«Նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի եւ ամբողջ տարին ակտիվորեն խրախուսում էինք տարբեր քննարկումներ, աշխատաժողովներ, փառատոներ, նախագծային աշխատանքների ներկայացումներ: Տարվա արդյունքներն ամփոփելով՝ տեսնում ենք, որ իսկապես լուրջ ձեռքբերումներ ենք գրանցել»,-Մատենադարանում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Պետությունն իրականացնում է բաժանորդային ծրագիր, որը հնարավորություն է տալիս մեր դպրոցականներին այցելել թանգարաններ, թատրոններ եւ համերգասրահներ: 2025թ. առաջին կիսամյակի ցուցանիշներով՝ ավելի քան 210000 դպրոցականներ այցելել են թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ: 2024թ նույն ցուցանիշը 176000 էր, այսինքն` մենք էական աճ ենք գրանցել»,-ասաց նախարարը:
Ի թիվս այլնի, նա ներկայացրեց նաեւ 2025-2026 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները՝ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման փուլային ընթացքը, ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով իրականացվող աշխատանքները:
Պատասխանելով մարզերում տնօրենների թափուր հաստիքների վերաբերյալ լրագրողի հարցին, Ժաննա Անդրեասյանը նշեց. «Դպրոցների տնօրենների նշանակման գործընթացը մրցութային է: Որպեսզի որեւէ մեկը նշանակվի դպրոցի տնօրեն, պետք է համապատասխանի պահանջներին, սկզբում հաջողությամբ հաղթահարի հավաստագրման փուլը, որը ղեկավարման իրավունքի հնարավորություն է տալիս, այնուհետեւ զարգացման ծրագիր ունենա, որը դրական է գնահատվել, եւ հարցազրույցը հաղթահարի, որը տեղի է ունենում նախարարությունում:
Կարդացեք նաև
Եթե որեւէ մեկը հաղթահարում է այս փուլերը, նշանակվում է տնօրեն, եթե չի հաղթահարում, չի նշանակվում, սա հստակ պահանջներ ունեցող գործընթաց է: Ամեն 100 հավակնորդից 5-ն է կարողանում հաջողությամբ հաղթահարել եւ նշանակվել: Սա ակնհայտ է դարձնում, որ ոլորտում կարողությունների զարգացման խնդիրներ կան»: Նա ասաց, որ ունեն փորձաշրջանով նշանակված հավակնորդներ, ինչը լրացուցիչ ճկունություն է հաղորդում գործընթացներին:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ