Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
«Ճի՞շտ է, որ Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այսօր բոլոր լրատվամիջոցները և տելեգրամյան հայկական խմբերն ակտիվորեն քննարկում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի երեկվա հայտարարությունը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:
Հիշեցնեմ, որ Նեթանյահուն հարցազրույցում հայտարարել է, թե Իսրայելի Քնեսեթն (խորհրդարանը) ընդունել է ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ ինչ վերաբերում է անձամբ իրեն, ապա՝ այո, նա նույնպես ճանաչում է ամեն ինչ:
Ընկերներ, իսկ դուք իսկապե՞ս ուշադիր եք ունկնդրել Նեթանյահուի հետ հարցազրույցը: Թե՞, ինչպես միշտ, վստահում եք լրագրողներին և բլոգերներին, որոնք սիրում են միմյանցից պատճենել չստուգված տեղեկատվությունը և ներկայացնել այն որպես ճշմարտություն:
Կարդացեք նաև
Նեթանյահուն ստեց. Իսրայելի Քնեսեթը երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2018 թվականի մայիսին որոշում է կայացվել ՀԱՐՑԸ ԴՆԵԼ ՔՆՆԱՐԿՄԱՆ Քնեսեթի լիագումար նիստում: Սակայն բանաձևի վերաբերյալ քվեարկություն այդպես էլ չեղավ, քանի որ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը (ծնունդով Չեռնովցիից՝ հարավային Ուկրաինա) հարցը հանեց օրակարգից: Քվեարկություն նույնիսկ տեղի չունեցավ:
Ինչ վերաբերում է անձամբ Նեթանյահուին, ապա այո, նա ասել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բայց նա իսրայելցի առաջին քաղաքական գործիչը չէ, որը նման հայտարարություններ է անում: Նրանից առաջ այդ մասին խոսել է նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ընդ որում՝ Շառլ Ազնավուրի հետ զրույցում, իսկ դրանից էլ առաջ այդպիսի հայտարարություն է արել Իցհակ Ռաբինը:
Խնդիրն այն է, որ սա անձի անձնական դիրքորոշումն է, բայց ոչ՝ պետության պաշտոնական փաստաթուղթ:
Ես ասել եմ և կշարունակեմ ասել՝ ցավոք, Իսրայելը չի ճանաչի ցեղասպանությունը, քանի դեռ Իրանում գոյություն ունի այաթոլլայի ռեժիմը, և քանի դեռ հակամարտությունը երկու երկրների միջև չի լուծվել: Որովհետև առանց Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության, Իրանի դեմ դժվար կլինի ցանկացած գործողություն:
Իսրայելական ոչ մի կառավարություն պետության ռազմավարական շահը չի փոխանակի մի թղթի հետ, որը անկասկած կարևոր է բարոյական և էթիկական տեսանկյունից, բայց Իսրայելի դիրքերը կթուլացնի Իրանի հետ հակամարտությունում:
Նեթանյահուի խոսքը կրկին լսեք, բայց՝ ուշադիր և պատրանքներ մի՛ ունեցեք, քանի որ հրաշքներ տեղի չեն ունենում»:
Հիշեցնենք՝ Իսրայելի վարչապետի այս հայտարարությունը քննադատության է ենթարկել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ նշելով, որ Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունն արժանահավատ կլինի այն դեպքում, երբ դրան հետևի Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի չեղարկումը, ինչպես նաև Թուրքիայի վրա Իսրայելի ճնշումը, որպեսզի այդ երկիրը վերջ դնի ժխտողականության քաղաքականությանը։
Հակառակ պարագայում, ըստ Համբարյանի՝ նման հայտարարությունը սեփական խախտումները քողարկելու մարտավարական քայլ է: