Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր հանցագործությունների համար մեղադրվող մարդիկ ազատ շրջում են, մինչդեռ ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդու նկատմամբ կալանք է կիրառվում. Գոհար Մելոյան. «Փաստ»

Օգոստոս 26,2025 10:59

Խոսքի, տեսակետի, մտահոգության համար այսօր Հայաստանի քաղաքացին կարող է հայտնվել անազատության մեջ։ Երեք տասնյակից ավելի (որոշ դեպքերում նշվում է անհամեմատ մեծ թիվ, ընդհուպ մինչեւ 100) քաղբանտարկյալների մասին են ահազանգում իրավապաշտպանները։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է, որ «քաղաքական բանտարկյալ» եզրույթի շրջանառությունն իրավական առումով համեմատական է ԵԽԽՎ-ի կողմից 1900-րդ բանաձևով սահմանված «քաղաքական բանտարկյալ» հասկացությանը։ «ԵԽԽՎ-ի 1900- րդ բանաձևով տրված են չափորոշիչները, թե որ դեպքերում մարդը, ով զրկված է ազատությունից, կարող է համարվել քաղբանտարկյալ։ Մեր խնդիրն այն է, որ գրեթե բոլոր դեպքերում, երբ մարդիկ քաղաքական հիմքերով ազատազրկվել են, առկա են քաղբանտարկյալին բնորոշ բոլոր չափորոշիչները։ Օրինակ՝ ըստ ԵԽԽՎ բանաձևի, այդ չափորոշիչներից է այն, երբ կալանք է կիրառվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնական երաշխիքներից որեւէ մեկի խախտմամբ, եթե մարդու նկատմամբ կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որեւէ այլ առնչության, եթե քաղաքական շարժառիթներից ելնելով՝ կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը մեղավոր է ճանաչվել։ Մեր իրականությունում մարդկանց նկատմամբ, ովքեր քաղաքական հիմքով են ազատազրկվում, կիրառվում է կալանքը՝ խափանման ամենածանր միջոցը, ու մեր երկրում կալանքը խափանման միջոցից վերածվել է պատժիչ միջոցի ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ մարդկանց, որպես կանոն, առաջադրվում են անգամ միջին ծանրության կամ թեթև հանցագործությունների հիմքով մեղադրանքներ, որոնց դեպքում կալանքն ընդհանրապես կիրարկելի չէ։ Բայց ունենք իրականություն, երբ ծանր հանցագործությունների համար, որտեղ չկան քաղաքական հիմքեր, մարդիկ ազատ շրջում են, որովհետեւ իրենց դեպքում գործում են խափանման միջոցի այլ տեսակները, ինչպես վարչական վերահսկողությունը, գրավը կամ տնային կալանքը։ Մինչդեռ ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդու նկատմամբ կալանք է կիրառվում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Քաղբանտարկյալներին բնորոշ չափորոշիչներից նա առանձնացնում է այն, երբ քաղաքական դրդապատճառներով մարդը պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում։ «Հաջորդիվ՝ եթե կալանքն ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, եւ դա առերեւույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին։ Օրինակ՝ «18 արդարների գործը», Միքայել սրբազանի եւ Սամվել Կարապետյանի գործերը։ Այսօրվա դրությամբ 3 տասնյակից ավելի քաղբանտարկյալ ունենք ծայրաստիճան անհեթեթ հիմքերով։ Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է, այս բոլոր գործերը ոչ միայն հայոց իրավական պատմության, այլեւ համաշխարհային իրավունքի պատմության մեջ են անցնելու իրենց անհեթեթությամբ։ Սամվել Կարապետյանի գործով ընդգրկված միջազգային իրավունքի մասնագետը զարմանք արտահայտեց այս գործի առումով, նա ուղղակիորեն տվեց բնութագրումը, որ սա բեմադրված դատավարություն է, որը ստալինյան շրջանին է հարիր, երբ խղճի, դավանանքի խտրականության արգել քը շրջանցելով՝ մարդկանց ուղղակիորեն դատապարտել են հենց այդ ամենի համար։ Ունենք Սահմանադրությամբ սահմանված հիմնարար իրավունք՝ խտրականության արգելք ու մարդու անձնական մի շարք իրավունքներ, որոնք առանց վարանելու մեր երկրում խախտվում են բացառապես քաղաքական իշխանությունների կամարտահայտությամբ։ Սա միայն քմահաճույքի իրականացում եւ ընդդիմադիրների զսպում չէ, սա ավելի գլոբալ խնդիր է։ Իրավապահ մարմինները իրենց թույլ են տալիս, ըստ էության, կեղծել փաստական հանգամանքները, ինչպես «18 արդարների գործով», երբ ականատես եղանք, որ ձայնագրություններն իրավապահ մարմինները մոնտաժել էին, տարբեր ձայնագրություններից հատվածներ էին առանձնացրել, տարբեր բառեր, եզրույթներ իրար էին կպցրել մոնտաժի եղանակով, որպեսզի հանրության համար այս մարդկանց հեղինակությունը հարցականի տակ դնեն, մանիպուլյատիվ էֆեկտ ստանան, մարդկանց որպես ահաբեկիչ որակեն։ Դատավարության սկզբից դեռ ամիս էլ չանցած, քարը քարին չմնաց այդ խայտառակ գործից։ Այս գործի սկզբնական փուլում դատապաշտպաններն անշնորհակալ կարգավիճակում են, որովհետեւ իրենք չեն կարողանում իրավունքի իրացմամբ հասնել արդարադատության։ Կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրն այսքան հեշտ գործ իրենց պրակտիկայում շատ քիչ է ունեցել, երբ այդքան ակնհայտ են այս մարդկանց արդարացնելու հիմքերը ու պատճառները, բայց այդքան հակասական իրավիճակում են, որ այդքան տրիվյալ գործի շրջանակներում, երբ սևը սպիտակի վրա կարողանում են ապացուցել իրենց պաշտպանյալի ճշմարիտ ու արդար լինելու հանգամանքը, չեն կարողանում հասնել արդարադատության։ Գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ։ Բայց խնդիրն ավելի գլոբալ է։ Այս մարդիկ իրենց քաղաքական քմահաճույքների իրականացմամբ, աթոռին ամրապնդված մնալու պատճառով լրջագույն հարված են հասցնում տասնամյակների ընթացքում ձեռք բերված արդարադատության, իրավական պետության հենասյուներին։ Դատական իշխանությունը կայացել էր ու մինչ հեղափոխական շրջանում եվրոպական հեղինակավոր կառույցների կողմից բարձր գնահատանքի էր արժանանում իր մի շարք բարեփոխումների համար։ Իսկ հիմա ունենք իրավիճակ, երբ այս իշխանությունը դեգրադացնում է տասնամյակների ընթացքում արձանագրված հաջողությունները, բարեփոխումներն ու ձեռքբերումները»,-նշում է մեր զրուցակիցը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031