Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիսատեսը ներկայացման վերջում սիրո չափաբաժին է տանելու իր հետ. Արմեն Մարգարյան

Օգոստոս 25,2025 11:50

Սեպտեմբերի 10-ին՝ ըստ Հերման Ռաուչերի «Քաղցրիկ նոյեմբեր» գործի բեմադրված «Շտապիր սիրել» ներկայացմամբ իր դռները կբացի Հրազդանի նորաստեղծ կամերային թատրոնը։ Կամերային թատրոն ունենալը մինչեւ վերջերս երազանք է եղել: Aravot.am-ի հետ զրույցում ներկայացման բեմադրիչ Արմեն Մարգարյանը նշեց, որ Ռաուչերի ստեղծագործությանը վաղուց է ծանոթ, եւ այն իրեն գերել էր անմիջականությամբ, երկխոսությունների բազմաշերտ կառուցվածքով, ազատամտությամբ, խորությամբ, անսահման երեւակայելու հնարավորությամբ։

«Գրեթե մեկ դար առաջ գրված «Քաղցրիկ նոյեմբեր» պիեսը արդիական է այսօր, որովհետեւ քարոզում է բացարձակ սեր։ Խորապես համոզված եմ, որ մենք հաճախ չենք գնահատում մեզ տրված ժամանակը։ Ընկնում ենք ձեւի ետևից՝ մոռանալով բովանդակության մասին: Հաճախ մարդկանց իրական կշիռը զգում ենք այն պահին, երբ նրանք արդեն չկան։ Մինչդեռ կյանքում պետք է կարեւորել սիրելի մարդկանց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը, ամեն ակնթարթը։ Ահա թե ինչի մասին է մեր «Շտապիր սիրել» ներկայացումը»,-ասաց Արմեն Մարգարյանը։

Մեր հարցին, որ նշյալ գործը վաղուց էկրանավորվել է, արդեն ծանոթ է շատերին ֆիլմի միջոցով, «Շտապիր սիրել» ներկայացումն ինչո՞վ է առանձնահատուկ, բեմադրիչն այսպես արձագանքեց. «Ռաուչերի «Քաղցրիկ նոյեմբերը» էկրանավորվել է ոչ միայն 1968թ, այլեւ 2001թ եւ հիմք է հանդիսացել մեր «Շտապիր սիրել» ներկայացման համար։ Ներկայացումը բեմադրված է ըստ Ռաուչերի ստեղծագործության։ Ներկայացման մեջ ներգրավված են Էլեն Գեւորգյանը, Հայկ Պետրոսյանը եւ Անդրանիկ Անտոնյանը։ Պետք է խոստովանեմ, որ փայլուն դերասանախումբ է հավաքվել։

Փորձերի ընթացքում ստեղծվել էր մի մոգական մթնոլորտ, որը պահպանվել է ներկայացման մեջ։ Ինձ համար սա շատ կարեւոր բեմադրություն է, որովհետև սեպտեմբերի 10-ին այս ներկայացմամբ հանդիսատեսի առջեւ առաջին անգամ իր դռներն է բացելու Հրազդանի կամերային թատրոնը։ Մի երազանք, որը իմ լավ ընկեր եւ թատրոնի հիմնադիր Շահեն Փանոսյանը, վերածեց իրականության»:

Արմեն Մարգարյանի ձեւակերպմամբ, «Շտապիր սիրել» ներկայացումը բացարձակ սիրո մասին է, որը չունի սահմաններ եւ կոտրում է ցանկացած կարծրատիպ։ «Միտում չունեմ հանդիսատեսին որեւէ բան սովորեցնելու, բայց ներքուստ վստահ եմ, որ հանդիսատեսը ներկայացման վերջում սիրո չափաբաժին է տանելու իր հետ»,-ընդգծեց նա։

Հրազդանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ներկայացման պրոդյուսեր Շահեն Փանոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես Հրազդանում կամերային թատրոն ունենալու իր եւ շատերի երազանքը վերջապես իրականություն դարձավ: «Ինստիտուտի տարիներից մտածել եմ, որ Հրազդանում պետք է կամերային թատրոն լինի: Այն ժամանակ համագործակցել եմ դրամատուրգ Գեւորգ Կարապետյանի հետ (հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հայրն է), ով ինձ համար ուսուցիչ է եղել արվեստի բնագավառում, ռեժիսուրայի, դրամատուրգիայի եւ գրականության մեջ առհասարակ: Նա միշտ երազում էր թատրոնի մասին, ես ասում էի, որ իր երազանքը իրականություն կդարձնեմ, կունենանք Հրազդանի կամերային թատրոն այն վայրում, որտեղ ստեղծագործում էինք:

Վերջապես հասանք մեր բաղձալի երազանքին, ունեցանք մեր թատրոնը, մեր տունը, բնականաբար բավականին մարդիկ աջակցեցին, մեր համայնքի ղեկավարը օգնեց, թույլ տվեց այն տարածքում ունենալ մասնավոր թատրոն, որտեղ դպրոց է: Հավատաց, որ սա լուրջ նախագիծ է, իրենից շնորհակալ ենք, եւ այն մարդկանց եք շնորհակալ, որոնք հավատացին մեզ, Երեւանից եկան այստեղ աշխատելու: Նրանց մեջ նաեւ Արմեն Մարգարյանն է մտնում: Արմենի նման ֆանատիկներ քիչ կան, նա կարող է Երեւանից առավոտյան 7-ին գալ Հրազդան եւ գիշերը 10-ին գնալ տուն:

Նշեմ, որ դահլիճն ահավոր վատ վիճակում էր, այն վերանորոգեցինք, նույնիսկ մարդիկ նայելիս ասում էին, որ պետք է քանդվի, նորից կառուցվի, բայց մենք համայնքի բյուջեով եւ մեր աշխատուժով այդ հսկայական դահլիճն ամբողջովին վերափոխեցինք եւ դարձրինք պրոֆեսիոնալ թատրոնի դահլիճ, իհարկե դպրոցի հետ համատեղ: Եվ մենք ենք դպրոցին օգնում, եւ դպրոցն է մեզ օգնում»:

Շահեն Փանոսյանն ասաց, որ թատրոնը Կոստան Զարյանի անվան դպրոցի տարածքում է. «Դպրոցը մի մարդու անունով է, որը արվեստի միջոցներից ամենաառաջինը թատրոնն էր համարում: Այդ դպրոցը թատերական ուղղվածություն ուներ, Նարինե Գրիգորյանն է այդտեղ ավարտել, Տիգրան Գյուլումյանը, մեր թատրոնի ղեկավարն է այդ դպրոցն ավարտել, ես եմ այստեղ սովորել, կինս… Բնական է, որ այդ դպրոցում պետք է լինիր կամերային թատրոն, հասունացել էր ժամանակը: Այժմ առաջին ներկայացումն է լինելու, եւ թատրոնի ծնունդը հենց այդ ներկայացմամբ ենք սկսում»:

Շահեն Փանոսյանն ասաց, որ դպրոցը լավ աշակերտական բազա ունի, իրենց երկրորդ ներկայացման մեջ աշակերտների են ներգրավել: Նա համոզված է, որ մի 6 տարի հետո Երեւանից դերասանների կարիք չեն ունենա՝ իրենց սեփական ներուժի հաշվին կադրերի հարցը կլուծեն: Նաեւ ընդգծեց, որ Հրազդանի կամերային թատրոնը չի լինելու գավառական թատրոն, այն հավակնում է դառնալ իր ձեւակերպմամբ՝ պինդ, պրոֆեսիոնալ հիմքով թատրոն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031