Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ իրավապահ մարմիններին. Ձեր կողմից փնտրվող անձը ներառված է միջազգային գիտաժողովում որպես խոսնակ

Օգոստոս 27,2025 15:57

Օրերս հրապարակային աղբյուրներից հայտնի դարձավ, որ սույն թվականի հոկտեմբերի 3-ից 5-ը Երևանում, «Անի Պլազա» հյուրանոցում կայանալու է միջազգային «Aratta Congress 2025» գիտաժողովը՝ նվիրված «Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» թեմային։ Հրապարակված տեղեկատվություններից պարզ է դառնում միջոցառման ֆորմատը և օրակարգը, որը ենթադրում է մասնագիտական քննարկումներ պլաստիկ վիրաբուժության ոլորտում գործնական փորձի և խնդիրների շուրջ։ Կոնգրեսին, ըստ նույն աղբյուրների, մասնակցելու են ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից հրավիրված մասնագետներ։

Ուսումնասիրելով խոսնակների ցանկը և վերջիններիս մասնագիտական կենսագրությունները՝ նկատվում է, որ իրենց ոլորտում ճանաչված ու հարգված բժիշկների՝ օրինակ՝ Արտավազդ Սահակյանի, Արմեն Հովհաննիսյանի և այլոց կողքին որպես խոսնակ ընդգրկվել է մի անձ, որի գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները նախաձեռնել են քրեական վարույթներ: Խոսքը մասնավորապես խարդախության, կեղծ փաստաթղթեր օգտագործելու և մասնագիտական սխալների հիմքով մարդուն մահ պատճառելու հարուցված գործերի մասին է, ինչը լրջագույն կերպով հարվածում է միջոցառման հեղինակությանը և հարիր չէ լուրջ մասնագիտական համայնքի չափորոշիչներին։

Նշեմ նաև, որ «Aratta Congress» ֆեյսբուքյան պաշտոնական էջում առկա հայտարարության մեջ նշված են միայն միջոցառման օրը, վայրը և ընդհանուր թեման, սակայն բացակայում են կազմակերպիչների տվյալները, կոնգրեսի նպատակները, ինչպես նաև խոսնակների ընտրության չափանիշները։ Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ հասարակության շրջանում, հատկապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նմանօրինակ միջոցառումները ձևավորում են հանրային վստահություն բժշկի ու բժշկության նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում միջոցառման կազմակերպիչներին հանդես գալ բաց ու թափանցիկ պարզաբանումներով, ներկայացնել կազմակերպիչների կազմը, խոսնակների ընտրության գործընթացը և միջոցառման ակնկալվող արդյունքները։ Միևնույն ժամանակ, հորդորում եմ մասնագիտական կառույցներին և հանրային վերահսկողություն իրականացնող մարմիններին հետևել նման միջոցառումների բովանդակության և մասնակիցների հետ կապված հարցերին՝ ապահովելու ոլորտի բարեվարքությունը և հանրության վստահության պահպանումը։

Իսկ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ քննչական կոմիտեի նախագահից, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահից պահանջում եմ արձանագրել, որ Ձեր կողմից փնտրվող անձը ներառված է «Aratta Congress» ֆեյսբուքյան պաշտոնական էջում որպես խոսնակ: Հետևաբար, այս արձանագրումից հետո անհրաժեշտ է ընդունել քրեական վարույթների շրջանակում անհրաժեշտ վարույթային ակտեր՝ մեղադրյալ ներգրավել Ձեր կողմից փնտրվող անձին:

Զարուհի Փոստանջյան

27 օգոստոսի, 2025 թվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031