Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի TRIPP-ն աշխուժացրեց ռուսական կողմին

Օգոստոս 27,2025 12:00

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Երեւան շտապեցին, իսկ 2 օր անց Օվերչուկը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Մուստաֆաեւն Աստրախանում արձանագրեցին, որ առաջնահերթություն են համարում էներգետիկ համագործակցությունը եւ տրանսպորտային կապերի զարգացումը:

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որով Հայաստանն անխոչընդոտ ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին: Համատեղ հռչակագրի դրույթներից մեկի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կիրագործվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity»` TRIPP-ը) նախագիծը, որն Ադրբեջանը Սյունիքի մարզով կկապի Նախիջեւանին:

Մոսկվայի արձագանքը նշյալ փաստաթղթին նախ հիշեցման կարգով մի հայտարարություն էր: Հիմնական մեխը հետեւյալն էր` Մոսկվան 2020-22թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները համարում է արդիական, քանի որ կողմերից ոչ մեկը չի հայտարարել այդ պայմանավորվածություններից դուրս գալու մասին։

Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները, որոնցից չի հրաժարվել կողմերից որեւէ մեկը, շարունակում են արդիական մնալ, եւ արտատարածաշրջանային խաղացողների միանալը պետք է նպաստի խաղաղ օրակարգի ամրապնդմանը, օգոստոսի 9-ին հայտարարեց ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նկատելով` Հարավային Կովկասում լուծումների որոնման գործում տարածաշրջանային խաղացողների ներգրավումը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի։

Այնուհետեւ նա հավելել էր, որ ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն արժանի է դրական գնահատականի, եւ հույս էր հայտնել, որ այն կօգնի խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Ասվեց, որ Մոսկվան կվերլուծի այդ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի հայտարարությունները, որոնք վերաբերում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ «Կարեւոր է հաշվի առնել նաեւ Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու գործոնը, մասնավորապես ՀՀ տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման հարցում», ընդգծել էր նա, միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ Իրանի հետ Հայաստանի սահմանը պահպանում են ՌԴ սահմանապահները, որոնք տեղակայված են 1992թ. միջպետական պայմանագրին համապատասխան։

Մի քանի օր անց ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեեւն էլ հստակեցրեց` Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանով անցնող ճանապարհի շուրջ պայմանավորվածությունների մանրամասները, նկատելով, որ ի դեպ, դրանք դեռեւս հրապարակային չեն: Նա նկատել էր. «Ինչպես արդեն նշել ենք, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը այս դեպքում պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե ստեղծի նոր խնդիրներ եւ նոր բաժանարար գծեր: Անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսին են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։ Դրանք պետք է հաշվի առնվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ մշակելիս»:

Օգոստոսի 15-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախ նկատեց, թե Ռուսաստանն աջակցում է Հայաստանին` «Թրամփի ուղու» հարցում, եթե դա Հայաստանի համար լավ է, սակայն միեւնույն ժամանակ հավելեց. «Մենք քննարկում ենք այս հարցը։ Իհարկե, այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց կարելի է հասնել ակնհայտորեն, առաջանում են որոշ նրբերանգներ, որոնք մենք ստիպված ենք պարզաբանել հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ միասին»։ Ապա հավելեց. «Եթե խոսքը երկաթուղիների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային կապի բարելավման մասին է, ապա ավելի լավ է քննարկել եռակողմ»։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Ալեքսեյ Օվերչուկը պատրաստվում է ժամանել Երեւան: Ի դեպ, Օվերչուկը նույն օրը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան, եւ որ ադրբեջանական կողմի հետ կքննարկեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։

ՌԴ փոխվարչապետը շեշտել էր, որ գոյություն ունի եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով, որն աշխատում է ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության իններորդ կետի իրականացման ուղղությամբ եւ մանրամասն քննարկել է ապաշրջափակման բոլոր նյուանսները։ «Ուստի մեզ, իհարկե, հետաքրքիր է իմանալ, թե կողմերն ինչքանով են առաջընթաց գրանցել այն խնդիրների լուծման հարցում, որոնք քննարկվել են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Որոշ նրբություններ շոշափում են Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերը, առաջին հերթին երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից։ Ուստի մեզ համար շատ հետաքրքիր կլինի լսել, թե արդյոք գտնվել են լուծումներ այդ նյուանսների վերաբերյալ»,- ընդգծել էր նա։ «Այդ դեպքում, իհարկե, եթե այս բոլոր հարցերը լուծված են, ապա մենք պետք է արդեն դա տեղափոխենք տեխնիկատնտեսական հիմնավորումների հաշվարկների հարթություն, դիտարկենք այս նախագծերի տնտեսությունը եւ զբաղվենք ապաշրջափակմամբ։ Բայց դա կրկին կպահանջի եռակողմ ջանքեր՝ մեր, Հայաստանի ու Ադրբեջանի հետ փոխգործակցության շրջանակում, որը եղել է եւ կա»,- նկատել է Օվերչուկը։

Հաջորդ արձագանքը ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի կողմից էր, որը նշեց, թե ԱՊՀ-ն ակնկալում է, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք։ «Մենք կարծում ենք, որ սա տարաձայնությունների վերջնական կարգավորման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին եղած փուլերից մեկն է», – ասել էր նա` հավելելով, որ խաղաղության համաձայնագիրը «թույլ կտա ավելի լիարժեք անցկացնել ԱՊՀ բարձրագույն մարմինների նիստերը այդ հանրապետությունների տարածքներում», հույս հայտնելով, որ այդ հանրապետությունները կկարողանան ավելի ակտիվորեն մասնակցել ԱՊՀ գործունեությանը:

Օգոստոսի 20-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Երեւանում էին: Կառավարությունում կայացել էր երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Նրանց առանձնազրույցից հետո կայացել էր ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին եւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից Մհեր Գրիգորյանը եւ Ալեքսեյ Օվերչուկը երկուստեք ընդգծել էին համատեղ աշխատանքների իրականացման կարեւորությունը առեւտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի եւ մաքսային ոլորտներում: Անդրադարձ է կատարվել համագործակցությանը նաեւ ԵԱՏՄ շրջանակներում: «ՀՀ եւ ՌԴ փոխվարչապետները կարեւորել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում», ասվում էր կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Օվերչուկին ընդունել էր նաեւ Փաշինյանը: Նրանք քննարկել էին Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել էին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։ Նշվում էր, որ կողմերը մտքեր են փոխանակել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Երեւանյան բանակցություններից երկու օր անց Աստրախանում կայացավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի նիստը, որ նախագահում էին Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը եւ Շահին Մուստաֆաեւը։

Մի քանի ամիս Բաքվից Մոսկվայի ուղղությամբ հրապարակային կոշտ քննադատություններից հետո ազդարարվեց, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը առաջնահերթություն են համարում երկկողմ էներգետիկ համագործակցությունը եւ տրանսպորտային կապերի զարգացումը: Այս մասին հայտարարել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները փոխշահավետ են։ Մեր առաջնահերթությունների թվում են տարածաշրջանում տրանսպորտային կապի զարգացման համատեղ աշխատանքը, փոխադարձ հաշվարկներում անկախ ֆինանսական ճարտարապետության ամրապնդումը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, արդյունաբերական համագործակցության զարգացումը, այդ թվում՝ նավաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներում, եւ համագործակցությունը Կասպից ծովում», ընդգծել էր նա: Ռուսաստանցի պաշտոնյան հիշեցրել էր, որ Մոսկվան շարունակում է մնալ Ադրբեջանի երեք խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաեւը Աստրախանում՝ միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստից հետո, ստորագրել էին երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի արձանագրությունը։ Երկու կողմերի պատվիրակությունների կազմում էին` Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախարարությունների եւ գերատեսչությունների, մաքսային ծառայությունների եւ բանկային հատվածի ավելի քան 40 ներկայացուցիչներ։

Ի դեպ, հարկ է նկատել, որ մինչեւ Օվերչուկի` հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ հանդիպումները, Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին նկատել էր, թե` «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցը» կարող է քննարկվել Ալյասկայում Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպման ժամանակ։

Այս հարցով Պուտին-Թրամփ հանդիպումից հետո առավել հստակ տեղեկություններ չհրապարակվեցին, սակայն ակնհայտ է, որ Թրամփի TRIPP-ը նկատելիորեն աշխուժացրել է Մոսկվային: Ըստ ամենայնի, Մոսկվան հակված է մի կողմ դնել վերջին ամիսներին Բաքվից հնչող բավական կոշտ քննադատությունը Մոսկվայի ուղղությամբ եւ վերակենդանացնել Ադրբեջանի հետ երբեմնի փոխշահավետ հարաբերությունները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031