Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիա-Հայաստան սահմանի բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է». Թուրք պատգամավոր

Օգոստոս 26,2025 21:40

Ermenihaber.am. Թուրքիայի խորհրդարանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմադիր «Դեմոկրատական կուսակցության» խոսնակ, Իզմիրի պատգամավոր Հայդար Ալթընթաշն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Նա հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտությունների ավարտից հետո «նոր ժամանակաշրջանի դռներն են բացվել», ու այսօր այլևս «Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման համար որևէ քաղաքական կամ աշխարհագրական խոչընդոտ չկա»։

Ալթընթաշը կոչ է արել կառավարությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ նշելով, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ լուծվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ այդպիսով վերացնելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերջին խոչընդոտները։

«Սահմանների բացումը կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, այլև ամբողջ Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը»,- շեշտել է պատգամավորը:

Ալթընթաշը, պնդելով, որ ներկայումս Թուրքիայից Ադրբեջան գնացող էներգետիկ և առևտրային ուղիներն անցնում են Վրաստանի երկար և ծախսատար երթուղով, ընդգծել է, որ սահմանների բացման պարագայում այս ուղիներն անցնելու են բնական ճանապարհով՝ արդյունքում կրճատվելով ծախսերը:

«Հայաստանի ներքին հաղորդակցական ցանցերը հասանելի կլինեն նաև Թուրքիայի համար։ Սա լոգիստիկ առումով ռազմավարական առավելություն է։ Կարսում, Իգդիրում, Էրզրումում առևտուրը կզարգանա, իսկ տեղի բնակչությունը տնտեսական առումով կշնչի»,-հավելել է նա:

«Դեմոկրատական» կուսակցության խոսնակը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ կառուցողական երկխոսությունը կնվազեցնի պատմական լարվածությունները, կսահմանի տարածաշրջանային համագործակցության նոր հիմքեր և կակտիվացնի «3+3» հարթակը։

Բացի այդ վերջինս շեշտել է, որ Թուրքիա-Հայաստան սահմանների բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է:

«Դա կծառայի ոչ միայն երկու ժողովուրդներին, այլև ողջ Հարավային Կովկասի խաղաղությանը, բարօրությանը և կայունությանը։ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ»:

Նա հիշեցրել է, որ սահմանները ժամանակին փակվել են իրենց կողմից և վստահեցրել, որ դրանք բացելու ժամանակն է՝ այդպիսով նպաստելով նաև ռեգիոնալ խաղաղությանն ու բարեկամությանը:

 

Աղբյուր`    Bianet.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031