Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը լիակատար զիջում չստացավ Հայաստանից, բայց շատ բան շահեց. ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ

Օգոստոս 26,2025 16:05

«Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը ցույց է տալիս ԱՄՆ-ի հանրային ներգրավվածությունը Եվրոպայի ամենաերկարատև հակամարտություններից մեկում։ Սակայն արարողությունը կարող էր ուշանալ՝ ստեղծելով զարգացումներ, որոնք սպառնում են կայուն խաղաղությանը»,- European Council on Foreign Relations (ECFR) հետազոտական կենտրոնի կայքում «Խաղաղություն Կովկասում․ ապահովել, որ Եվրոպան դեր խաղա Թրամփի արարողությունից հետո» վերնագրով իր հոդվածում նշում է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը:

«Օգոստոսի 8-ին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ հայտարարելու մի շրջանակային համաձայնության մասին, որը կարող է դադարեցնել երկու երկրների տասնամյակներ տևած հակամարտությունը։ Թեև պայմանագրի բազմաթիվ մասեր արդեն գործում էին գրեթե մեկ տարի, Սպիտակ տան արարողությունը ստեղծում է անհապաղ քայլերի անհրաժեշտություն, որպեսզի այն ամրապնդվի։ Եվրոպացիները կարող են ազդել այս գործընթացի վրա, իսկ նրանց ազդեցությունը մեծանում է, երբ ուշադրությունը կենտրոնանում է տարածաշրջանի հնարավոր ինտեգրմանը գլոբալ շուկաներում։

Համաձայնագրի կենտրոնական տարրը Հայաստանի համաձայնությունն է՝ բացելու իր տարածքով անցնող 43 կմ հատված՝ ամերիկյան կառավարմամբ միջանցքի համար, որը կկապի Ադրբեջանին նրա անկլավ Նախիջևանի հետ, որը սահմանակից է Իրանի և Թուրքիայի հետ։ Նպատակն այն է, որ պաշտոնապես անվանված Թրամփի միջազգային խաղաղության և բարեկեցության միջանցքը (TRIPP) դառնա գլխավոր առևտրային ուղիներից մեկը՝ Կենտրոնական Ասիայից անցնելով Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով դեպի գլոբալ շուկաներ։

Սա կարևոր ձեռքբերում է, սակայն իմ տասնամյակների փորձը խաղաղության բանակցություններում ցույց է տալիս, որ միջազգային դիտորդները հաճախ ուրախանում են, թե որքան բան է արվել, մինչդեռ կողմերը կենտրոնանում են իրենց չստացածի վրա։ Այժմ վտանգ կա, որ Սպիտակ տան միջոցառումը կարող է ստեղծել զարգացումներ, որոնք կթուլացնեն խաղաղության հեռանկարները», – նշում է Բայդենի վարչակազմում աշխատած Ջեյմս Օ’Բրայենը:

Նրա խոսքով՝ «նախ, առնվազն մեկ տարի վերջնական համաձայնագիր չի լինի, քանի որ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն իր սահմանադրությունից հեռացնի ցանկացած հղում այն ​​ժամանակաշրջաններին, երբ Հայաստանը կառավարել է Ադրբեջանի որոշ հատվածներ, այդ թվում՝ պատմականորեն էթնիկ հայերով բնակեցված տարածքները: Հայաստանի սահմանադրության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունենա մինչև հաջորդ տարվա ընտրությունները, որոնք այժմ ստվերում կմնան հենց այս հարցի պատճառով»:

Օ’Բրայենն ընդգծում է. «Պայմանագիրը դուրս է թողել նաև մի շարք առանցքային դերակատարների, որոնց աջակցությունը կենսական է միջանցքի հաջողության համար․ Ռուսաստանը, Իրանը (որ սահմանակից է միջանցքին) և Թուրքիան (առանց որի նավահանգիստների միջանցքը գործնականում չի կարող գործել)։ Միջանցքի երկարաժամկետ հեռանկարի շուրջ անորոշությունը կարող է գրավել արագ շահույթ փնտրողներին, խթանելով կոռուպցիան և նախագիծը խոցելի դարձնելով այն ուժերի համար, որոնք, ի վերջո, կցանկանային, որ այն ձախողվի:

Այստեղ կարող է օգնել Եվրամիությունը։ Եվրոպական կապիտալը կարող է լինել միջանցքը ապահովագրելու և ֆինանսավորելու ամենաէժան ու վստահելի միջոցը։ Բայց ԵՄ-ն ստիպված կլինի ավելացնել աջակցությունը Հայաստանին և ներդրումներ անել, ինչպես նաև պատրաստվել ուժեղացած Ռուսաստանի հետ առերեսվելու, հատկապես հիմա, երբ ԱՄՆ-ը նվազեցնում է իր աջակցությունը Նիկոլ Փաշինյանին և չի տրամադրում անհրաժեշտ ենթակառուցվածք արդար ընտրությունների համար»։

Թրամփի անձնական ներգրավվածությունը

«Դատապարտվա՞ծ է արդյոք TRIPP-ը դառնալու ևս մեկ «Թրամփի լիճ»», – հեգնում է Օ’Բրայենը:
(խոսքը Սերբիա-Կոսովո սահմանին արհեստական լճի՝ ջրամբարի, մասին է, որը Վաշինգթոնում հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի հատուկ դեսպան Ռիչարդ Գրենելը կատակով առաջարկել էր Թրամփի լիճ կոչել, քանի որ կողմերը վեճի մեջ էին անվան շուրջ՝ «Ուշման» (Կոսովո), «Գազիվոդա» (Սերբիա): Տեղացիները լճի կամրջին «Թրամփի լիճ» գրառմամբ պաստառներ էին փակցրել, որոնք հետո հեռացվել են – «Առավոտ»):

«Այսպիսի կասկածամիտ հարց տալը տարօրինակ է թվում դրական իրադարձությունից անմիջապես հետո։ Բայց արարողությունը բացահայտեց երկու ճշմարտություն․ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում մեծ դերակատար է, և խաղաղությունը հնարավոր է, նույնիսկ եթե երկու երկրների ղեկավարները (հատկապես Ադրբեջանը) շարունակում են հասարակությանը պատրաստ պահել պատերազմի համար։ Այն նաև ընդգծեց Թրամփի անձնական ներգրավվածությունը տարածաշրջանում, որը կարող է խթանել մեծ տնտեսական շահույթներ։ Իրականում, հենց նրա մասնակցությունն էլ գուցե որոշիչ եղավ այս համաձայնության կայացման համար», – նշում է Բայդենի վարչակազմի թիմում Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման համար ջանքեր գործադրած դիվանագետը և հիշեցնում. «Բայդենի վարչակազմի ժամանակ մենք չառաջարկեցինք նախագահի անձնական ներգրավվածություն՝ հաշվի առնելով այն, որ 2023թ.-ին տասնյակ հազարավոր հայեր բռնագաղթել էին Արցախից, հաշվի առնելով նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական հասարակության ճնշումները և USAID-ի արտաքսման սպառնալիքները։

Այժմ Թրամփի վարչակազմն ինքը դադարեցրեց USAID-ի ֆինանսավորումը, և Սպիտակ տան արարողությունը ցույց տվեց, որ Վաշինգտոնը այլևս մտահոգված չէ Արցախում Ադրբեջանի 2020 և 2023 թթ․ ռազմական գործողություններով։ Բայդենի մոտեցումն Բայդենի մոտեցումն իրենից ներկայացնում էր խաղաղություն գործնականում, որը կողմերը կսկսեին իրականացնել հենց համաձայնության հասնելուց հետո»:

Ադրբեջանի ձեռքբերումները

Օ’Բրայենի խոսքով՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից լիակատար զիջում չստացավ, բայց շատ բան շահեց։ Նա ձեռք բերեց համաձայնություն, որը խորացնում է իր կապերը ԱՄՆ-ի հետ, ապահովում է անվտանգ կապ Նախիջևանի հետ և խոստանում ամերիկյան ներդրումներ միջանցքում։ Բայդենի թիմի առաջարկած «գործնական խաղաղության» հիմքերից մեկը ամերիկյան խոստումն էր՝ պատժամիջոցներ սահմանել այն պաշտոնյաների և ընկերությունների նկատմամբ, որոնք կկառուցեին կամ կգործարկեին միջանցքն առանց Հայաստանի համաձայնության։ Այժմ, սակայն, ԱՄՆ-ը խոստանում է աջակցել միջանցքին դեռ այն դեպքում, երբ Հայաստանը չի կատարել Սահմանադրական փոփոխությունները։ Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնը վճարեց նախապես, մինչդեռ Ալիևը պարզապես կրկնեց իր բազմիցս հնչեցրած խաղաղության հավաստիացումները»։

Հայաստանի լարվածությունը

Օ’Բրայենը նշում է. «Հայաստանում սպասվող դժգոհությունը լուրջ խնդիր է։ Չկա իրական «խաղաղության շահույթ» Հայաստանի համար․ ոչ բաց սահման Թուրքիայի հետ, ոչ էլ հավելյալ ներդրումներ (բացի 2024թ․ ապրիլին Բլինքենի խոստացածներից և օգոստոսի 8-ին ստորագրված ԱՄՆ–Հայաստան համաձայնագրից)։ Միակ ձեռքբերումը միջանցքն է, որը կապում է Ադրբեջանի տարբեր հատվածները։ Ընտրական գործընթացը հիմա կղեկավարվի հարկադրաբար սահմանադրական փոփոխության հեռանկարով։ Սա ժողովրդականություն չի վայելի Հայաստանում և էլ ավելի կվնասի Փաշինյանին։

Սա ամոթ է։ Փաշինյանը քաջ և հեռատես առաջնորդ է եղել։ Թուլացած և Մոսկվայից կախված Հայաստանը, կամ Վրաստանի նման բևեռացված Հայաստանը, դժվար թե կարողանա դիմանալ խաղաղության համար անհրաժեշտ բարդ զիջումներին։ Իսկ եթե Հայաստանը չկարողանա պահպանել համաձայնագիրը, այն խոցելի կդառնա Մոսկվայի կամ Բաքվի միջամտության համար»։

Ռուսաստանի ստվերը

«Սպիտակ տան արարողությունը հստակ ուղերձ էր Մոսկվային, որը վաղուց Հարավային Կովկասը համարում է իր ազդեցության գոտի, բայց այժմ թուլացած է Ուկրաինայի պատերազմի, պատժամիջոցների և Երևանի ու Բաքվի հետ լարվածության հետևանքով:

Սակայն սա հավանաբար միայն անցողիկ առավելություն է։ Թրամփը կարծես շտապում է գործարքի գալ Վլադիմիր Պուտինի հետ։ Եթե պատժամիջոցները թեթևացվեն կամ Ուկրաինայում հրադադար կնքվի, Ռուսաստանը նոր ֆինանսական և ռազմական լծակներ կունենա Կովկասում իր ներգրավվածությունը մեծացնելու համար՝ հատկապես Հայաստանում, որտեղ արդեն ունի (թույլ) ներկայացուցիչներ և անվտանգային բազաներ։

Միևնույն ժամանակ, հակառուսական տրամադրությունները Հայաստանում բարձր են, բայց Ռուսաստանը վաղուց արդեն մշակել է մեթոդներ՝ աջակցելու իր նախընտրած թեկնածուներին առանց հասարակական հակահարված ստանալու, և այս փորձը կկիրառվի նաև հայաստանյան ընտրություններում։ Ավելին՝ Թրամփ-Պուտին Ալյասկայի գագաթնաժողովից հետո Պուտինը գրեթե հաստատ կպնդի, որ Թրամփից ստացել է համաձայնություն՝ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի համարելու մասին։ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է անհապաղ պարզաբանեն, որ դա այդպես չէ», – կարծում է դիվանագետը:

Ոչ մի գործ՝ առանց Թուրքիայի

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ ներկա էր, ոչ էլ հիշատակվեց Վաշինգտոնում։ Սակայն միջանցքի հաջողությունը կախված է գլոբալ շուկաներ հասանելիությունից, և թուրքական նավահանգիստներն են միակ իրատեսական տարբերակը։ Հայաստանի և Թուրքիայի սահմանը շարունակում է փակ մնալ և հավանաբար փակ կմնա մինչև վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Եթե Հայաստանը Սահմանադրությունը չփոխի, միջանցքի արժեքն ավելի կբարձրանա։

Մինչ տարածաշրջանային սուպերավտոմայրուղին չի բացվի, այս միջանցքի միակ իրական հաճախորդը Բաքուն է։ Այս անորոշության պայմաններում վաղ ներդրողները կարող են ձգտել արագ շահույթ ստանալ՝ վարկեր վերցնելով, շինարարական պայմանագրերը օգտագործելով նոր վարկեր ստանալու համար կամ արագ վաճառելով կոնցեսիան երրորդ կողմերի։ Այսպիսի կարճաժամկետ շահագրգռվածությունը կբերի կոռուպցիայի, անարդյունավետության և մանիպուլյացիայի հնարավորություններ կստեղծի», – հոդվածում գրում է Օ’Բրայենը և հավելում, թե միջանցքի հաջողությունը կարող են ապահովել եվրոպական ֆինանսները:

Նրա խոսքով՝ խնդիրների իրենց իմացությամբ և արդեն իսկ կատարված նախապատրաստական ​​աշխատանքով եվրոպացիները կարող են ապահովել թափանցիկություն, որը կարևոր կլինի գիշատիչ պետությունների կողմից գրավումից խուսափելու համար։

«Արևմտյան Ասիայի և Արաբական ծոցից էներգետիկ հարուստ պետությունները կարող են գումար ունենալ, բայց չունեն այն կարողությունը, որպեսզի կանգնեցնեն Ռուսաստանին ու Իրանին։ Իսկ իմ փորձից ելնելով՝ ԱՄՆ զարգացման ֆինանսավորման ընկերությունը հազվադեպ կարող է արագ բավարար միջոցներ տրամադրել նման մասշտաբի նախագծի համար։

Եթե միջանցքը շուտով գլոբալ ցանցի մաս չդառնա, այն հետաքրքիր կլինի միայն Ադրբեջանին։ Սա կխրախուսի մոսկվայամետ և կոշտ գծի գործիչներին՝ օգտագործել այն որպես լծակ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Մինչդեռ մեկ կամ երկու տարվա ընթացքում Ադրբեջանը կարող է պնդել, որ ԱՄՆ-ը լռելյայն համաձայնություն է տվել միջանցքի ապահովմանը», – ընդգծում է դիվանագետը։

Ընդգծում է. «Միջանցքը պաշտպանելու պատասխանատվությունը, կարծես, բազմաթիվ դերակատարների ուշադրությունից վրիպում է: Սա մատնանշում է վերջնական խնդիրը․ ըստ մասնավոր զրույցների՝ ԱՄՆ զինվորականներ կարող են տեղակայվել այնտեղ՝ ամերիկյան առևտրային շահերը պաշտպանելու համար, եթե դրանք մինչ այդ գոյություն ունենան։ Թեև սա հնչում է որպես 19-րդ դարի վերջի թնդանոթային դիվանագիտություն, որը գրավիչ է Թրամփի համար, նման քայլը քիչ հավանական է թվում։ Բիզնեսի համար անխոհեմ կլինի ենթադրել, որ միջամտության դեմ հանդես եկող նախագահը պատրաստ է ԱՄՆ զորքեր ուղարկել այն տարածք, որտեղ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և այժմ՝ կրկնակի հաղթանակած Ադրբեջանը կարող են արագ սրել իրավիճակը»։

Եվրոպական կապիտալ

ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը նշում է. «Չնայած Լոնդոնը, Բեռլինը և Փարիզը ակտիվ են եղել թիկունքում, կենտրոնում այժմ Վաշինգտոնն է։ Իրականությունն այն է, որ Բաքուն և Երևանը Եվրոպային չեն դիտարկում որպես Ռուսաստանի դեմ բավարար հակակշիռ։

Սա պետք է Եվրոպային ստիպի վերանայել իր սահմանների վրա հակամարտությունների լուծման գործիքները: Ադրբեջանից եվրոպական գազի գնումները և զենքի վաճառքը զգալիորեն գերազանցում են օգնությունը, ընդլայնման փորձնական առաջարկները և զենքի վաճառքը Հայաստանին: Նույնիսկ Փարիզը, որը վճռականորեն աջակցել է Հայաստանին, այս տարի ձգտեց մեղմացնել իր դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Այնուամենայնիվ, եթե խաղաղություն հաստատվի և միջանցքը բացվի, ապա Եվրոպայի փորձը տնտեսական ինտեգրման հարցում ավելի ու ավելի կարևոր կդառնա, ինչպես նաև նրա նորահայտ ռազմական ուժը։

Վաշինգթոնյան արարողությունը էական քայլ է դեպի խաղաղություն: Այն բյուրեղացնում է ամերիկյան ներգրավվածությունը և ընդգծում երկու երկրների խաղաղության ձգտումները՝ երկու բան, որոնք հայտնի էին, բայց լիովին չէին ճանաչվում: Սակայն հակամարտության հիմքում ընկած պատճառը չի լուծվել՝ պարզապես հետաձգվել է, և միջոցառումը բացառել է այն կողմերին, որոնք այդ ընթացքում կփորձեն ստանալ այն, ինչ ուզում են:

ԱՄՆ-ի հատուկ հանձնակատարներ Թոմ Բարաքն ու Ստիվ Ուիտքոֆը պետք է արագ գործեն։ Եվրոպան կարող է կարևոր դեր խաղալ միջանցքի նախագծման և ֆինանսավորման գործում՝ օգնելով նվազեցնել որոշ ռիսկեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031