Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Անձի սեփականության իրավունքի շարունակական խախտումը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից

Օգոստոս 27,2025 14:00

Անտեսելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, հարուցված քրեական գործերը, նորմատիվային խախտումները

Տարիներ շարունակ հայ հասարակական-մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա Բենդ» խմբի համահիմնադիր Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը պայքարում է ք. Երեւան, Թումանյան 2-րդ անցուղում գտնվող բակում, իր բնակելի տան անմիջական հարեւանությամբ եւ իր գլխավերեւում, նորմատիվային մի շարք կարգերի խախտմամբ իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարության դեմ՝ կառուցվող «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի կողմից։ Անդրանիկ Մանուկյանի պայքարի արդյունքում տեւական ժամանակ կասեցվել էր նշված հասցեում շինարարական աշխատանքների կատարումը, եւ լրացել էր կառուցապատող ընկերությանը նախկինում Երեւանի քաղաքապետի կողմից տրված շինարարական աշխատանքների կատարման թույլտվության ժամկետը։

Նշված գործով Անդրանիկ Մանուկյանի շահերը ՀՀ Սահմանադրական դատարանում, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է փաստաբան Առնոլդ Վարդանյանը, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր կողմից ներկայացված դիմումը ամիսներ շարունակ տեւած քննության արդյունքում վերջերս բավարարվել էր ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից եւ 2025 թ. հուլիսի 4-ին հրապարակված ՍԴՈ-1789 որոշմամբ արձանագրվել էր, որ՝

  1. Նախեւառաջ, ք. Երեւան, Թումանյան 2-րդ անցուղում գտնվող հողատարածքի նկատմամբ, որը ներառված է իրականացվող շինարարության տարածքում, Անդրանիկ Մանուկյանն ունի սեփականության իրավունք, ինչի կապակցությամբ կիրառելի են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով, ինչպես նաեւ Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքները (տե՛ս ՍԴ որոշման 48-րդ կետը),
  2. Բացի այդ, բարձր դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել Անդրանիկ Մանուկյանի սեփականազրկում՝ կիրառման ենթակա նորմերին տրված հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում (տե՛ս ՍԴ որոշման 93-րդ կետը)։

Միաժամանակ, փաստաբանը հայտնեց, որ մինչեւ նշված որոշման կայացումը, դեռեւս 2025թ. ապրիլի 21-ին, ինքը դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ տեղեկացնելով ՀՀ Սահմանադրական դատարանում քննության առնվող դիմումի, ինչպես նաեւ նորմատիվային պահանջների խախտման եւ նախագծային փաստաթղթերի կեղծման կապակցությամբ հարուցված քրեական գործերի մասին, խնդրելով, որ այդ հասցեում նշված կառուցապատողի կողմից նոր շինթույլտվություն ստանալու դիմում ներկայացնելու դեպքում, մերժել այն՝ մինչեւ թույլ տրված ապօրինությունների հիմքով հարուցված քրեական գործերի, այնպես էլ այդ կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանում խնդրո առարկա դիմումի քննության ավարտը։

Ի պատասխան ներկայացված դիմումի՝ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանի կողմից հայտնվել էր, որ ներկայացված հանգամանքները Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունվել են ի գիտություն։

Ուշագրավ է այն, որ 2025 թ. հուլիսի 4-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կայքէջում (concourt.am) Անդրանիկ Մանուկյանի փաստաբան Առնոլդ Վարդանյանի կողմից ներկայացված դիմումի բավարարման մասին որոշումը հրապարակվելուց ընդամենը հինգ օր անց՝ կառուցապատող ընկերության կողմից Երեւանի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի հասցեում շինարարական աշխատանքների կատարումը վերսկսվել է, ընդ որում՝ շինարարական աշխատանքների իրականացման հրապարակ ժամանած ոստիկանության աշխատակիցների պնդմամբ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից ընդամենը հինգ օր անց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից «Օկտագոն» սպառողական կոոպերատիվին տրվել է շինարարական աշխատանքների կատարման նոր թույլտվություն՝ մինչեւ 2027 թվականը։ Այսինքն, Երեւանի քաղաքապետի կողմից այն տրվել է՝ անտեսելով ինչպես ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող քրեական գործերը։

Արդյունքում, ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նշված՝ Անդրանիկ Մանուկյանի սեփականազրկված հողատարածքը ներառող հատվածում՝ նույն Երեւանի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5-րդ հասցեում, այս պահին «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի կողմից շարունակվում է բազմաբնակարան շենքի շինարարությունը եւ հենց այդ հատվածում է վեր խոյանում շենքի հիմնասյուների մի հատվածը։

Փաստաբանը հայտնեց, որ այս խախտումների մասին տեղյակ են պահվել եւ պաշտոնական գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին, որոնք շարունակում են լուռ մնալ եւ հանդուրժել «ամեն գնով» նշված հասցեում շինարարական աշխատանքների կատարման՝ կառուցապատող ընկերության ապօրինությունները։

Փաստաբանը հիշեցնում է, որ դեռեւս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումներով եւ մի շարք գրություններով հստակորեն եւ անվերապահորեն արձանագրվել է, որ նշված շինարարությունն իրականացվում է նորմատիվային կոպիտ խախտումներով՝ ընդգծելով, որ կառուցվող շենքը չի գտնվում իր տեղում, խախտված է շենքի տեղադիրքը, կառուցապատողն իրականացրել է Անդրանիկ Մանուկյանի տարածքի հողազավթում, պահպանված չեն հրդեհային անվտանգության կանոնները, կառուցապատման նախագծում առկա են առերեւույթ կեղծման վերաբերյալ տվյալներ։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն այդ խախտումների մասին պաշտոնական հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ շինարարական իրավախախտումները թե՛ որակական, թե՛ քանակական առումներով բնութագրվում են հանրորեն բարձր վտանգավորությամբ։ Նման պայմաններում, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից շինարարական աշխատանքների կատարման նոր թույլտվություն պարզապես տրվել չէր կարող։

Փաստաբանը հայտնեց, որ նշված փաստական հանգամանքների մասին հրատապ կարգով համապատասխան դիմում է հասցեագրվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ի լրումն նախկինում այս հարցերով իր կողմից ներկայացված գանգատին՝ ընդգծելով պետական իրավասու մարմինների համատարած անտարբերությունը Երեւանի սրտում տեղի ունեցող այս ապօրինության նկատմամբ։

«Առավոտի» իրավական էջ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031