Ermenihaber. Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կառուցելու է ենթակառուցվածքների, մայրուղիների, երկաթուղային համակարգերի, բնական գազի և նավթի խողովակաշարերի, էներգետիկայի և բնապահպանական նախագծերի ոլորտում գործունեություն ծավալող թուրքական «Kalyon» հոլդինգը։ Հոլդինգի կառավարման խորհրդի նախագահն է Մուրաթհան Քալյոնջուն։
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Քալյնոջուի խոսքով՝ նախագիծը, որը ծովային ճանապարհի պահանջած կես ժամանակահատվածում տեղափոխման հնարավորություն է առաջարկելու, Միջին Ասիայից մինչև Եվրոպա տրանսպորտային հաղորդակցության գործում կարևոր լոգիստիկ կամրջի գործառույթ է իրականացնելու։ Նա շեշտել է, որ աշխատելու են Թուրքիայի կլիմայական հանձնառությունների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխան։
Ըստ Քայլոնջուի՝ Թուրքիայի արտաքին առևտրի մեջ, որը գերազանցում է 600 մլրդ դոլարը, շատ փոքր մասն է երկաթուղային փոխադրումներից ստացվում։ Երկաթուղիների բաժինը արտաքին առևտրի բեռնափոխադրումներում 1 տոկոսից ցածր է։ Այս նախագծով, որն ունենալու է 15 մլն տոննա բեռնափոխադրման թողունակություն, նախատեսվում է այդ մասնաբաժինը հասցնել 4 տոկոսի: