«Ազգ». Հայերի նկատմամբ ատելության հռետորաբանությունն Ադրբեջանում գոյություն ունի արդեն տասնամյակներ շարունակ։ Չնայած այն հիմնականում արտահայտվում է սոցիալական ցանցերում, այն նաև պետական քարոզչության մաս է կազմում և պետական մարմիններն օգտագործում են խաղաղ ակտիվիստներին հետապնդելու համար, գրում են հոդվածի հեղինակներ Այթան Ֆարխադովան և Նեյթ Օստիլլերը հատուկ OC Media-ի համար։
Ինչպես ընդգծում են հոդվածի հեղինակները, ընդսմին, օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաստորագրած փաստաթուղթը նախատեսում է կողմերի պարտավորությունը՝ «հակազդելու բոլոր դրսևորումներով անհանդուրժողականությանը, ռասայական ատելությանը և խտրականությանը, անջատողականությանը, բռնի ծայրահեղականությանը և ահաբեկչությանն իրենց իրավասության շրջանակում»։
«Թեև այս պարտավորությունը միայն թղթի վրա է, դրա իրականացումը վաղուց գոյություն ունեցող ինստիտուցիոնալացված հայատյաց մտածողության վերացում է պահանջում։
Խաղաղության համաձայնագրի հայտարարումից ի վեր ադրբեջանական լրատվամիջոցները համակարգված կերպով շարունակում են հարձակումները Հայաստանի և «հայամետ» համարվող արևմտյան քաղաքական գործիչների վրա, և շարունակում են դրսևորել այնպիսի գործելաոճ, որն ակնառու կերպով հակասում է ստանձնած պարտավորությունների թե՛ տառին, թե՛ ոգուն»,- գրում է պարբերականը։
Կարդացեք նաև
Ադրբեջանցի ակտիվիստները OC Media-ին հայտնել են, որ իրական փոփոխությունների ճանապարհը դեռ երկար է։
«Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է խտրականությունը ռասայական, ազգային, կրոնական կամ սոցիալական հիմքերով, ինչպես նաև այդ հողի վրա ատելության խոսքը։ Սակայն, ըստ արտաքսված ադրբեջանցի փաստաբան Սամադ Ռահիմլիի, «սոցիալական խտրականություն» եզրույթի իմաստը մնում է անհասկանալի։
Նա օրինակներ է բերում. անկախ Xural պարբերականի գլխավոր խմբագիր Ավյազ Զեյնալլին և ազատ լրագրող Ռաֆիկ Թագին, որը հայտնի է քաղաքական իսլամի և իշխանությունների քննադատությամբ, մեղադրվել են, ի թիվս այլ բաների, «ատելության խոսք» տարածելու մեջ։ Նմանատիպ մեղադրանք 2015 թվականին առաջադրվել է նաև Նարդարանում ոստիկանության և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած ընդհարումից հետո. 17 մեղադրյալներ ստացել են 10-20 տարի ազատազրկում՝ կանխամտածված սպանության, զենքի անօրինական պահման, պետական հեղաշրջման փորձի և այլ հոդվածներով»,- նշում է OC Media-ն։
«Պետական անվտանգության ծառայությունն Ադրբեջանում հետաքննում է «ատելության խոսքի» վերաբերյալ քրեական գործերը։ Եվ գաղտնիք չէ, որ երկրում կան այս հոդվածի չարաշահման բազմաթիվ օրինակներ»,- ասում է Ռահիմլին։
Վերջերս Ադրբեջանի իշխանությունները սկսեցին «ատելության խոսքի» մեղադրանքներ առաջադրել հայտնի խաղաղության ակտիվիստների, նրանց թվում՝ OC Media-ի հոդվածագիր Բահրուզ Սամադովի և թալիշական ծագում ունեցող հետազոտող Իգբալ Աբիլովի դեմ։ Երկուսն էլ մեղադրվեցին հայերի հետ շփվելու մեջ և դատապարտվեցին համապատասխանաբար 15 և 18 տարվա ազատազրկման։
Ռահիմլին ընդգծում է, որ խտրականության դեմ պայքարի նորմի չարաշահմանը հակառակ՝ «այժմ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ միջազգային հանրությունը չեն հետաքրքրվում դրանով»։
«Ֆրանսիայում բնակվող ֆեմինիստուհի ակտիվիստ Վահա Նաղին հայտնում է, որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում հաջողությունից հետո Ադրբեջանի կառավարությունը ռազմականացրել է հասարակությունը, ինչն ամրապնդել է երկրում ռազմամոլության ոգին։
Նա ընդգծում է, որ կառավարության քարոզչությունը ծառայում է ինչպես քաղաքական, այնպես էլ գաղափարախոսական նպատակների՝ պատերազմում հաղթանակի վրա հիմնված իշխանության ամրապնդմանը և քննադատներին, որոնց անվանում են «դավաճաններ» կամ «հայ վախկոտներ», անաղմուկ կերպով վերացնելուն։ Ռազմական հռետորաբանությունն օգնում է շեղել հասարակության ուշադրությունն իրական սոցիալ-տնտեսական խնդիրներից»,- ընդգծում է լրատվամիջոցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։