Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնական սկզբունքս է համադրել ջազի ժամանակակից լեզուն մեր ազգային մտածողության հետ»

Օգոստոս 27,2025 12:30

Ասում է հնչյունային ռեժիսոր, գործիքավորող, կոմպոզիտոր Դավիթ Դավթյանը։ Վերջերս թողարկվել է նրա «Sound for Sound» ջազային ալբոմը։

– «Sound for Sound» ջազային ալբոմն առաջին հերթին աչքի է ընկնում որպես ժամանակակից ջազի ազնիվ եւ ինքնատիպ դրսեւորում, որտեղ լսվում է թե՛ դասական ջազային ակունքների հնչողություն եւ թե՛ նորարար մոտեցում՝ ռիթմիկ լուծումների, հարմոնիկ կառուցվածքների եւ մելոդիկ շեշտադրումների մեջ։ Ինչպե՞ս մտահղացար այս ալբոմը, ո՞րն է այս ալբոմի յուրահատուկ կողմը։

– Ալբոմի մտահղացումը կար շատ վաղուց: Էությամբ շատ պատասխանատու եւ ինքնաքննադատ եմ, այդ իսկ պատճառով իմ մեջ շատ երկար ժամանակ խմորում էի այդ գաղափարը, մինչեւ համարձակվեցի եւ անցա գործի: Իմ սկզբունքն է՝ անել կամ շատ լավ, կամ ընդհանրապես չանել: 2020 թվականի հունվարին վերջապես սկսեցի նախապատրաստական աշխատանքները, սակայն COVID-ի համավարակն ընդհատեց դրանք։ Հետո եկավ 44-օրյա պատերազմը… Դրանից հետո երկու տարի ուղղակի սիրտ չկար նույնիսկ ալբոմին անդրադառնալու համար։ Ընկերներս էին, որ անընդհատ հորդորում էին շարունակել, կիսատ չթողնել։ Հետագայում վերսկսեցի աշխատանքը։ Իմ գլխավոր խթանը, մեջս կուտակված երաժշտությունը մարդկանց հետ կիսելու ցանկությունն էր։ Իմ գրաֆիկը չափազանց ծանրաբեռնված է՝ դասավանդում, ուսանողներ, տարբեր ֆիլմերի երաժշտության եւ ձայնային աշխատանքներ, ստուդիայում ձայնագրություններ… Այս պայմաններում շատ դժվար էր ժամանակ գտնել ալբոմի համար, ուստի ստիպված աշխատում էի գիշերները։ Ալբոմի յուրահատուկ կողմը, թերեւս, ջազի ժամանակակից լեզուն մեր ազգային մտածողության հետ համադրելու փորձն է։

– Ալբոմի վերնագիրն ինքնին հետաքրքիր է։ Ի՞նչ խորհուրդ կամ գաղափար է թաքնված այս անվանման մեջ։

– «Sound for Sound – ձայն ընդ ձայնի» անվանման հայեցակարգը երկխոսություն է ավանդականի եւ ժամանակակցի միջեւ։ Դա ոչ միայն ձայնային երկխոսություն է, այլեւ մշակութային, ժամանակային եւ ոճական։ Այն մի կողմից խորհրդանշում է երաժիշտների անկեղծ փոխազդեցությունը, մյուս կողմից՝ իմ անկեղծ երաժշտական ձայնը՝ ի պատասխան ունկնդրի ուշադրության եւ ժամանակի։

– Ալբոմի ստեղծագործություններ միջնամասում ակնհայտ է ժամանակակից ջազի մեջ տարածված բազմաշերտ հարմոնիաները։ Խոսենք այն մարդկանց մասին, որոնց մասնագիտական հմտությունները շատ կարեւոր էին այս ալբոմի ստեղծման ճանապարհին։

– Երբ կոմպոզիցիաներն ու գործիքավորումները պատրաստ էին, սկսվեց ամենաբարդ փուլը՝ երաժիշտների ընտրությունը եւ համախմբումը։ Նրանք պետք է լինեին ոչ միայն վիրտուոզ կատարողներ, այլեւ ինձ հետ համախոհ՝ երաժշտության մեջ։ Այս ալբոմը պարզապես չէր լինի առանց իմ ընկեր-երաժիշտների։ Տղաները, որոնց հետ շատ էի ուզում համագործակցել, մեծ սիրով եւ եռանդով ընդունեցին իմ առաջարկը: Սակայն շատ դժվարություններ կային, քանի որ բոլորը աշխատում էին տարբեր խմբերում, հաճախ տարբեր նախագծերով մեկնում էին հյուրախաղերի, ոմանք ապրում եւ աշխատում են արտերկրներում: Պահանջվեց հսկայական կոորդինացիոն աշխատանք՝ բոլորին Երեւանում համախմբելու եւ գոնե մեկ գործ ձայնագրվելու համար։

Ներկայացնեմ երաժիշտներին՝ կիթառահարներ՝ Արթուր Սողոյան, Վարդան Գաբոյան, սաքսոֆոնահարներ՝ Դավիթ Մելքոնյան, Արմեն Հյուսնունց, Կարեն Մկրտչյան, շեփորահար՝ Երվանդ Մարգարյան, շրթհարմոն՝ Սոս Կնյազյան, բլուլ՝ Ավագ Մարգարյան, քանոն, վոկալ՝ Մար Մարգարյան, վոկալ՝ Իլոնա Սագիյեվա, բաս կիթառահարներ՝ Բենջամին Շեփհերդ, Վարդան Առաքելյան, Ռոբերտ Սիմոնյան, կոնտրաբաս՝ Նիկողայոս Վարդանյան, կլարնետ՝ Ալբերտ Թովմասյան, հարվածային գործիքներ՝ Արման Ջալալյան, Տիգրան Սանոյան, Կարլոս Տիգրիս, Սաշ Աղամյան, Էդուարդ Հարությունյան, բեք վոկալիստներ՝ Աննա Խայխյան, Լյուդվիգ Պետրոսյան։

Անչափ երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրին՝ իրենց նուրբ ու վիրտուոզ կատարումների, պրոֆեսիոնալ եւ սրտացավ վերաբերմունքի համար։

– Հաճախ բախվում ենք ընտրության առաջ՝ շարժվել ավանդական ձեւո՞վ, թե՞ դիմել նոր լուծումների։ Ի՞նչ սկզբունքով ես կառուցել այս ալբոմի կոմպոզիցիաները։

– Իմ մոտեցումը ոչ թե ընտրություն է, այլ սինթեզ։ Ես փորձում եմ կամուրջ կառուցել ավանդականի եւ ժամանակակցի միջեւ։ Հիմնական սկզբունքս է համադրել ջազի ժամանակակից լեզուն մեր ազգային մտածողության հետ՝ ստեղծելով միասնական, օրգանական հնչողություն։

– Կարո՞ղ ես առանձնացնել մի գործ, որը քեզ համար առավել անձնական է։

– Շատ եմ դժվարանում առանձնացնել որեւէ մեկը, քանի որ բոլոր գործերն ինձ համար շատ անձնական են։ Դրանք առանձին պատմություններ են այն իրավիճակների մասին, որոնց մենք բոլորս հանդիպում ենք կյանքում, եւ յուրաքանչյուրն իմ հոգու մի մասնիկն է կրում։

– Մեր օրերում տեխնոլոգիաները մեծապես ազդում են նաեւ երաժշտության վրա։ Որքանո՞վ ես դու բաց լինում տեխնոլոգիական միջամտությանն ալբոմի ստեղծման փուլում՝ ձայնագրման, ձայնամշակման եւ գործիքավորման առումով։

– Ես, բնականաբար, օգտվել եմ ժամանակակից աուդիո ծրագրերից եւ արդի մշակման տեխնոլոգիաներից, հատկապես ձայնագրման եւ ձայնամշակման փուլում։ Սակայն իմ հիմնական ուղեցույցը միշտ եղել է կենդանի, ակուստիկ հնչողությունը պահպանելը։ Կարեւորը երաժշտության հոգին ու կենդանի էներգիան չկորցնելն է։ Ինձ համար տեխնոլոգիան միջոց է, ոչ թե նպատակ։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031