Լրահոս
Օրվա լրահոսը

«Տվյալներ ունեմ, որ Սամվել Գևորգյանին և նրա կնոջը քննիչը սպառնացել է՝ ոչ թե կինդ, այլ դու ես անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, և ոնց Հովսեփյանին, քեզ էլ կմեղադրենք ձեռնարկատիրական գործունեության մեջ»․ Աղվան Հովսեփյան

Օգոստոս 26,2025 14:42

Հակակոռուպցիոն դատարանում (նախագահող՝ դատավոր Տիգրան Դավթյան) ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանը միջնորդեց հրապարակել մահացած վկայի՝ Վարդահովիտ վարչական շրջանի ղեկավար Սամվել Գևորգյանի նախաքննական ցուցմունքը։ ։

Աղվան Հովսեփյանի պաշտպան Աննա Մանթաշյանն առարկեց՝ պատճառաբանելով՝ քանի որ վկան մահացել է, ուստի իր՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի վերաբերյալ գոնե դիրքորոշում հայտնել չի կարող․ «Բազմաթիվ անգամներ համոզվել ենք, որ վկաները դատարանում գալիս, այլ բան են հայտնում։ Այս վկայի ցուցմունքը պետք է ապացույցների շարքից դուրս գա և չհետազոտվի»։

Նախագող դատավորը, սակայն, բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։ Նա դատարանում կարդաց մահացած վկայի ցուցմունքը։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Ըստ մահացած վկա Սամվել Գևորգյանի նախաքննական ցուցմունքի՝ ինքը քրեական գործում նկարագրված դեպքերի հետ առնչություն չունի։ Ցուցմունքում նա հայտնում է, որ իր կինը Վարդահովիտ ՍՊԸ-ի տնօրենն է եղել, ցուցմունքը հայտնելու պահին նշել է, որ հիմա առնչություն չունի։ Ըստ նախաքննական ցուցմունքի՝ Սամվել Գևորգյանը հայտնում է, որ իր կինը որոշել էր զբաղվել փոքր ՀԷԿ-ի կառուցմամբ, իրեն պետք է օգներ ՌԴ-ում բնակվող իրենց մտերիմ Արթուր Սարգսյանը։ Սակայն նրա գործերը վատացել են, և աշխատանքները դադարեցվել են։ Ըստ ցուցմունքի՝ 2010-ին իրենց է դիմել Արշո անունով մի անձ, որը ցանկություն է հայտնել օգնել Սամվել Գևորգյանի կնոջը փոքր ՀԷԿ-ի կառուցման գործում։ Նախաքննական ցուցմունքում մասնավորապես ամրագրված է, որ Սամվել Գևորգյանն ասել է՝ այդ ընկերության 15 տոկոս մասնաբաժինն է եղել իր կնոջը, սեփականատերերից են եղել Աղվան Հովսեփյանի որդիներ Միսակ և Նարեկ Հովսեփյանները։ Սամվել Գևորգյանը նաև հայտնել է, որ 2017-ին կնոջ բաժնեմասը վաճառել են Միսակ Հովսեփյանին։

Քննիչի հարցերին՝ Միսակ Հովսեփյանն ինչքանո՞վ է զբաղվել ընկերության կառավարմամբ, ինչքանո՞վ կապ ուներ Աղվան Հովսեփյանը փոքր ՀԷԿ-ի հետ, նա գյուղ այցելե՞լ է, Սամվել Գևորգյանը ի պատասխան ցուցմունքում նշել է․ «Միսակ Հովսեփյանն ի սկզբանե ընկերության հետ կապ ուներ այնքանով, որ բաժնեմասի սեփականատերն էր․ ուղղակի գրանցված էր իր անունով։ Ինչպես հայտնի է բոլորին, փոքր ՀԷԿ-ը պատկանում էր Աղվան Հովսեփյանին, իսկ Արշավիրը նրա լիազորված անձն էր։ Աղվան Հովսեփյանը մեկ անգամ այցելել է ՀԷԿ, սակայն նրան չեմ հանդիպել, քանի որ պաշտոնական այց չէր․ եկել էր իր բիզնեսը տեսնելու»։

Հարցին՝ ունե՞ք տեղեկություն, փոքր ՀԷԿ-ի համար ջրօգտագործման թույլտվություն անխոչընդոտ ստանալու համար Աղվան Հովսեփյանն իր պաշտոնական դիրքը չարաշահելով՝ դիմե՞լ է բարձրաստիճան պաշտոնյաների, Սամվել Գևորգյանը պատասխանել է, որ այդ տեղեկությունը չի հերքում կամ հաստատում․ «Եթե նախաքննական մարմինը տեղեկությունը ստացել է, կածում եմ՝ նման բան եղել է»։

Աղվան Հովսեփյանը վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո դատարանի դահլիճում հայտարարությամբ հանդես եկավ․ «Գործով հարցաքննվել է նաև վկայի կինը։ Մահացած վկան հանդիսացել է գյուղապետ, որը նույնպես իրավունք չուներ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ինձ տվյալներ կան, որ և′ կնոջը, և′ այդ անձին քննիչի կողմից սպառնալիքներ են եղել այն կապակցությամբ, որ ոչ թե կինդ, այլ դու ես անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, և ոնց Հովսեփյանին, քեզ էլ կմեղադրենք ձեռնարկատիրական գործունեության մեջ։ Դատարանին կինը ցուցմունք տվեց և հերքեց նախաքննության ընթացքում գրված ցուցմունքը։ Ցուցմունքները, որ դուք ընթերցեցիք, այդտեղ քննիչը երկու հարց է տվել՝ արդյոք Հովսեփյանը չի՞ օգնել, որ անխոչընդոտ ձեռք բերվի թույլտվություն․․․վկան ասում է՝ ոչ, ես տեղեկություն չունեմ այդ մասին։ Այն մասին, որ իբր Հովսեփյանը մի անգամ գնացել է գյուղ, ինքը չի տեսել Հովսեփյանին, կինն այդ մասին ցուցմունքում ասաց, որ ուղղակի գյուղում էին խոսում, որ Հովսեփյանը եկել է։ Ո՞նց է՝ գյուղում խոսում էին, բայց գյուղապետը դրա մասին չգիտի։

Ուզում եմ ուշադրություն հրավիրել այս բոլոր անհեթեթությունների վրա, ինչ քննիչն ուզել է սարքել նախաքննության ընթացքում, առաջինն ու վերջինը սա չի լինելու քննիչի կողմից կեղծ ապացույցների ձգտելու, քրեական գործում խցկելու համար։ Ակնհայտ է՝ կնոջ ու ամուսնու՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները չեն համապատասխանում։ Ինձ մինչև այդ մարդու մահը հայտնել են, որ այդ սպառնալիքը քննիչի կողմից եղել է»։

Նախագահող դատավորը Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեց՝ գործով վկա, նրա որդին՝ Նարեկ Հովսեփյանը ինչո՞ւ չի ներկայանում դատարան։ Աղվան Հովսեփյանը պատասխանեց՝ ԱՄՆ-ում է, ամուսնացել է․ «Մոտ ժամանակներս կգա Հայաստան»։ Դատավորն ասաց, որ երբ Նարեկ Հովսեփյանը գա Հայաստան, տեղեկացնեն, որ ներկայանա դատական նիստին։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031