Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է, այն արդարացրել է իրեն, մասնավորապես՝ որպես տարածաշրջանային հարթակ, որը նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանը, ինչպես հայտնում է Apa-ն, այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բեղային:
Նա նշել է, որ «Հարավային Կովկասի երկրները պետք է ամրապնդեն տարածաշրջանային մեխանիզմները՝ անդրտարածաշրջանային միջամտությունը կանխելու համար, և Իրանն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ»։
««3+3» ձևաչափը պատմական է Հարավային Կովկասում։ Այն ստեղծվել է տարածաշրջանի երկրների, որոնց թվում են նաև Ադրբեջանը և Հայաստանը, և Հարավային Կովկասը ներառող պետությունների միջև խորհրդակցությունների համար։ Մինչ օրս բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել տարբեր երկրներում, և առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Թեհրանում։ Այս մեխանիզմը, մասնավորապես, ապացուցել է իրեն որպես տարածաշրջանային հարթակ, որը նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի լուծմանը», – նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը կողմ էր արտահայտվել Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ «3+3» երկխոսության ձևաչափին, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմի։