«Հետք». Բելառուսից արտահոսած ներքին շրջանառության փաստաթղթերը ցույց են տալիս, որ բելառուսական որոշ զինատեսակներ 2020 թ. Ադրբեջանի կողմից կիրառվել են Լեռնային Ղարաբաղում հայ զինվորականների դեմ:
ՀՀ կառավարության համար Բելառուսի կողմից իր թշնամուն զենքի վաճառքը հատկապես մտահոգիչ է, քանի որ այս երկու երկրները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են: Չնայած նույն դաշինքի անդամ լինելուն՝ զենք արտադրող բելառուսական «Տետրաէդր» մասնավոր ընկերությունը, վերջինիս արտահոսած էլեկտրոնային նամակների եւ ներքին զեկույցների համաձայն, օգնել է Ադրբեջանին թարմացնել իր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը:
Արտահոսած փաստաթղթերը ձեռք են բերել Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) եւ վերջինիս գործընկերներ «Հետքն» ու «Բյուրո Մեդիան», որը հիմնել են վտարանդի բելառուս լրագրողները:
«Տետրաէդրի» ներքին զեկույցներից մեկում նշվում է, որ Ադրբեջանի թարմացված ՀՕՊ համակարգերը «ակտիվորեն կիրառվել են» 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Զեկույցում ասվում է, որ «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները (սրանք խորհրդային «Ս-125» համալիրի՝ «Տետրաէդրի» կողմից մոդեռնիզացված տարբերակն են) խոցել են հայկական 11 ԱԹՍ:
Կարդացեք նաև
Ըստ այդմ՝ խոցումները կատարել են 3 (խոցել է 3 հատ ԱԹՍ), 2 (խոցել է 2 հատ ԱԹՍ), 28 (խոցել է 3 հատ ԱԹՍ) եւ 11 (խոցել է 3 հատ ԱԹՍ) գործարանային համարներով համալիրները:
«Տետրաէդրի» զեկույցի համաձայն՝ 2020 թ. պատերազմի ժամանակ արկի պայթյունից մեկնարկային դիրքում աննշան վնասվածքներ է ստացել «Պեչորա-2ՏՄ» համալիրներից մեկը (գործարանային համարը՝ 14): X սոցցանցում էլ առկա է մի տեսանյութ, որին կից մեկնաբանության մեջ ասվում է, որ [հայկական] ԱԹՍ-ն հարվածում է «Պեչորա-2ՏՄ»-ի մարտկոցի կառավարման կենտրոնին, բայց, ըստ էության, ոչ թե ոչնչացնում է, այլ միայն վնասում:
Բելառուսական ընկերությունից արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Տետրաէդրը» ադրբեջանցի գործընկերների հետ 2006-2020 թթ. առնվազն 16 պայմանագիր է ստորագրել: Դրանք վերաբերել են գույքի առքուվաճառքին/մատակարարմանը եւ ծառայությունների մատուցմանը: Պայմանագրերից երկուսը, որոնք ստորագրվել են 2017 թ. դեկտեմբերի 26-ին եւ վերաբերել են «Պեչորա-2ՏՄ»-ի տեխնիկական սպասարկմանն ու ընթացիկ վերանորոգմանը, արժեցել են ընդհանուր 13,3 մլն դոլար: Ընդ որում՝ դրանից առաջ՝ 2017-ի հոկտեմբերին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Բայց հատկանշական է, որ առնվազն 9 պայմանագրերում «Տետրաէդրի» գործընկերը ոչ թե Ադրբեջանի ՊՆ-ն է եղել, այլ մասնավոր մի ընկերություն օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներից՝ N.P.O. Navigation Systems-ը:
N.P.O Navigation Systems ընկերության մասին որոշ մանրամասներ ենք գտել տասնյակ հազարավոր օֆշորային ընկերությունների վերաբերյալ արտահոսած տվյալների թղթապանակում, որը կոչվում է «Պանդորայի փաստաթղթեր»:
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2020 թ. ապրիլի դրությամբ՝ 44-օրյա պատերազմից շուրջ 6 ամիս առաջ, օֆշորային այս ընկերության շահառու սեփականատերերը եղել են 2 ադրբեջանցիներ՝ ռազմական ոլորտի հետ առնչություն ունեցող Ֆուադ Սեյիդալիեւը (Fuad Seyidaliyev) եւ Արիֆ Ռահիմովը (Arif Rahimov): Սակայն հենց ապրիլին էլ նրանք իրենց բաժնեմասերը փոխանցել են իսրայելցի Դավիդ Սուտովսկուն, որը մինչ այդ ընկերության տնօրենն էր: