Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ուզում ենք, որ հանդիսատեսը իրեն զգա Ախմատովայի հյուրը՝ ներս մտնի նրա աշխարհ, վայելի նրա տան մթնոլորտը

Օգոստոս 26,2025 12:13

Սեպտեմբերի 10-ին եւ 11-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Աննա եւ Լեւ» ներկայացումը՝ թատրոնի եւ կինոյի աստղ Սվետլանա Ուստինովայի եւ ռեժիսոր Օլգա Հենկինայի կամերային ստեղծագործությունը։ Ներկայացումն արդեն հաջողությամբ խաղացվել է Լոս Անջելեսում, Մոնակոյում, Փարիզում, Բեռլինում, Ռիգայում, եվրոպական մի շարք քաղաքներում: Ներկայացումն Աննա Ախմատովայի մասին է, ավելի ճիշտ, ներկայացման առանցքում մոր եւ որդու երկխոսության մի հատված է, որը երբեք տեղի չի ունեցել։

Լեւ Գումիլյովը երկար տարիներ անցկացրել է բանտում եւ աքսորի մեջ, Աննա Ախմատովան սպասել եւ պայքարել է նրա համար, բայց երբեք չի կարողացել ասել հիմնական բաները։ Մոր համար սա նշանակում է չկարողանալ պաշտպանել սեփական զավակին, որդու համար՝ լինել հայտնի կնոջ որդի, բայց միեւնույն ժամանակ մենակ մնալ սեփական ցավի հետ։ Ախմատովայի «Ռեքվիեմ» պոեմն այս պիեսում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում:

Սվետլանա Ուստինովան վարպետորեն կատարում է եւ մոր, եւ որդու դերերը։ Aravot.am-ը ներկայացման մասին զրուցել ճանաչված դերասանուհու հետ:

«Սա պատմություն է մեծ բանաստեղծուհու մասին, որն ունեցել է եւ անսահման հաջողություն, եւ համաշխարհային ճանաչում, եւ մոռացում, եւ տպագրության արգելքներ, հարազատների եւ մտերիմների ձերբակալություններ ու գնդակահարություններ, պատերազմ, տարհանում, հետպատերազմյան հալածանքներ, ու նորից՝ համաշխարհային ճանաչում՝ արդեն կյանքի վերջում։ Բայց նրա կյանքի ամենամեծ ողբերգությունը հարաբերություններն էին որդու՝ Լեւ Գումիլյովի հետ, ում ձերբակալել են 4 անգամ, եւ նա 15 տարի անցկացրել է ճամբարներում։ Այսօր մենք կարդում ենք Ախմատովայի «Ռեքվիեմը» եւ արտասվում նրա յուրաքանչյուր տողից։ Ժամանակին, երբ նա գրում էր այդ ստեղծագործությունը, որդին ճամբարից նրան մեղադրում էր անգործության եւ իր ճակատագրի հանդեպ անտարբերության մեջ։ Ներկայացման հետ կապված իմ ուղերձը ձևակերպվում է որպես հարց. մի՞թե մայր-որդի եւ բանաստեղծ-որդի հարաբերությունները նույն կերպ են կանգնում ժամանակի դատի առաջ։ Թե՞ այսօր անցյալի իրադարձություններին նայելով՝ այլ կերպ պետք է չափենք տաղանդն ու զոհաբերությունը»,-ասում է Սվետլանա Ուստինովան:

Մեր հարցին՝ ի՞նչ է ցանկանում փոխանցել հայ հանդիսատեսին, եւ ինչ ակնկալիքներ ունի նրանցից, ովքեր դիտելու են ներկայացումը, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ցանկանում եմ, որ հանդիսատեսը ինձ հետ անցնի Ախմատովայի եւ Լեւ Գումիլյովի հարաբերությունների ողջ ճանապարհը։ Նրանց սարսափելի չհասկացվածությունը եւ վիրավորանքները, որոնք ավերում են երկուսի՝ եւ մոր, եւ որդու հոգին…Իմը նույնպես: Ուզում եմ խոսել հանդիսատեսի հետ, ուսումնասիրել եւ ներկայացնել այս պատմությունը երկուսի տեսանկյունից, քանի որ յուրաքանչյուրը ճշմարտության իր ընկալումն ունի: Ես մեծ սպասումներ ունեմ հանդիսատեսի արձագանքի եւ ըմբռնման առումով՝ իմանալով հայաստանյան հանդիսատեսի սրտաբացության ու կարեկցելու ունակության մասին»:

Դերասանուհին նշում է, որ Ախմատովան միշտ արդիական է. «Տարբեր ժամանակներում նրա պոեզիան գտնում է իր ընթերցողներին ու երկրպագուներին։ Խաղաղ ժամանակներում նրա ռոմանտիկ բանաստեղծությունները դառնում են սիրված սիրային գրականության մի մասը, իսկ դժվարին փուլերում ընթերցողի սիրտը կծկվում է նրա «Ռեքվիեմի» տողերից»։

Քանի որ ներկայացման մեկնարկին Երեւանում հանդիսատեսին կհյուրասիրեն Ախմատովայի սիրելի սալորաչրով կարկանդակը, հարցրինք, թե խորհրդանշական ինչ իմաստ ունի այս անսովոր բացումը։ «Աննա Անդրեեւնայի համար միանգամայն խորթ էր կենցաղը: Իր տողերից մեկում նա ասում է. «Չեմ ուզում բողոքել իմ չքավոր կենցաղից, քանի որ այն երբեք ինձ չի անհանգստացրել՝ բառի կանացի իմաստով»։ Բայց միեւնույն ժամանակ Աննա Ախմատովան շատ հյուրասեր էր, սիրում էր տանը՝ Ֆոնտանկայի իր բնակարանում հավաքույթներ կազմակերպել։ Իսկ սալորաչրով կարկանդակը՝ ներկայացման նախաշեմին, հյուրընկալության խորհուրդ ունի: Դա Ախմատովայի սիրելի քաղցրավենիքն էր՝ ջերմիկ տան եւ մարդկային ջերմ հարաբերությունների խորհրդանիշը։ Մենք ուզում ենք, որ հանդիսատեսը իրեն զգա Ախմատովայի հյուրը՝ ներս մտնի նրա աշխարհ, վայելի նրա տան մթնոլորտը, որտեղ պոեզիայի մասին զրույցների կողքին բավականին տեղ կա նաեւ պարզ մարդկային ջերմության համար»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Սվետլանա Ուսինովայի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031