Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մակունցը Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվեց «Գերազանցության մեդալով»

Օգոստոս 23,2025 20:59

Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կանզասի Ազգային գվարդիայի և երկկուսակցական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում ՀՀ պատվո հյուպատոսները, ինչպես նաև ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր հրաժեշտի խոսքում, անդրադառնալով իր չորս տարվա պաշտոնավարմանը, դեսպան Մակունցը հայտնեց իր խորը երախտագիտությունը։

Նա ընդգծեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կյանքի կոչված կարևորագույն իրադարձություն։

Դեսպան Մակունցը նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի և կայունության առանցքային տարր է հայ-ամերիկյան հարաբերությունների անցումը ռազմավարական գործընկերության մակարդակի։

Դեսպանն իր անկեղծ երախտագիտությունը հայտնեց Միացյալ Նահանգներին և իր բոլոր գործընկերներին՝ շարունակական աջակցության համար, վերահաստատեց հայ-ամերիկյան կապերի ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, կարևորեց հայ համայնքի ներդրումը տասնամյակների ընթացքում։

Դեսպանը նաև իր խորին շնորհակալությունը հայտնեց դեսպանության անձնակազմին՝ իրենց ծառայության և նվիրվածության համար, ինչպես նաև իր ընտանիքին՝ իր ծառայության ողջ ընթացքում ցուցաբերած անսասան աջակցության համար։

Երեկոն ամփոփվեց խորհրդանշական պահով. դեսպան Մակունցը Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվեց «Գերազանցության մեդալով»՝ ի նշան իր չորս տարվա անբասիր ծառայության և Հայաստանի Հանրապետության և Կանզասի ազգային գվարդիայի միջև երկկողմ անվտանգային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ներդրման։

Մեդալը հանձնեց բրիգադի գեներալ Ջեյսոն Պ. Նելսոնը։

Գերազանցության մեդալը Կանզասի Ազգային գվարդիայի կողմից շնորհվող բարձրագույն պարգևներից մեկն է: Հիմնադրվել է 1995 թվականին և շնորհվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ ծառայություն բարձր պատասխանատվության պաշտոններում: Ստացողների թվում կարող են լինել Գվարդիայի անդամներ, քաղաքացիական անձինք, նահանգային և դաշնային պաշտոնյաներ, որոնց ներդրումը զգալիորեն առաջ է մղում Գվարդիայի առաքելությունն ու արժեքները։

Դեսպան Մակունցին այս պարգևը շնորհելով՝ Կանզասի Ազգային գվարդիան գնահատել է ոչ միայն նրա անձնվեր ծառայությունը, այլև նրա դերը միջազգային գործընկերությունների ամրապնդման և փոխըմբռնման խթանման գործում:

ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031