառում Հայաստանի իշխանությունները խախտում են իրենց պայմանավորվածությունները եւ միջազգային այն պայմանագրերը, որոնց տակ նրանք ստորագրել են։ Մի կողմ դնելով բարոյական կողմը, մի կողմ դնելով իրենց պարտավորությունները հայ ժողովրդի հանդեպ, այն մարդկանց հանդեպ, ովքեր այսօր գտնվում են Բաքվի բանտերում, նրանք խախտում են նաեւ իրենց միջազգային պարտավորությունները։ Եվ կարծում եմ, որ չտեսնված, նախադեպը չունեցող քայլեր են կատարվում կեղծ «խաղաղության» համար»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031