Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք ուզում գնալ կոմպրոմիսի. Նախարարը՝ բացակայող դասագրքերի մասին

Օգոստոս 27,2025 15:52

«Երբ 2023թ առաջին անգամ գնացինք նոր դասագրքերի տպագրության՝ նոր բովանդակության, մեր երկրում ավելի քան 15 տարի նման պրոցես չէր եղել, այդ տրամաբանության մեջ նոր դասագրքեր չէին ստեղծվել, մենք ընդամենը ունեինք գործող դասագրքերի վերահրատարակություններ»,-Մատենադարանում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Լավ դասագիրք ստեղծելու համար համապատասխան կարողություններ են պետք: Այս տարի մենք նկատում ենք դասագրքերի էական որակական փոփոխություններ, ես չեմ խոսում տպագրության որակի մասին, որը խստորեն վերահսկում ենք, այլ խոսում եմ բովանդակության մասին… Նոր հեղինակային խմբեր են հայտնվել, մարդիկ սկսել են փորձառություն ձեռք բերել նյութերի ձեւավորման եւ ներկայացման հարցում: Այնպես որ, մենք շատ լավ դասագրքեր ունենք: Եթե բացեք մեր մեդիա դաշտը, կարող եք տեսնել ընդամենը 1-2-3-4 դասագրքի մասին ինչ-որ նյութեր, քննադատություն, դիտարկումներ, որոշ դեպքերում իսկապես տեղին, որոշ դեպքերում ուղղորդված, բայց մենք խոսում ենք ավելի քան 220 գրքի մասին»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերվում է ավագ դասարանների բացակայող դասագրքերին, այս մասին էլ նշեց. «Այնպես չի, որ գրքեր չեն ներկայացվել, ունենք առարկաներ, որոնցից գրքեր ներկայացվել են մրցույթի, բայց դրանք չեն հաղթահարել փորձաքննությունը: Մենք չենք ուզում գնալ կոմպրոմիսի: Օրինակ` քիմիան եւ կենսաբանությունը կարեւորագույն առարկաներ են: Եվ եթե մենք մասնագիտական եզրակացություն չունենք, որ դրանք պատշաճ որակի են, չի կարելի ուղղակի գիրք լինելու համար գիրք տպագրել եւ ուղարկել դպրոցներ: Այսինքն, սա նաեւ մեր սահմանած որակական շեմն է»,-ասաց նախարարը՝ պատասխանելով դասագրքերի վերաբերյալ լրագրողի հարցին:

«Մրցույթների արդյունքում չհաստատված մի քանի գրքերի փոխարեն դպրոցները շարունակելու են օգտագործել հին գրքերը, այսինքն՝ դասագրքերի բացակայության մասին խոսք չկա: Մենք ունենք ընդամենը 3 առարկա, որը 11-րդ դասարանի բնագիտությունն է, որը նոր առարկա է եւ նախկին դասագիրք չկա, եւ 10-րդ ու 11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն»-ներն են, որոնք ուսումնական թղթապանակներով են իրականացվելու: Բայց նաեւ կան հայտարարված մրցույթներ, որոնք հոկտեմբերին բացվելու են: Ես բոլորովին չեմ բացառում, որ երկրորդ կիսամյակում այս երեք առարկաներից նույնպես դասագրքեր կունենանք»,-հավելեց նա:

Ինչ վերաբերվում է ուսումնական թղթապանակ կոչվածին, նախարարն ասաց, որ այն առարկայի ծրագրին համապատասխան յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ անհրաժեշտ նյութերի հավաքածու է, թղթապանակները կարող են տրամադրվել էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031