Այսօր հրավիրված ասուլիսում «Ազգային կրթության խորհուրդը, ըստ էության, հայտարարեց «Ազգային դպրոց» հարթակի մեկնարկը որպես այլընտրանք հայոց ինքնությունը ոչնչացնող, կրթության ոլորտում ներկայումս վարվող քաղաքականությանը:
Բանախոսները ներկայացրին ներկայացրին սարսափ հարուցող վիճակագրական տվյալներ: Մասնավորապես, Ատոմ Մխիթարյանը ի թիվս այլ խնդիրների, անդրադարձավ անգրագիտության խնդրին: «Ամեն ինչ համեմատում ենք 1990 թվականի հետ: Երբ Հայաստանը Անկախության հռչակագիր էր ընդունում, գրագիտության մակարդակը գրեթե 100 տոկոս էր: Հայաստանում դպրոցահասակ երեխաների գրագիտության մակարդակը ամենաբարձրն էր նախկին Խորհրդային տարածքում: Հիմա՞ ինչ ունենք: Ունենք առնվազն 1/3 անգրագիտություն: Դա նշանակում է, որ տարրական դպրոցն ավարտող 10 տարեկան չորս երեխայից մեկը գրել-կարդալ գիտի, բայց չի հասկանում ինչ է կարդում: Վիճակն ավելի վատ է մաթեմատիկայում: Երեխաների 2/3-ը ուղղակի տարրական մաթեմատիկական գործողություններ 10 տարեկանում չի կարողանում անել:
Այս ցուցանիշով Հայաստանը նախկին խորհրդային տարածքում վատ իմաստով գրավում է առաջին տեղը: Անգրագիտության 1/3-րդն ասելով՝ հաշվի ենք առնում նաեւ միջինասիական երկրները, որտեղ ավանդաբար կրթության մակարդակը ավելի վատ է եղել: Այնտեղ անգրագիտության միջին մակարդակը 7-8 տոկոս է, հիմա Հայաստանում՝ 33 տոկոս է: Եվ մենք այսպիսի կրթական համակարգով գնում ենք դեպի… ինչպիսի երկիր ուզում ենք ունենալ:
Հարցին, թե այն, ինչ հիմա կատարվում է ազգային-կրթական համալիր ծրագրի հետ, բանախոսների կարծիքով չիմացությա՞ն, դիլետանտությա՞ն արդյունք է, թե՞ դիտավորություն, բանախոսները պատասխանեցին հակիրճ ու հստակ:
Արմեն Ներսիսյան. «Ասուլիսի սկզբում մենք նշեցինք, որ սրանք ոչ թե դետալներ են բացթողումներ, մասնագետների վրիպումներ կամ նախասիրություններ, այլ նշեցինք, որ այսօր Հայաստանի հանրակրթության ոլորտում իրականացվում է ազգային ինքնության վերափոխման, քաղաքակրթական կոդի վերափոխման մշակված, համակարգված եւ հետեւողականորեն իրականացվող գործընթաց: Քաղաքականությունը սա է: Սրանք ոչ թե առանձին դետալներ են, այլ ընդհանուր խճանկարի կտորներ: Եվ երբ հավաքում ենք ամբողջ խճանկարը, ուղղակի սարսափելի է»:
Կարին Տոնոյան. «Ես նույնպես կարծում եմ, եւ ընդհանրապես բոլորն են արդեն համոզված, որ ամեն ինչ նախագծված է արդեն վաղուց: Սա ծրագիր է, որ իրականացվում է: Նաեւ փաստ է, որ մեր տեսակի փոփոխության, մտածողության փոփոխության խնդիր է դրված: Եվ իրենք գործը փայլուն անում են: Ես իմ խոսքի սկզբում ասացի, որ ինչ մենք հիմա անում ենք, այն մարդկանց, մանկավարժների, ազգի այն ներկայացուցիչների համար է, որոնք պարզապես ուզում են իրենց տեսակը պահել: Մեր տեսակի դեմ ծրագիր է իրականացվում եւ մենք պետք է դրա դեմն առնենք»:
Ատոմ Մխիթարյան. «Հինգ-վեց տարի առաջ, երբ որ այս հարցերը տալիս էին, բոլորս մտածում էինք՝ չեն իմանում, որոշումներ կայացնելիս դժվարանում են: Մենք էլ տրամադրված էինք օգնելու: Բայց անցավ մեկ, երկու, երեք տարի, վեկտորի ուղղությունը հստակ պարզվեց: Այո, չիմացությունը կա, բայց այն մարդկանց վրա, որոնք որոշումներ են կայացնում կրթության ոլորտում, ուղղակի ազդեցություն եւ ցուցում կա: Եվ պետք է բարձրաձայն ասել, որ այդ ազդեցությունը եւ ցուցումը Հայաստանի ներսից չի: Դա հստակ Բաքվից է եւ Անկարայից: Գուցե, հիմա արդեն համակարգված ձեւով, բարձր մակարդակով: Այլապես ի՞նչ է նշանակում «Հայոց պատմությունը» փոխել, բոլոր թեմաները հանել, որոնք, այսպես ասած, վիճահարույց են հարեւանների կողմից: Սա նշանակում է՝ հստակ ցուցում կա եւ այդ ուղղությամբ էլ գնում է այսօրվա վարչակազմը կրթության ոլորտի քաղաքականությունում»:
Արման Մալոյան. «Ես համամիտ եմ հնչեցված մեկնաբանությունների հետ: Այո, այս ամենը ուղղորդված կատարվում է եւ վարչական լծակների անմիջական կիրառմամբ: Պարզ ապացույցը «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխության փաստն է, որ դարձավ «Հայաստանի պատմություն»: Այնինչ, հարցը դրված էր հանրային քվեարկության: Մինչեւ վերջ մեծամասնություն էին կազմում առարկայի անվանափոխության դեմ հանդես եկողները, բայց ոչ միայն դա հաշվի չառնվեց, այլեւ հաշվի չառնվեցին մասնագիտական շրջանակների, հաստատությունների, լուրջ մասնագիտական փորձառություն ունեցող ուսուցիչների, գիտնականների կարծիքները, ապացույցները, հիմնավորումները: Եվ վարչական լծակների կիրառմամբ տեղի ունեցավ անվանափոխություն: Այնուհետեւ նաեւ իրենց կողմից վիճահարույց եւ ազգային ձեւակերպմամբ ենթահարցերը դուրս մնացին «Հայոց պատմության» առարկայական ծրագրերից կամ խեղաթյուրվեցին: Մասնավորապես, եթե նախկինում ներկայացված էր «Արցախյան ազատամարտի հերոսները» ձեւակերպում, դուք այսօր դա 9-րդ դասարանի առարկայական ծրագրում եւ դասագրքում դա չեք տեսնի»:
Բանախոսները միակարծիք էին, որ չիմացությունը կրթական համակարգի ստորին եւ միջին շերտերում կարող է լինել, իսկ գիտակցված դիտավորությունը վերին օղակներում է հաստատվել, որտեղ կայացվում են որոշումները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ