Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է նշանակում Հայաստան-Իրան սահման բերել ԱՄՆ-ին

Օգոստոս 27,2025 14:30

Պարզաբանում է ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը

Հաճույքով լսեցի Ջեֆրի Սաքսի հարցազրույցը «168 ժամին»՝ գործընկերները լավ աշխատանք են կատարել: Ես չգիտեմ, արդյո՞ք հայկական սոցցանցային տարածքում հրապարակումներ եղել են, ըստ որոնց, Կոլումբիայի համալսարանի այդ պրոֆեսորը, համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետը «ռսաստրուկ  է» եւ «ծախվել է Պուտինին». հաշվի առնելով այսօրվա պաշտոնական քարոզչության մտավոր մակարդակը, նման գնահատականները միանգամայն հնարավոր են: Բայց չնախապաշարված մարդկանց ես խորհուրդ կտայի այդ հարցազրույցը լսել:

Ջեֆրի Սաքսը միջազգային քաղաքականության մեջ ռեալիզմի կողմնակիցն է: Թե ինչ է դա նշանակում, կարելի է ցույց տալ հենց մեր եւ Ադրբեջանի հարաբերությունների օրինակով: Եթե դուք ասում եք, որ ճիշտ էր բանակցությունների արդյունքում հասնել հարեւանների հետ խաղաղության (վերջին հնարավորությունը 2019 թվականին էր), ապա դուք  ռեալիստ եք: Եթե դուք ասում եք, որ պատերազմում ջախջախվելով, մենք հասել ենք շատ ավելի լավ արդյունքի, քան կարող էր լինել բանակցված արդյունքը, դուք ոչ միայն տեղյակ չեք մարդկության պատմության հազարամյա փորձին, այլեւ ղեկավարվում եք ինչ-որ անհասկանալի ֆանտազիաներով կամ ավելի վատ բաներով:

Ջեֆրի Սաքսին ես առաջին անգամ լսեցի այս տարվա փետրվարին, երբ նա ելույթ էր ունենում Եվրախորհրդարանում: Մեր ականջի համար գուցե անսովոր հնչի, որ ամերիկյան պրոֆեսորն այդքան կտրուկ է արտահայտվում իր երկրի կառավարության քաղաքականության մասին: Եթե ԵՊՀ պրոֆեսորն այդպիսի  քննադատությամբ հանդես գար Փաշինյանի կառավարության հասցեին, նրան վաղուց կազատեին աշխատանքից: (Հայաստանում մարդիկ խնդիր են ունենում նույնիսկ «սխալ լայք» դնելու համար): Բայց ինչ էլ ասեք ԱՄՆ-ի հասցեին, այնտեղ հարգի է խոսքի եւ ակադեմիական ազատությունը:

Եվրախորհրդարանում Ջեֆրի Սաքսի ելույթի մեխը կոչն էր եվրոպական երկրներին՝ վարել ինքնուրույն, ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն եւ փորձել նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Այն, ինչ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան իրականացրել էին Ուկրաինայում՝ առնվազն 2014 թվականից («մայդան» եւ այլն), տնտեսագետը սխալ էր համարում: Ոչ միայն պարզապես սխալ, այլեւ՝ դեպի պատերազմ տանող քաղաքականություն: Առավել տպավորիչ էր պրոֆեսորի այն պատմությունը, թե ինչպես էր նա 2022 թվականի փետրվարից (Ռուսաստանի՝ Ուկրաինա  ներխուժումից) մոտ երկու ամիս առաջ մեկ ժամ զրուցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի հետ եւ համոզում նրան խուսափել պատերազմից:

Դարձյալ չեմ կարող խուսափել զուգահեռից: Պատկերացնո՞ւմ եք, որ հայաստանյան որեւէ պրոֆեսոր զանգահարեր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կամ ՔՊ-ական որեւէ իշխանավորի եւ փորձեր որեւէ բան համոզել: Եթե նույնիսկ ենթադրենք, որ նման խոսակցություն կարող է տեղի ունենալ, ապա ակնհայտ է, որ ՔՊ-ականը շատ հեռու կուղարկեր այդ պրոֆեսորին՝ ասելով, որ առանց նրա խորհուրդների էլ ամեն ինչ գիտի: Իսկ հետո Ֆեյսբուքում «ստատուս» կգրեր, որ 5-րդ շարասյան ինչ-որ մի փտած երեւույթ համարձակվում էր նրան խելք սովորեցնել:

Ըստ Ջեֆրի Սաքսի՝ իր եւ Ջեյք Սալիվանի խոսակցության հակիրճ բովանդակությունը հետեւյալն է: Սաքս. «Կասեցրե՛ք Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»: Սալիվան. «Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա»: Սաքս. «Ուրեմն, հայտարարեք դրա մասին հրապարակավ»: Սալիվան. «Հրապարակավ՝ չենք կարող»: Սաքս. «Եթե այդպես շարունակվի, պատերազմն անխուսափելի է»: Սալիվան. «Պատերազմ չի լինի»:

Ինչպես բոլոր ռեալիստների մոտ՝ Ջեֆրի Սաքսի դեպքում էլ ամեն ինչ հիմնված է հաշվարկների վրա, ոչ թե նրա վրա, թե ով է լավը կամ վատը, ով է մարմնավորում համաշխարհային բարիքը կամ չարիքը: «168 ժամին» տված հարցազրույցում էլ նա, փորձառու դասախոս լինելով, ամեն ինչ բացատրում է պարզ, «մատների վրա»: ԱՄՆ-ը Իրանի թշնամին է, ապահովելով ԱՄՆ-ի ներկայությունը Իրանի հետ սահմանին (այն էլ 99 տարով), Հայաստանը վտանգում է թե՛ իր, թե՛ տարածաշրջանի կայունությունը: Իսրայելն ու Ադրբեջանը դաշնակիցներ են, Հայաստանն ակամա ներքաշվում է Իսրայել-Իրան հակամարտության մեջ: Հարեւանների հետ պետք է խաղաղություն հաստատել, բայց՝ առանց տասնյակ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկրի ներգրավման: (Նմանատիպ մտահոգություն, ի դեպ, ավելի մեղմ ձեւով արտահայտած, կար նաեւ Ժիրայր Լիպարիտյանի հոդվածում, որը, կարծում եմ, չափից դուրս խիստ քննադատության էր ենթարկվել):

Պատասխանել Ջեֆրի Սաքսի փաստարկներին առարկայական քննադատությամբ՝ շատ բարդ է: Օդի մեջ «սոցցանցային» նկատառումներ հայտնելը հեշտ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031