ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ ԱՐԱՐԱՏ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆԻ «Վերականգնող կամ հաշտեցնող արդարադատությունը՝ որպես դատական իշխանության իրականացման նոր տիպ» հոդվածում հեղինակը ներկայացնում է արդարադատության այս մոտեցման էությունը, նպատակը եւ առանձնահատկությունները՝ նշելով, որ այն առաջնահերթ նպատակաուղղված է սոցիալական արդարության վերականգնմանը այլընտրանքային մեթոդներով՝ առանց կտրուկ պատժիչ գործողությունների:
Հոդվածը մատնանշում է, որ վերականգնողական արդարադատությունը կարեւոր դեր է խաղում ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական դատավարության ոլորտներում: Ըստ հեղինակի` վերականգնող արդարադատությունում դատական պրակտիկայի էական «առաջընթաց» դեռեւս տեղի չի ունեցել, հաշտարար համաձայնագրերի քանակությունը գործնականում չի ավելացել, այն դեպքում, երբ դատարան դիմումների եւ քաղաքացիական եւ արբիտրաժ դատավարություններում քննվող գործերի քանակությունը այս տարիների ընթացքում միայն աճել է: Բերվում են օրինակներ, թե ինչպես վերականգնող արդարադատության գործիքակազմը նպաստում է վեճերի արագ լուծմանը, դատական ծախսերի կրճատմանը եւ կողմերի հաշտեցմանը: Ստորեւ ներկայացնում ենք մի հատված («Դատական իշխանություն» 2025 1-3 (307-309)) մասնագիտական ամսագրում տպագրված հետազոտությունից:
Հայաստանում վերականգնող արդարադատության կիրառման փորձը համեմատաբար նոր է, սակայն վերջին տարիներին քաղաքացիական եւ քրեական դատավարության ոլորտում սկսվել են որոշ քայլեր, որոնք ուղղված են այս մոտեցման ներդրմանը։ Դրանք հիմնականում վերաբերում են քաղաքացիական եւ ընտանեկան վեճերին, նաեւ դատական գործընթացներում կողմերի երկխոսության խթանմանը։
- Քաղաքացիական դատավարության ոլորտում միջնորդություն եւ հաշտեցում
Հայաստանում քաղաքացիական դատավարությունում զարգացել է միջնորդական գործընթացը, որը հաճախ կիրառվում է որպես հաշտեցման միջոց: Դատավորները որոշ դեպքերում կողմերին առաջարկում են միմյանց հետ քննարկել վեճերը եւ փորձել լուծել դրանք մինչեւ դատական գործընթացի ավարտը՝ փոխադարձ համաձայնությամբ: Օրինակ՝ 2019- 2020 թվականներին Հայաստանի տարբեր դատարաններում փորձարկվել է քաղաքացիական գործերում կողմերի միջեւ համաձայնության հասնելու համար միջնորդություն կազմակերպելու պրակտիկա։ Դատարանը, ուսումնասիրելով գործը, որոշում է առաջարկել դատավարության կողմերին մի քանի հանդիպում՝ բանակցելու հնարավոր հաշտեցման պայմանները: Այս գործընթացի արդյունքում որոշ գործերում կողմերը հասել են փոխադարձ համաձայնության, ինչը թույլ է տվել խուսափել երկարատեւ դատական ընթացակարգերից եւ նվազեցրել դատական բեռը: Քիչ կարեւոր չէ Հայաստանի քաղաքացիական դատավարության ոլորտում հաշտարարության ինստիտուտի ձեւավորումը՝ որպես իրավական վեճերի լուծման այլընտրանքային միջոց։ Այս մեթոդը նպատակ ունի նվազեցնել դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, արագացնել վեճերի լուծումը եւ ապահովել կողմերի միջեւ հարաբերությունների վերականգնումը։
- Ընտանեկան բռնության դեպքերի համար վերականգնող արդարադատության մոտեցման փորձեր
ՀՀ-ում սկսել են օգտագործել վերականգնող արդարադատության մոտեցումներ ընտանեկան բռնության դեպքերով։ Տուժած կողմերին (այդ թվում՝ կանանց) հաճախ առաջարկվում է մասնագիտական աջակցության ծառայություններ, հաշտեցման եւ վերականգնման ծրագրեր, որոնք ներառում են երկխոսություն եւ համընդհանուր լուծումներ։ Օրինակ. ՀՀ-ում, սոցիալական կազմակերպությունների եւ պետական հաստատությունների համատեղ աշխատանքով, ընտանեկան բռնության դեպքերով զոհ դարձած կանանց ու մեղավորներին առաջարկվում են հոգեբանական աջակցություն եւ փոխհաշտեցման գործընթացներ։ Տուժող կողմը եւ մեղավոր կողմը հաճախ ներգրավվում են վերականգնող ծրագրերում, որտեղ քննարկվում են:
Իշխանության վնասի վերականգնման տարբեր ուղիները, ինչպես նաեւ մեղավորի վարքագծի փոփոխման հնարավորությունները։
- Դատական միջնորդություններ եւ փոխհաշտեցման ծրագրեր
ՀՀ-ում վերջին տարիներին հանրային ուշադրությունը գնալով մեծանում է դատական համակարգում փոխհաշտեցման ու միջնորդական ծրագրերի կիրառման նկատմամբ։ Օրինակ. 2021-2022 թվականներին Երեւանի դատական համակարգում որոշ քաղաքացիական գործեր ավարտվել են փոխհաշտեցման եւ փոխհատուցման պայմաններով, երբ կողմերը որոշել են բանակցել փոխհատուցման կամ այլ հաշտության հիման վրա՝ առանց դատական ակտի կայացման։ Դա ցույց տվեց, որ դատական համակարգը պատրաստ է ընդունել ավելի մարդասիրական մոտեցումներ, որոնք համապատասխանում են վերականգնող արդարադատության սկզբունքներին։
- Հոգեբանական եւ սոցիալական աջակցության ծրագրեր
ՀՀ-ում մի շարք հասարակական կազմակերպություններ սկսել են իրականացնել վերականգնող արդարադատության գաղափարներով ծրագրեր՝ ուղղված առավելապես սոցիալապես անապահով խմբերի կամ քրեական դատավարությունից անցած անձանց վերակառուցմանը։ Օրինակ. «Հոգեբանական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք միտված են քրեական հանցանք կատարած անձանց վերականգնմանը: Հոգեբանական եւ սոցիալական աջակցություն ստացած այս անձինք հաճախ անցնում են վերականգնող հանդիպումների՝ նպաստելով ոչ միայն իրենց, այլ նաեւ տուժած կողմերի առողջության բարելավմանը։
- Պատժի փոխարեն վերականգնման ծրագրեր երիտասարդների համար
Հայաստանի երիտասարդական ծրագրերում ներառվել են այնպիսի մեթոդներ, որոնք ուղղված են քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված երիտասարդներին՝ վերակառուցելու իրենց վարքը, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել հասարակություն եւ նվազեցնեն ապագա հանցագործությունների հավանականությունը։ Օրինակ. 2019-2020 թվականներին, Հայաստանում տարբեր մարզերում իրականացվել է «Անպատասխանատու (հանցավոր) վարքագծի կանխարգելման» ծրագիր, որտեղ երիտասարդները, երը մասնակցել են վերականգնող արդարադատության միջոցառումերի, ի թիվս այլոց՝ միջնորդական հանդիպումերի, որոնց ժամանակ նրանք կարողացել են քննարկել իրենց սխալները եւ հասնել փոխհաշտեցման եւ սոցիալական վերաբնակեցման տարբեր պայմանների։ Հայաստանում վերականգնող արդարադատությունը դեռեւս գտնվում է զարգացման գործընթացում։ Այն լայնորեն կիրառվում է որոշակի ոլորտներում (ինչպես քաղաքացիական գործեր եւ ընտանեկան խնդիրներ), բայց դեռեւս չի դարձել համընդհանուր կիրառելի մոտեցում։ Վերականգնող արդարադատության ծրագրերի բարենպաստ ազդեցությունը, ինչպիսիք են հաշտեցման եւ փոխհատուցման միջնորդությունները, ակնկալվում է կշարունակեն տարածվել Հայաստանում՝ ընդլայնելով այն նաեւ քրեական արդարադատության եւ այլ ոլորտներում:
«Առավոտ» օրաթերթ
27.08.2025