-Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ, մեկանգամյա գործողություն չէ: Կապիտուլյացիան շարունակական երեւույթ է, այդ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն, եթե փոխվեն կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած եւ այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները: Երբեք չենք ասել, որ Ադրբեջանի հետ բանակցություններ չպետք է վարել, իհարկե, պետք է վարել, բայց ո՛չ կապիտուլյանտի դիրքերից եւ ո՛չ զիջումների առումով գերագույն ջանք գործադրելով եւ իշխանությունը պահելու նպատակով,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության սկսած իմպիչմենտի գործընթացին, որը այդպես էլ հաջողություն չունեցավ, չդարձավ հարթակ, Սերժ Սարգսյանը շարունակեց. «Չդարձավ, բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգը գոյություն չունի, ու չի նշանակում, որ չենք շարունակելու այդ օրակարգով առաջ շարժվել: Մեր նպատակն ու ծրագրի բաղկացուցիչ մասը դա է, եթե ուրիշներն այլ ծրագիր ունեն, մենք հաճույքով կդիտարկենք եւ կառուցողական մոտեցում ցույց կտանք»:
Հարցին՝ փողոցային պայքար նախատեսո՞ւմ են, ՀՀ 3-րդ նախագահն այսպես արձագանքեց. «Առանց փողոցային պայքարի չի կարող լինել անվստահության գործընթաց»:
Մեկ այլ հարցի՝ ՀՀԿ պատրաստվո՞ւմ է մասնակցել 2026 թվականի ընտրություններին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մենք այդ մասին որոշում չունենք, այդ մասին դեռեւս չենք մտածում, որովհետեւ մեր օրակարգը անվստահություն հայտնելն է, հետո կերեւա»:
Կարդացեք նաև
Այլ հարցի, թե Սամվել Կարապետյանի ուժի հետ գործակցություն տեսնո՞ւմ են, պատասխանեց՝ ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում են, եթե այդ գործակցության եզրերն ու մեթոդները իրենց համար ընդունելի են: 3-րդ նախագահը նաեւ խոստովանեց՝ Սամվել Կարապետյանին ինքն էր խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը: Որովհետեւ, ըստ Սերժ Սարգսյանի, ՀԷՑ-ը շատ վատ վիճակում էր, պետք էր մարդ, որը սրտացավություն ցուցաբերեր ու ցանկանար տեւական ժամանակ շահույթ չհետապնդել, այլ ներդրումներ աներ, ինչը մինչեւ գոնե 2018 թվականը Կարապետյանը կատարել է:
Անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացին, պարոն Սարգսյանը զարմացավ. «Ի՞նչ է նշանակում ազգայնացնել, հապշտապ օրենք ընդունել, նշանակումներ անել ու գնալ ուրիշի սեփականությունը կառավարել…»:
2018 թվականին Փաշինյանի վերաբերյալ իր հայտարարությունների մասին հարցերին ի պատասխան՝ ՀՀ 3-րդ նախագահը կոչ արեց զինվել համբերությամբ. «Ես արդեն հայտարարել եմ՝ 2018-ի մասին այլեւս չեմ խոսելու. խոսելու եմ մեկ անգամ ուղիղ եթերով: Լցվեք համբերությամբ, սպասեք այդ ուղիղ եթերին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ