Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի այս պնդման երրորդ շերտը կրկին բոլոր պոպուլիստական շարժումներին բնորոշ պայքարն է գիտության և կրթության դեմ. Տիգրան Գրիգորյան

Օգոստոս 25,2025 11:54

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը ասում է․ «Մեր ամենամեծ խնդիրներից մեկն էլ եղել է այն, որ տեսությունները, որոնցով մեր երկիրն ապրել է, սովորաբար ձևավորվել են էլիտաների կողմից և ուսուցանվել են հանրությանը:

Մենք հիմա ապրում ենք ժամանակներում, երբ հակառակն է տեղի ունենում: Տեսությունները խմորվում են ժողովրդի գիտակցության մեջ, հետո ժողովրդի ներկայացուցիչների կողմից ձևակերպվում են և իրականացվում»։

Կրկին դասական պոպուլիստական խոսույթի հետ գործ ունենք, որը մի քանի հիմնական բաղադրիչ ունի։

Առաջինը պոպուլիստական իշխանության փորձն է ինքն իրեն ժողովրդի հետ նույնացնել։ Այս բանաձևի մեջ իրենք ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովուրդը ներկայացնող, ժողովուրդը մարմնավորող դերակատարներ են, որոնք ժողովրդի հետ միասին, ժողովրդի անունից ու ժողովրդի շահերի պաշտպանության համար պայքարում են չար էլիտաների դեմ։

Երկրորդ բաղադրիչը հենց չար և կոռումպացված էլիտաների դեմ պայքարն ու հաղթանակն է նրանց նկատմամբ, որը ժամանակակից (և ոչ միայն) պոպուլիստական խոսույթի առանցքն է։ «Խորքային պետությունը», «կոռումպացված մեդիան» և այլ կայացած ինստիտուտները բոլոր պոպուլիստական շարժումների և դրանց գաղափարախոսների հիմնական թիրախներն են։

Փաշինյանի այս պնդման երրորդ շերտը կրկին բոլոր պոպուլիստական շարժումներին բնորոշ պայքարն է գիտության և կրթության դեմ։ Խոսքը առաջին հերթին բարձրագույն կրթության մասին է։ Սեփական նառատիվները գերակայող դարձնելու համար անհրաժեշտ է ապալեգիտիմացնել գիտությունն ու կրթությունը։ Բարձրագույն կրթական հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը հիմա արևմտյան մշակութային պատերազմների առանցքային բաղադրիչն է։ Այդ առումով, օրինակ, պատահական չեն նույն Թրամփի վարչակազմի հարձակումները ԱՄՆ ամենահայտնի ու հեղինակավոր համալսարանների դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031