Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը հոդված է հրապարակել ամերիկյան առաջատար Newsweek հանդեսում՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին:
Հոդվածն ամբողջությամբ.
Հռչակագիրն ու համաձայնագիրը ներկայացվեցին որպես երկար սպասված դիվանագիտական առաջընթաց՝ ներառելով սահմանների ճանաչումը, տարածքային պահանջներից հրաժարումը, ուժի կիրառման արգելքը և հաղորդակցության նոր նախագծեր, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)։
Ինչն է անտեսում խաղաղության շրջանակը
Կարդացեք նաև
Փոխարենը՝ հռչակագիրը խոսում է «թշնամության էջը փակելու» և «վրեժից հրաժարվելու» մասին՝ անտեսելով այն փաստը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին վտարեց շրջափակման, ռմբակոծման և ահաբեկման միջոցով։ Այդ եղելությունը գնահատվել է որպես ցեղասպանություն Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզի և Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից։ Միևնույն ժամանակ Freedom House-ը, Եվրոպական խորհրդարանը և բազմաթիվ այլ կառույցներ այն որակել են որպես էթնիկ զտում։ Ուշագրավ է, որ հենց նախագահ Դոնալդ Թրամփը 2024թ. հոկտեմբերի 23-ին հրապարակավ ճանաչեց, որ «Արցախում հայ քրիստոնյաները սարսափելիորեն հալածվել և հարկադրաբար տեղահանվել են»։
Ստորագրված փաստաթղթերը նաև շրջանցում են Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։ Դրանք չեն անդրադառնում մեր հնագույն քրիստոնեական հայրենիքում ընթացող մշակութային բնաջնջման գործընթացին։
Ի թիվս այլ միջազգային կառույցների՝ 2021թ. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ընդունեց պետականորեն ղեկավարվող հակահայ ատելության այդ քաղաքականության առկայությունը։ Այնուամենայնիվ, նոր համաձայնագիրը չի անդրադառնում այն իրականությանը, որ նախագահ Ալիևը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան» և պահանջում է արտատարածքային միջանցք Հայաստանի ինքնիշխան տարածքով։
Ինչ պետք է պարունակի արդար խաղաղությունը
Որպեսզի այս խաղաղության շրջանակը լինի խորհրդանշական դիվանագիտությունից ավելին, առնվազն երկու տարր անփոխարինելի է․
1. Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, անհապաղ և կայուն վերադարձ՝ պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության և մասնավոր սեփականության պաշտպանության հետ միասին։ Սա կամընտրություն չէ․ սա օրինական իրավունք է և միջազգային պարտավորություն, որը վերահաստատվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանով, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 անդամ երկրների (ներառյալ՝ ԱՄՆ) համատեղ հայտարարությամբ՝ ընդունված 2023թ. հոկտեմբերի 11-ին, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամների նամակով։
2. Ադրբեջանի կողմից վարվող հակահայ ատելության քաղաքականության վերացում։ Իրական խաղաղությունը պահանջում է դասագրքերի վերաշարադրում, քարոզչության դադարեցում և բռնության հերոսացման բացառում։ Առանց դրա՝ հաշտեցումն ու կայուն խաղաղությունը կմնան անհնար։
Ես մեծացել եմ կույր ու ծնողազուրկ այս հակամարտության հետևանքով։ Մաշկիս վրա զգացել եմ ռմբակոծումներ, շրջափակումներ և հարկադիր տեղահանում։ Որպես Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան և պետնախարար՝ նույնիսկ իմ կույր աչքերով ականատես եմ եղել այնպիսի մասշտաբի տառապանքների, որոնք ոչ ոք չպետք է ընդունի։
Այնուամենայնիվ, ես չեմ ատում սովորական ադրբեջանցիներին։ Մեր պահանջը վրեժը չէ. մեր պահանջը արդար, արժանապատիվ, ներառական, համապարփակ և կայուն խաղաղությունն է։ Սրանք դատարկ բառեր չեն, այլ՝ միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր, որոնք կիրառվել են այլ հակամարտություններում և որոնք չպետք է բացառվեն մեզ համար։
Հիմա նախագահ Թրամփն ունի ընտրություն. նա կարող է օգոստոսի 8-ը տոնել որպես պատմական նվաճում և ևս մեկ «մեծ գործարք», կամ կարող է ապահովել, որ այն դառնա իսկական խաղաղության հիմք։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, որոնք պատասխանատու են այս ամոթալի գործարքի համար, արդեն խոսել են Թրամփին նոբելյան խաղաղության մրցանակի տրամադրման մասին։ Բայց արդյո՞ք զանգվածային ոճրագործությունների լեգիտիմացումը արժանի է խաղաղության ոլորտում աշխարհի բարձրագույն պատվին։