Անգին նվեր կոմիտասագետներին ու կոմիտասասերներին․ լույս է տեսել Կոմիտասի երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը: Այս առիթով Aravot.am-ը զրուցեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հետ:
-Տիկին Ասատրյան, 2024 թվականին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը ձեռնամուխ եղավ Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության իրականացմանը, և ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը հրատարակեց 1-ին հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի մեներգերը՝ դաշնամուրի նվագակցությամբ: Օրերս, կոմիտասագետների ու կոմիտասասերների սեղանին դրվեց 2-րդ հատորը, որը ներկայացնում է կոմիտասյան խմբերգերը: Շնորհավորում ենք բոլորիս և խնդրում ներկայացնեք այս նախաձեռնության նպատակը, անհրաժեշտությունն ու հրատապությունը:
– Ինչպես գիտենք՝ կոմիտասագիտության մեջ ծանրակշիռ է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ներդրումը, որը, տասնամյակներ շարունակ լինելով կոմիտասագիտության կենտրոնը, անմնացորդ ծառայում է կոմիտասյան ժառանգության ուսումնասիրության ու հանրահռչակման գործին։
Կարդացեք նաև
Դեռևս 1949 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան 80-ամյակի օրը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության մասին, որի իրագործումը հանձնարարվեց ՀԽՍՀ գիտությունների ակադեմիային: Ակադեմիայի Նախագահությունը 1950թ. հունվարի 25-ի N 4 նիստում որոշում է 1950-ին սկսել Կոմիտասի երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակությունը: Խմբագրական հանձնախմբում ընդգրկվում են Ռոբերտ Աթայանը, Մուշեղ Աղայանը, Սամսոն Գասպարյանը, Քրիստափոր Քուշնարյանը, Մաթևոս Մուրադյանը։ Նույն՝ 1950 թվականին, ՀԽՍՀ ԳԱ Արվեստների պատմության և տեսության սեկտորը հրատարակում է Կոմիտասի «Ազգագրական ժողովածուն»։
Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության իրականացման համար, բնականաբար, անհրաժեշտ էր Երևան տեղափոխել կոմիտասյան ձեռագրերը, որոնց հիմնական մասը՝ Կոմիտասի «թղթերը» (այսպես է անվանվել նրա ողջ գրավոր ժառանգությունը) պահվել էին Պոլսի Պատրիարքարանում, այնուհետև հանձնվել Փարիզի Կոմիտասյան խնամատար հանձնաժողովին, որը կոմիտասյան մի շարք կարևոր ձեռագրեր ձեռք էր բերել նաև առանձին անհատներից: Եվ ահա, դրանք Երևան հասան ՀԽՍՀ ԳԱ Արվեստների պատմության և տեսության սեկտորի (ներկայումս՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) վարիչ Ռուբեն Զարյանի և գիտքարտուղար Մաթևոս Մուրադյանի, հետագայում՝ Ռոբերտ Աթայանի ու Փարիզի կոմիտասյան հանձնաժողովի փոխնախագահ, իսկ Արշակ Չոպանյանի մահից հետո՝ նախագահ Մարգարիտ Բաբայանի ջանքերով։
Ինչպես հետագայում խոստովանել է Մարգարիտ Բաբայանը՝ Փարիզի Սովետական դեսպանատան Մշակութային կապի ներկայացուցիչ Վասիլի Վլասովը «դիւրութեամբ եւ անկեղծ հետաքրքութեամբ յարաբերութիւն ստեղծեց Երեւանի հայկական Գիտութիւնների Ակադեմիայի Արուեստների Պատմութեան եւ տեսաբանութեան բաժնի եւ Փարիզի Կոմիտասեան Յանձնախումբի միջեւ»:
Բաբայանի արխիվում գտնվող՝ նրան ուղղված Ռոբերտ Աթայանի 13 նամակներում (1960-1963թթ.) ուրվագծվում է, թե ինչպես է հավաքվել Կոմիտասի արխիվը Երևանում և ինչպես են իրականացվել աշխատանքները Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության ուղղությամբ:
Իր առաջին նամակում (6 մարտի 1960թ.) Ռ. Աթայանը խոստովանում է, որ Կոմիտասի Երկերի ակադեմիական՝ մանրամասն ծանոթագրված հրատարակությունը համարում է իր կյանքի կարևորագույն նպատակը: Այդ միտքը կարմիր թելի պես անցնում է նրանց նամակագրության միջով: Տարիներ անց՝ 1963թ. սեպտեմբերի 14-ի նամակում կարդում ենք. «Չնայած այս բազմապիսի գործերիս, ամենակարևորը ինձ համար համարում եմ Կոմիտասի ժառանգությունը հրատարակելու աշխատանքը»:
Եվ ահա 1960 թվականին՝ «Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի կողմից» երկլեզու (հայերեն և ռուսերեն) առաջաբանով, Ռոբերտ Աթայանի խմբագրությամբ, Մարտիրոս Սարյանի ֆորզացով լույս է տեսնում Կոմիտասի Երկերի ժողովածուի 1-ին հատորը:
Հետագա տասնամյակների ընթացքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտագետների մի քանի սերունդների, մասնավորապես Ռոբերտ Աթայանի և Գևորգ Գյոդակյանի ջանքերի շնորհիվ հրատարակվեցին Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության 14 հատորները (1960-2006):
Կոմիտասի Երկերի ժողովածուի հրատարակությունն ունեցավ բացառիկ ռազմավարական նշանակություն՝ կարևոր դեր կատարելով Կոմիտասի ժառանգության ուսումնասիրության, համակարգման և հանրահռչակման գործում։
Անցած տասնամյակների ընթացքում սպառվեց առաջին հատորների տպաքանակը՝ թեև 1-ին հատորի տպաքանակը եղել է 2700 օրինակ։ Մյուս կողմից՝ վերջին տարիներին աշխարհում զգալիորեն աճել է հետաքրքրությունը Կոմիտասի ստեղծագործության հանդեպ։ Ուստի առաջ եկավ Կոմիտասի Երկերի ժողովածուի 2-րդ լրամշակված հրատարակության իրականացման անհրաժեշտությունը:
Եվ ահա՝ Կոմիտասի ծննդյան 155-ամյա հոբելյանի առիթով ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհուրդը որոշեց վերահրատարակել Կոմիտասի Երկերի ժողովածուն և հաստատեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության խմբագրական խորհրդի կազմը, որտեղ ընդգրկվեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աշխատակիցները՝ արվեստագիտության դոկտորներ, պրոֆեսորներ Աննա Ասատրյանը, Աննա Արևշատյանը, Լիլիթ Երնջակյանը և Մհեր Նավոյանը, արվեստագիտության թեկնածուներ Գայանե Ամիրաղյանը, Տաթևիկ Շախկուլյանը և Մարիաննա Տիգրանյանը, ինչպես նաև ներկայումս Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը։
64 տարի անց, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի կողմից» երկլեզու (հայերեն և անգլերեն) առաջաբանով, Ռոբերտ Աթայանի խմբագրությամբ, Մարտիրոս Սարյանի ֆորզացով վերահրատարակվեց Կոմիտասի Երկերի ժողովածուի 1-ին հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի մեներգերը։ Նյութի հիմնական մասը հայկական գեղջկական ֆոլկլորի հետ կապված կոմիտասյան մեներգերն են։ Նշանակալի տեղ են գրավում քնարական նմուշները («Քելե, քելե», «Քելեր, ցոլեր», «Գարուն ա», «Չինար ես», «Հաբրբան», «Հոյ, Նազան իմ», «Հով արեք», «Ծիրանի ծառ» ևն), պանդխտության («Անտունի», «Կանչե, կռունկ» ևն), պատմավիպական («Մոկաց Միրզա»), կենցաղային («Օրոր») երգերը։ Հատորում տեղ են գտել Կոմիտասի ռոմանսները ևս՝ Լերմոնտովի (Գյոթեից) խոսքերով գրված «Գիշերերգը» և Թումանյանի տեքստով գրված «Մութ էր երկինքը» ռոմանսը։ Հատորը եզրափակվում է հանգամանալից ծանոթագրություններով։
Իսկ օրերս ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը։
Ինչպես գիտենք՝ Կոմիտասի խմբերգերի ակադեմիական հրատարակությունը սկիզբ առավ 1965-ին, երբ վաստակաշատ կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի խմբագրությամբ ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտը հրատարակեց Կոմիտասի Երկերի ժողովածուի 2-րդ հատորը: Սա չափազանց կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի երաժշտական կյանքում, քանի որ հայ արտիստներին հնարավորություն ընձեռեց կատարելու կոմիտասյան խմբերգերը: Դրանից 4 տարի առաջ՝ 1961-ից արդեն Երևանում էր իր գործունեությունը ծավալում Կոմիտասի երգչախմբային արվեստի նվիրյալ երիտասարդ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ում ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբը ստանձնեց կոմիտասյան խմբերգային երաժշտության կատարումն ու հանրահռչակումն ամբողջ աշխարհում: Առջևում Կոմիտասի ծննդյան 100-ամյակն էր, և այդ կապակցությամբ Հովհաննես Չեքիջյանը պատրաստում է 38 խմբերգ, որոնք առաջին անգամ կատարվեցին հոբելյանական տարում՝ 1969-ին, և հաստատուն տեղ գտան Կապելլայի երկացանկում: Դրանց մի մասը հնչեց նաև Մոսկվայում՝ 1969թ. դեկտեմբերի 3-ին Միությունների տան սյունազարդ դահլիճում տեղի ունեցած հոբելյանական երեկոյի համերգային բաժնում: Ահա այսպիսի կարևոր նշանակություն ունեցավ Երկրորդ հատորը:
Ինչպես գիտենք՝ խմբերգերը կազմում են Կոմիտասի ստեղծագործական ժառանգության ամենանշանակալից բաժինը, և դրանց նվիրվեցին Կոմիտասի Երկերի ժողովածուի չորս՝ երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ հատորները:
Այժմ բոլորովին այլ է հայ երաժշտության համայնապատկերը: Ներկայումս, մի կողմից՝ Կոմիտասի խմբերգերն իրենց հաստատուն ու անսասան տեղն են գրավել Հայաստանում և արտասահմանում գործող առանց բացառության բոլոր հայկական երգչախմբերի (այդ թվում՝ նաև աշակերտական ու դպրոցական) երկացանկերում, մյուս կողմից՝ կտրուկ աճել է հետաքրքրությունը Կոմիտասի ստեղծագործության հանդեպ:
Հատորում ներկայացված են Կոմիտասի կյանքի օրոք (1906-1912թթ.) հրատարակված թվով 30 խմբերգերը:
Ինչպես տեղեկանում ենք «Խմբագրի կողմից» ծավալուն առաջաբանից՝ հատորում ընդգրկված են «գյուղական ժողովրդական երաժշտությունից սկզբնաղբյուր ունեցող այն խմբերգերը, որոնք Կnմիտասը ինքն է հրատարակել, և դրանց հայտնի ու նոր հայտնաբերված տարբերակները: Հերթականությունն է՝ «Հայ քնար» (7 խմբերգ), «Հայ գեղջուկ երգեր», Բ (10 խմբերգ), փարիզյան վիմագիր տետրը (7 խմբերգ), պարբերական մամուլ (3 խմբերգ): Փարիզյան տետրում զետեղված «Կալի երգը» հետագայում հեղինակը վերամշակել է, ավելի ստույգ՝ դրա հիման վրա ստեղծել է նոր ընդարձակ խմբերգ, որն անվանել է «կալերգ և սայլերգեր»: Այս խմբերգը նույնպես համերգներում կատարել է (1912–14)» (էջ 9-10): Հատորի հիմնական բաժինը եզրափակում է Հովհաննես Հովհաննիսյանի «Նոր գարուն» բանաստեղծության հիման վրա Կոմիտասի «Գարուն» խմբերգը՝ Կոմիտասի ինքնուրույն ստեղծագործությունը, որն առաջին անգամ հրատարակվել էր 1965 թվականին՝ Երկերի ժողովածուի 2-րդ հատորում:
Գիտական մեծ կարևորություն ունեն Ռոբերտ Աթայանի կազմած ծանոթագրությունները, որոնց համար երաժշտագետն օգտագործել մի շարք օժանդակ նյութեր՝ Կոմիտասի համերգների հայտագրերը և նույն համերգների մասին ժամանակի հայկական մամուլի տեղեկությունները, Գրականության և արվեստի թանգարանում Սպ. Մելիքյանի ֆոնդում պահվող «Ազգային երգարան» ձեռագիր ժողովածուն, 1911 և 13 թթ. Կ. Պոլսում և Ալեքսանդրիայում Կոմիտասի համերգների առթիվ տպագրված «Ձեռաց տետրակները», որոնք պարունակում են հայ ժողովրդական երգերի մասին Կոմիտասի հանրամատչելի բացատրականները, համերգներում կատարված երգերի խոսքերը, նրանց ժանրային և այլ բնութագրումները, Ն. Թեյմուրազյանի կազմած «Հայ երաժիշտների և երաժշտագետների ստեղծագործությունները» ժողովածուն, որի մեջ կան Կոմիտասի ձեռագրից արտագրած նրա 21 երգերի պարզ մշակումներ, Կոմիտասի և Մ. Աբեղյանի «Հազար ու մի խաղ» երգարանները, Կոմիտասի «Լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով» հոդվածը, մի շարք այլ հայ երաժիշտների ձեռագրային ֆոնդեր:
Առանձնահատուկ պետք է ընդգծեմ Ռոբերտ Աթայանի նվիրյալ սան՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախկին աշխատակից, ներկայումս՝ ամերիկաբնակ երաժշտագետ Դավիթ Դերոյանի կատարած բարեխիղճ ու մանրակրկիտ աշխատանքը՝ ներկա հատորները հրատարակության պատրաստելու դժվարին գործում:
Օգտվելով առիթից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի անունից ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Գլենդեյլում (ԱՄՆ) գործող «Լարք» երաժշտական ակադեմիային և նրա ղեկավարին՝ ամերիկահայ ճանաչված երաժիշտ, երաժշտական-հասարակական գործիչ Վաչե Պարսումյանին, ում ֆինանսական աջակցությամբ հրատարակվեցին Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության 1-ին (2024) և 2-րդ (2025) հատորները, ինչպես նաև Ռ․Աթայանի ընտանիքին, մասնավորապես նրա դուստր Նազելի Աթայանին՝ ցուցաբերած աջակցության համար:
Անշուշտ, Վաչե Պարսումյանը վճռական դեր է կատարել կոմիտասյան երաժշտական ժառանգության ակադեմիական հրատարակության գործում։ Եթե խորհրդային տարիներին՝ 1960-1982 թվականներին 1-6 հատորները, բնականաբար, հրատարակվեցին պետության միջոցներով, ապա անկախության շրջանում հաջորդ հատորները պիտի հրատարակվեին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի բարեկամների ֆինանսական օգնությամբ։ Հենց Վաչե Պարսումյանի նյութական աջակցությամբ էլ հրատարակվեցին Կոմիտասի Երկերի ժողովածուի 12-րդ (2003), 13-րդ (2004) և 14-րդ (2006) հատորները։ Ի դեպ՝ Վաչե Պարսումյանը ներգրավվել է նաև 2-րդ հատորի ստեղծագործական աշխատանքներում և իրականացրել խմբերգերի վերնագրերի անգլերեն գեղարվեստական թարգմանությունը:
Զարմանալի զուգադիպությամբ՝ Կոմիտասի Երկերի ժողովածուի 2-րդ հատորը հրատարակվեց 1965 թվականին, երբ լրացավ Կոմիտասի մահվան 30-ամյա տարելիցը, իսկ Երկրորդ հրատարակության 2-րդ հատորը՝ 2025-ին՝ 60 տարի անց, երբ լրացավ Կոմիտասի մահվան 90-ամյա տարելիցը:
Կոմիտասի մահվան ազդեցության տակ Արշակ Չոպանյանը «Անահիտ» հանդեսի 1935 թվականի թիվ 6-ում տպագրված իր մահախոսականում մարգարեաբար նկատեց. «Աշխարհ մըն է Կոմիտաս, անոր վրայ շատ բան գրուած է, եւ դեռ շատ աւելին կայ գրուելու: Դեռ երկար ատեն հայ երաժշտագէտը, հայ երգահանը, հայ ազգագրագէտը եւ հայ հայրենասէրը պիտի զբաղին այդ բազմերախտ ու դիւթիչ դէմքով»: Այս խոսքերն արդիական են նաև այսօր՝ 90 տարի անց: Դրա վկայություններից մեկն էլ այս հատորներն են:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ