«Այս պահին քոլեջներում ընդունելության արդյունքների վերջնական ամփոփման փուլում ենք, որովհետեւ քոլեջներում ընդունելության գործընթացն ավելի ուշ ժամկետում է իրականացվում: Բայց առանց լրացուցիչ փուլը հաշվի առնելու՝ ասեմ, որ արդեն իսկ լավ ցուցանիշներ են գրանցվել, քան նախորդ տարի, մասնավորապես միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով միայն առաջին փուլում ընդունվել է 825 դիմորդ, մինչդեռ անցյալ տարի առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքներով՝ 717 դիմորդ էինք ունեցել»,- ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծեց, որ պետության կողմից կրթաթոշակի տրամադրումը՝ կոնկրետ ուղղություններով, տվել է իր արդյունքը:
«Ընդհանուր առմամբ ՄԿՈՒ (մասնագիտական կրթության եւ ուսուցման) համակարգում ընդունելության ցուցանիշները փաստում են, որ պահպանում ենք բարձր ցուցանիշների դինամիկան: Անցյալ տարի ավելի քան 14000 ուսանող էինք գրանցել ՄԿՈՒ համակարգում, այս տարի միայն առաջին փուլի արդյունքներով մոտեցել ենք 15000-ին»,-հավելեց նա:
Նախարարն անդրադարձավ բուհերի ընդունելությանը եւ ասաց, որ թափուր մնացած տեղերի թեման շատ է շահարկվում. «2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով՝ թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից: Եթե 2024թ թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 1174 է: Ընդ որում, անվճար կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվն ընդամենը 219 է: Այս ցուցանիշները նշանակում է նաեւ, որ պլանավորման գործընթացն էապես բարելավել է»:
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ