Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով

Օգոստոս 27,2025 18:44

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց մեկ ամսով երկարաձգել գործով մեղադրյալ, «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանի խափանման միջոց կալանքը։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։  Գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հանրային մեղադրողը միջնորդեց Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարաձգել ու որպես հիմնավորում նշեց․ «Չի բացառվում այն հանգամանքը, որ դատարանը վերդիկտ կայացնելու ժամանակ որոշում կայացնի հիմնական դատալսումները վերսկսել։ Չեմ ուզում շեշտադրել այն հանգամանքը, որ ապացույցների հետազոտությունը նաև կարող է վերսկսվել։ Իմ այս միջնորդությունը պայմանավորում եմ նաև խոչընդոտելու ռիսկով, քանի որ այդ ռիսկն այն աստիճան չի նվազել, որ հնարավոր կլիներ խափանման միջոցի այլ տեսակ քննարկել։

Դատարանի կողմից արձանագրվել է նաև մեղադրյալի կողմից ազատության մեջ գտնվելու դեպքում փախուստի հավանականությունը։ Կարծում եմ՝ եթե վերլուծության ենթարկենք, չկա որևէ հիմնավորում, պատճառաբանություն առ այն, որ ապացույցների՝ հետազոտված լինելու հանգամանքը թուլացնում կամ նվազեցնում է այդ ռիսկը։ Իմ գնահատմամբ՝ դա ավելի է բարձրացնում դրա հավանականությունը։ Նույն հավանականությամբ պահպանվում է փախուստի հնարավորությունը։ Իհարկե, որոշակի աստիճանով նվազեցված, բայց այն գոյություն ունի։ Պահպանվում է նաև քննությանը խոչընդոտման ռիսկը, հետևաբար հաշվի առնելով, որ մոտենում ենք նաև վերդիկտի կայացման փուլին, ուստի կալանքի անհրաժեշտությունը պահպանվում է և հետևաբար այն ենթակա է երկարաձգման։ Ընդ որում, մեկ ամսով երկարաձգումը բավարար է»։

Թորգոմ Ասատրյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանրային մեղադրողի միջնորդության վերաբերյալ նշեց․ «Ենթադրենք՝ Դուք վաղը պետք է տեղեկանաք, որ Վճռաբեկ դատարանը գործը պետք է վերսկսվի, եկեք ընդհանրապես խափանման միջոցի հարց չքննարկենք։ Էդպես մարդ չի կալանավորվում։ Այլ հարց է, եթե մենք ունենայինք առարկայական առաջարկություն ապացույցների հետազոտությունը վերսկսելու։ Բայց քրեական դատավարությունը չի սիրում խելագարության կանխավարկածը։ Պետք են հստակ հիմքեր, նախադրյալներ, որ կան գործողություններ, և մեղադրյալը կարող է հակազդեցություն ունենալ։ Պատրանքով չի կարելի ֆիզիկապես մարդ կալանավորել։

Ինձ մոտ տպավորություն է, որ եթե մի ռիսկ արձանագրվում է, դա պետք է անվերջ պահպանվի։ Այնպես չէ, որ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը դոգմա է և կանխատեսում, որ Թորգոմ Ասատրյանը երբեք ազատ չի արձակվելու։ Դե, ասենք՝ մինչև դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելը թող մնա ազատության մեջ։ Սա կալանքի մեջ կանխատեսելիություն է մտցում, ինչը չափազանց վատ երևույթ է, սա նշանակելու է, որ իրավաչափության պայմանն անփոխարինելի է։ Սրա համար հենց այս խնդիրները լավ հասկանալով՝ ՄԻԵԴ-ը առաջ է քաշել հենց ժամկետի գաղափարախոսությունը․ որքան շատ է մեղադրյալը գտնվում անազատության մեջ, այնքան ավելի մեծանում է կանխավարկածը հօգուտ ազատության։

Քրեական դատավարությամբ խափանման միջոցի կիրառումը նպատակ է հետապնդում անխախտ քրեական դատավարության իրականացման, եթե այլ նպատակ է կիրառվում, սա պարունակում է պատժի տարրեր։ Թորգոմ Ասատրյանն ազատության մեջ է երեք տարի, արդյոք այս երեք տարին հենց չի՞ վերացնում այն մտավախությունը, որ մեղադրյալն ավելի շատ կդրսևորի պատշաճ վարքագիծ, քան հակառակը։ Այնպես չէ, որ օրինակ՝ մենք առաջնորդվում ենք այն մտավախությամբ, որ Թորգոմ Ասատրյանը մեղավոր է ճանաչվելու»։

Թորգոմ Ասատրյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ վստահեցրեց՝ մեղադրանքի կողմը չունի որևէ իրավական հիմք, որ դատարանին համոզի, որ այնուհանդերձ առկա է խոչընդոտման վտանգ։ Դիմելով նախագահող դատավորին՝ նա ասաց․ «Եթե Դուք իմ բերած փաստարկների հետ չհամաձայնեք, համարեք, որ պետք է երկարացնեք կալանքի ժամկետը, ապա հիմք ընդունելով հենց Վերաքննիչ դատարանի որոշման տրամաբանությունը՝ դրանից բխում է, որ պաշտպանյալիս՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը պետք է երկարաձգվի մի քանի օրով, այն ժամանակը, որը դատարանին բավարար կլինի վերդիկտ կայացնելու համար»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031