Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես հարկատու՝ ՀԷՑ-ի հետ կապված վճարելու ենք նաեւ տույժ ու տուգանք Սամվել Կարապետյանին. Նինա Կարապետյանց

Օգոստոս 24,2025 20:25

Կառավարությունը պատրաստվում է պետբյուջեից 3,2 միլիոն դոլար ծախսել կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի հայցից  պաշտպանվելու համար: Կառավարության վերջին նիստի ժամանակ՝ օգոստոսի 21-ին, չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց որոշումը: Aravot.am-ը նախկին իրավապաշտպան, ՆԺԱՐ սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցից հետաքրքրվեց՝ արդա՞ր է 3.2 միլիոն դոլար ծախսել պետբյուջեից  մասնավոր հայցից պաշտպանվելու համար:

«Պետության շահերը պաշտպանելու համար երբեք ոչ մի գումար խնդիր կամ կասկած չպետք է առաջացնի: Բայց երբ օրվա իշխանությունն առաջացնում է խնդիրներ,  որից պաշտպանվելու՝ ավելի ճիշտ ինքն իրեն պաշտպանելու համար, ոչ թե պետությունը կամ պետական շահը պաշտպանելու, այլ իր քմահաճույքը պաշտպանելու համար պետբյուջեից 3,2 միլիոն դոլար է հատկացնում, անշուշտ, նորմալ ու ադեկվատ պահվածք չէ»,- պատասխանեց Նինա Կարապետյանցը:

Մեր հաջորդ հարցին, թե այս  որոշումը ընդունվել է կառավարության չզեկուցվող հարցի շրջանակում, ինչու է եղել չզեկուցվող հարց, եթե խոսքը վերաբերվում է մեծ բյուջետային ծախսին, տիկին Կարապետյանցը պատասխանեց. «Որովհետեւ դեռ կան մոլորյալ մարդիկ, իշխանության ներկայացուցիչներ՝ պրոպագանդիստներ, որոնք մոլորյալ մարդկանց պետք է ներկայացնեն, թե այս իշխանությունը մի այլ տեսակի թափանցիկ, պետության շահերից հանդես եկող իշխանություն է: Իհարկե, հարցի բաց լինելու պայմաններում, հասարակությունը տեղեկացվելու էր, որ արի ու տես՝ մարդիկ խնդիր են ստեղծել, հետո էլ պետբյուջեից գումարներ են հատկացնում իրենց ստեղծած  խնդիրները լուծելու համար: Սա նախընտրական փուլում իրենց համար ոչ ցանկալի գործընթաց է:

Բայց սա խնդիրներից ամենափոքրն է լինելու, որովհետեւ մենք, ամենայն հավանականությամբ, բախվելու ենք մի խնդրի, երբ հարկատուներով ստիպված ենք լինելու սկզբից վճարել ՀԷՑ-ի հետ կապված որոշումներին կողմ քվեարկած պատգամավորներին ու նախարարներին, հետո հարկատուներով գումար ենք վճարելու տարբեր պաշտոնյաների աշխատավարձի համար, իսկ վերջում՝ որպես հարկատու՝ ՀԷՑ-ի հետ կապված վճարելու ենք տույժ ու տուգանք Սամվել Կարապետյանին: Սա այն է, ինչի մասին շատերը չեն էլ ուզում խոսել: Մենք՝ որպես հարկատու, պարբերաբար վճարումներ ենք անելու, որոնցից կարելի էր ուղղակի խուսափել, եթե չգնային ամենատխմար ու ամենահակաիրավական ճանապարհներով: Պետական շահն ու օրվա իշխանությունների կապրիզները պետք է սահման ունենան»:

Մեր հաջորդ հարցին՝ ի՞նչ նպատակների համար կարող էր ծախսվել այդ գումարը, եթե չգնար իրավական ծառայության վրա, կարո՞ղ էին  այդ միջոցներն ուղղվել կրթությանը, առողջապահությանը կամ ենթակառուցվածքներին, մեր զրուցակիցը այսպես արձագանքեց. «Այդ գումարը կարող էր ուղղվել միջազգային դատարաններում մեր շահերը պաշտպանելուն: Հայցերից հրաժարվելու փոխարեն նոր հայցերով միջազգային դատարան դիմել Հայաստանի ու Արցախի բնակչության իրավունքները պաշտպանելու համար: Բայց այստեղ կա Նիկոլ Փաշինյանի անձնական շահը. նրան հրատապ պետք են ՀԷՑ-ի գումարները, ՀԷՑ-ի հետ կապված հնարավորությունները: Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ այլեւս ինքը արքայից արքայի կարգավիճակում է ու Հայաստանում կարող է  անել այն, ինչը արել են նախորդ իշխանությունները»:

Մեր հաջորդ հարցին՝ արդյոք այս գործը կվախեցնի՞ ապագա ներդրողներին, ի պատասխան տիկին Կարապետյանցն ասաց. «Կասկածից դուրս է, որ կվախեցնի: Որովհետեւ ներդրողը նայելու է՝  ոչ միայն խնդիր առաջացրին կոնկրետ սեփականատիրոջ հետ կապված, այլեւ նայելու է, որ ամբողջ արդարադատության համակարգը ներգրավված է այդ գործընթացում: Չկա մեկ օղակ, որտեղ հնարավոր է քո իրավունքները պաշտպանվեն: Ոչ մի նորմալ, ադեկվատ մարդ այստեղ գումար չի ներդնի, քանի դեռ այս իշխանությունն է ու այս մոտեցումն է արդարադատության համակարգում» :

Հիշեցնենք, որ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությունից պահանջել էր ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը: Կառավարությունը անտեսել է այդ որոշումը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031