Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության մասին վերջին հայտարարությունը. «Նեթանյահուի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անցյալի ողբերգությունները քաղաքական նպատակներով շահագործելու փորձ է։
Նեթանյահուն, որը մեղադրվում է պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության մեջ իր դերակատարման համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։
Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որը անհամատեղելի է պատմական և իրավական փաստերի հետ»։
Հիշեցնենք՝ Նեթանյահուն հարցազրույցում հայտարարել է, թե Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) ընդունել է ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ ինչ վերաբերում է անձամբ իրեն, ապա՝ այո, նա նույնպես ճանաչում է ամեն ինչ:
Կարդացեք նաև
Ըստ բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Նեթանյահուն ստել է. Իսրայելի Քնեսեթը երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Լապշինի խոսքով՝ «2018 թվականի մայիսին որոշում է կայացվել ՀԱՐՑԸ ԴՆԵԼ ՔՆՆԱՐԿՄԱՆ Քնեսեթի լիագումար նիստում: Սակայն բանաձևի վերաբերյալ քվեարկություն այդպես էլ չեղավ, քանի որ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը (ծնունդով Չեռնովցիից՝ հարավային Ուկրաինա) հարցը հանեց օրակարգից: Քվեարկություն նույնիսկ տեղի չունեցավ:
Ինչ վերաբերում է անձամբ Նեթանյահուին, ապա այո, նա ասել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բայց նա իսրայելցի առաջին քաղաքական գործիչը չէ, որը նման հայտարարություններ է անում: Նրանից առաջ այդ մասին խոսել է նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ընդ որում՝ Շառլ Ազնավուրի հետ զրույցում, իսկ դրանից էլ առաջ այդպիսի հայտարարություն է արել Իցհակ Ռաբինը:
Խնդիրն այն է, որ սա անձի անձնական դիրքորոշումն է, բայց ոչ՝ պետության պաշտոնական փաստաթուղթ»: