Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախության հռչակագիրը սահմանադրությունից հանելու հանրաքվեն նվաստացուցիչ է լինելու մեզ համար եւ քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որ այդ նոր սահմանադրություն կոչվածը հանրաքվեի չհասնի». Արամ Մանուկյան

Օգոստոս 27,2025 16:33

Օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձում այսպիսի տող կա. «Վարչապետի պաշտոնում հասանելի տեղեկատվության և իրականության ամբողջական ու համապարփակ վերլուծությունն ինձ բերեց այն աներեր համոզման, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում»:

Հետաքրքիր զուգադիպությամբ դրա նախորդ օրը քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը, որը պատիվ է ունեցել 1990 թվականի պատմական այդ օրը ՀՀ ԳԽ նիստերի դահլիճում անձամբ ընթերցել Անկախության Հռչակագրի վերջնական խմբագրված տեքստը, իր կազմած «Հայաստանի Հանրապետության անկախության 35 ամյակը» գրքի շնորհանդեսի ժամանակ նույնպես անդրադարձել էր Անկախության հռչակագրին եւ Հռչակագրի վրա սկսված արշավին:

«Այս ամենը պատրվակ է Ադրբեջանի համար Նիկոլ Փաշինյանի, մեր ժողովրդի ձեռքով Հայաստանը նվաստացնելու: Ալիեւի պահանջը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ներքին խնդիր եւ Վաշինգտոնում տվել է համաձայնություն Հռչակագիրը հանել Սահմանադրությունից: Մենք հիմա ծրագիր ունենք՝ այդ խնդիրը չհասցնել հանրաքվեի: Հանրաքվեն նվաստացուցիչ է լինելու մեզ համար երկու ելքի դեպքում էլ եւ քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որ այդ նոր սահմանադրություն կոչվածը հանրաքվեի չհասնի:

Քանի որ ասացի՝ դա պատրվակ է, փորձեմ հիմնավորել, թե ինչու է պատրվակ: Ուսումնասիրել եմ մոտ 20 երկրների ընդունած հռչակագրեր՝ հիմնադիր փաստաթղթեր: Յուրաքանչյուր երկիր այդ փաստաթղթում արձանագրել է իր առկա վիճակը, ազգային իղձերը, իր պայքարը այն երկրների դեմ, ումից ինքը անկախացել է կամ փորձում է անկախանալ: Չորս-հինգ օրինակ բերեմ: Ուղղակի կարդամ առանձնացրած տողեր, որ ասածս հիմնավոր լինի:

Հունաստանի հռչակագրի մեջ գրված է. «Հույները հրաժարվում են ընդունել իրենց ստորադաս գոյությունը եւ կոչ են անում միավորվել հանուն Թուրքիայի դեմ զինված դիմադրության»: Թուրքիան եւ Հունաստանը այսօր նույն ռազմական դաշինքում են, նույն քաղաքական դաշինքում են եվրոպական կառույցներում: Այսինքն, այս հռչակագիրը չի փոխվել եւ ամենեւին չի խանգարել երկրների հարաբերություններին:

Բելգիայի հռչակագրում այսպիսի նախադասություն կա. «Բելգիայի տարածքը կընդգրկի ամբողջությամբ այն գավառները, որոնք կազմում են Նիդերլանդների Միացյալ Թագավորության բելգիական մասը»: Սրանից մեծ պահանջատիրությո՞ւն: Եվ այդ հռչակագիրը մինչեւ հիմա գործում է:

Իռլանդիայի հռչակագիր. «Անգլիայի կառավարությունը ինչպես նախկինում, հիմնված է եղել ուժի եւ խարդախության վրա եւ պահպանվում է ռազմական բռնապետության շնորհիվ»:

Հայիթիի հռչակագրի տեքստը. «Մահվան ենթարկել բոլոր նրանց, ովքեր ծնվել են ֆրանսիացի, որոնց սրբապիղծ ոտքը տրորում է Ազատության երկիրը: Թող սա լինի մեր աղաղակը: Անեծք ֆրանսիական անվանը, հավերժ ատելություն Ֆրանսիային:

Եվ Ֆիլիպինների հռչակագիրը. «Դավաճան են ճանաչվում բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ԱՄՆ-ի, Իսպանիայի, ցանկացած օտար երկրների կառավարությունը»:

Ոչ մեկը չի փոխել իր հիմնադիր փաստաթուղթը: Դա այդ պահի արձանագրվող փաստաթուղթն է, ծննդական է այդ ձեւով: Անունը սիրուն է, սիրուն չէ, դա իր ծննդականն է:

Եվ կրկնում եմ, սա պատրվակ է Ադրբեջանի համար Հայաստանին նվաստացնելու այս իշխանությունների կողմից, այդ նվաստացումը անել մեր ձեռքով, որպեսզի հետագայում նույնպես դժվարություններ ունենանք»,- ասել է Արամ Մանուկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031