«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի, նրա մերձավորների եւ իշխանական վերնախավի հայտարարությունները, թե մենք ապրում ենք երբեւէ ամենախաղաղ, ամենաերջանիկ ու բարեկեցիկ ժամանակներում, ասաց. «Իրենք իրենց մասին են խոսում: Երբ ասում են «մենք» խոսքն այդ իշխանական թիմի մասին է: Իրապես իրենց համար սա կարծես թե ոսկե դար է: Դա չի վերաբերում ազգին: Լավ եւ ուրախ ապրելը վերաբերում է հենց իշխանական թիմին:
Առաջին անգա՞մ են համերգներ են լինում: Մենք չե՞նք ապրել այլ տարիներ, երբ համերգներ էին լինում: Ես ուղղակի ապշում եմ. կարո՞ղ է մենք չենք ապրել այլ տարիներ եւ չենք ունեցել համեմատական հանգիստ տարիներ: Ավելին, այդ հանգիստ տարիներին կորցրած չենք եղել Արցախը, չենք եղել վիճակում, որ Հայաստանի Հանրապետության տարածքներն օկուպացված լինեն, որ Ջերմուկի մոտ ադրբեջանական զինված ուժերն անընդհատ փորձեն առաջ գալ:
Ինչ է, այստեղ սո՞ւգ է եղել, սո՞վ է եղել: Դա ի՞նչ գլուխ գովելու բան է: Ես իմ հարցին պատասխանեմ: Նայեք, հիմա ադրբեջանցիները ամբողջ աշխարհի պատմությունը սկսում են իրենցից: Այդ նույն հիվանդության ախտանշանները կան այս իշխանությունների մոտ: Այսինքն, սրանք ուզում են ցույց տալ, որ այն ամենը, ինչ այսօր կա Հայաստանում՝ իրենց կողմից է ստեղծված: Սիրելիներս, ցույց տվեք ինձ որեւէ հասարակական օգտագործման շինություն, որը կառուցվել է այս տարիներին, մի ազատագրված տարածք: Ցույց տվեք ինձ մեր ինքնիշխանությունը բարձրացնող մի հանգամանք:
Այս բոլորն ինչի՞ համար են ասում: Ոչ միայն ուզում են խաբել, այլ ուզում են հաղթել եկող, չգիտեմ, արտահերթ, թե հերթական ընտրություններում: Այո, կան մարդիկ, որոնք հիպնոսացված են այդ խոսքերով: Ոչ միայն մի երկու կոպեկ ավել ստացած մարդիկ: Այդպիսիք կան հենց բիզնեսմենների մեջ, բարձրագույն կրթություն ստացած մարդկանց մեջ: Եվ պետք է հստակեցնենք, որ ունենք վտանգ ոչ միայն ու ոչ այնքան այս իշխանություններից, որքան հասարակության վիճակից, որի մեջ մենք հայտնվել ենք: Եվ դա շատ ավելի խորքային է, ավելի դժվար հաղթահարելի:
Կարդացեք նաև
Պետք է ասեմ, որ բոլոր այն փորձագետները, վերլուծաբանները, որոնք ասում են՝ այս իշխանությունները կառուցում են ոստիկանական, ավտորիտար պետություն եւ այլն, նրանք մեղմ են արտահայտվում: Փաստորեն, մենք բռնապետական, ժամանակակից, այո, համերգներով, լոպեսներով բռնապետության մեջ ենք, որը ստեղծվում է այս կոնկրետ կուսակցության կողմից:
Էլի եմ ասում, իրապես այս իշխանությունը ուզում է ձեւացնել, թե այն, ինչ այսօր կա Հայաստանում, իրենց օրոք է ստեղծվել: Բայց այս իշխանությունը իրեն կարող է վերագրել հրավիրված պատերազմը, հանձնումը, ամբողջովին հակաիրավական եւ հակասահմանադրական գործողությունները, Հայաստանում հասարակական, անգամ քաղաքական հաստատությունների վերացումը, օկուպացված տարածքներում ադրբեջանական զինված ուժերի ամրապնդումը եւ մետր առ մետր առաջխաղացումը»,-ասաց տիկին Ալավերդյանը:
Բանախոսը նաեւ ցավով նշեց, որ գործող իշխանությունը այս ամենով պարծենում է: «Որովհետեւ ես ինչքան լսում եմ, օրինակ, հրահրված պատերազմը եւ պայմանավորված կապիտուլյացիան իրենք համարում են իրենց հաղթանակը: Ասում են, մենք ոչ թե Արցախ ենք հանձնել, այլ Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունն ենք ամրապնդել»:
Լարիսա Ալավերդյանը մեկ անգամ եւս ասաց, որ ինքն այս իշխանությանը դավաճան չի համարում եւ ուզում է, որ բազմապատկման աղյուսակի նման հանրությանը պարզ լինի, որ իր իսկ ձեւակերպմամբ. «Այս իշխանությունը եկել է օր առաջ Արցախը հանձնելու Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնելու տարածք, որը ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ