«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում պատմեց երկու օր առաջ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի առջեւ մի խումբ եվրոպամետների կազմակերպած ակցիայի մասին, որոնք պահանջում էին ռազմաբազան դուրս բերել Հայաստանից՝ հայտարարելով, որ Հայաստանի սահմանը պետք է պաշտպանեն Հայաստանի զինվորները:
«Պետական մակարդակով ամբողջ ոստիկանական զորքը կցված էր՝ այդ 20 հոգանոց խմբին հեռու պահելու հայ մարդկանցից, որոնք հավաքվել էին այնտեղ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը այդպիսի մութ ուժերի ձեռքով չգնա թրքացման: Այնտեղ էին նաեւ «Համահայկական ճակատ» շարժումը, «Համահայկական ճակատ» կուսակցությունը:
Մենք բոլոր մուտքերով փորձեցինք մոտենալ ռազմաբազային, աջակցություն հայտնել ռազմաբազայի զինվորներին, որոնք տարիներ շարունակ մեզ պաշտպանել են թուրքական հարձակումներից, դիվերսիաներից: Ոստիկանական բոլոր զորքերը պատ կազմած մեզ ասում էին, որ այդտեղով մենք չենք կարող մտնել, պետք է Արման Բաբաջանյանի թիմը մտնի, գնում էինք, ասում էին այստեղով չեք կարող անցնել, քանի որ բաբաջանյանենք պիտի անցնեն: Ու անգամ մեզ չէին էլ ասում, որ նրանք արդեն այնտեղ են: Ես եմ ոստիկաններին հարցրել, թե ինչպես եղավ, որ դուք իրենց փաստորեն ուղեկցել եք այնտեղ, երբ մեզ չէին թողնում մոտենալ ռազմաբազայի տարածքին:
Մի քանի ավտոբուս ոստիկանական զորք կար, բայց անկախ հարյուրավոր այդ ոստիկանների ջանքերից, «Համահայկական ճակատ» շարժման անդամները շատ սիրուն ներս էին մտել Բաբաջանյան Արմանենց հետ եւ այն պահին, երբ Արման Բաբաջանյանը գոռում էր, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի, մեր տղաները շատ բարձր ձայնով գոռացին, որ հայ-ռուսական հարաբերությունները այլընտրանք չունեն, չենք կարող հայ-ռուսական հարաբերությունները փոխել հայ-թուրքական հարաբերություններով:
Կարդացեք նաև
Մեզ կարող են ասել ռուսահպատակ, շատ այլ բաներ էլ կարող են ասել, որովհետեւ Հայաստանը, ցավոք, կառավարվում է սոցցանցային քաոսային իրավիճակով: Բայց մենք այնտեղ էինք, որովհետեւ շատ լավ գիտակցում ենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազան մեր անվտանգության պատվարն է:
Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Նա ամբողջ Արցախը հանձնեց, որպեսզի ասի ինչ լավ է, որ ռուսները չկան, Արցախը չկա, դրա փոխարեն ռուսները այնտեղ չեն: Հիմա իրենք կարող են Հայաստանն էլ հանձնել, բայց ասել, թե լավ ինչ անենք, կարեւոր է, որ ռուսական ռազմաբազան այնտեղ չէ:
Բաբաջանյանական խեղճ ու կրակ ակցիաները մենք տեսել ենք նաեւ ռուսական դեսպանատան առջեւ՝ ընդամենը մի 15-20 հոգի: Բայց չեմ կարծում, որ այդ խեղճ ու կրակ ակցիաների հետեւում մեծ գումարներ չկան»,-ասաց Ռուզան Ստեփանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ