Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին կարծես հաջողվում է ՀՀ իշխանությունների ուղեղները այնպիսի վարպետությամբ լվանալ, որ պարտությունները իբրև հաղթանակ են ընկալում

Օգոստոս 28,2025 13:30

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և իրական խաղաղություն կարող է լինել, իմ դիտարկմամբ, միայն ու միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այս եզրակացությունը բացարձակապես կապ չունի ՀՀ ներկայիս իշխանությունների հանդեպ ունեցած իմ բացասական վերաբերմունքի հետ, ինչը առաջին հայացքից կարող է որպես ամենահավանականը ընկալվել։ Իրականում նման եզրահանգման կարող է գալ յուրաքանչյուր մարդ, ով քիչ թե շատ հետևում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը և ՀՀ իշխանությունների անհամահունչ արձագանքներին։

Ավելին, Ադրբեջանին կարծես հաջողվում է ՀՀ իշխանությունների ուղեղները այնպիսի վարպետությամբ լվանալ, որ վերջիններս պարտությունները իբրև հաղթանակ են ընկալում, անարգանքն՝ իբրև հարգանք և այդպես շարունակ։ Սրա վառ օրինակներից մեկն այն է, որ ՀՀ վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո՝ 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ-ում հպարտ կեցվածքով հայտարարեց, որ ինքը 2018-2019 թվականին եղել է ընդամենը ֆորպոստի վարչապետ, իսկ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո ֆորպոստի վարչապետից տրանսֆորմացվել է «լիարժեք վարչապետի»։

Մեկ այլ դրվագում ՀՀ վարչապետը ավելի հեռուն է գնացել հայտարարելով, որ Արցախի կորուստը ավելի է ամրացրել Հայոց պետականության ինքնիշխանությունը, ավելի ապահով են դարձել մեր սահմանները ու էլի նմանատիպ հիվանդ երևակայության բազմաթիվ արգասիքներ։

Գենադի Մնացականյան

Որքան էլ մեր լսողության համար դրանք վիրավորական հնչեն ու տեսողության համար տհաճ՝ նման մտքեր արտահայտողին տեսնելը, այդուհանդերձ դրանք հիշել պետք է, սակայն ո՛չ առանց դատապարտելու։ Ահա այս տրամաբանությամբ մտածելով է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար, բացի իշխանափոխությունից այլընտրանք գոյություն չունի։

Կարծում եմ, այդ բաղձալի իշխանափոխությունը պետք է տեղի ունենա հերթական ընտրությունների միջոցով։ Դեռևս անցած տարի այս իշխանություններին ընտրություններով հաղթելը անհավանական էր թվում տարբեր պատճառներով, սակայն այսօրվա հայաստանյան ներքաղաքական իրավիճակն ավելի նպաստավոր է դրա համար, պարզապես պետք է այն պահպանել ու ավելի զգոն լինել։ Օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի ստորացուցիչ քաղաքական պահանջները ավելի ինտենսիվ են դարձել և նրանք չեն խորշում անգամ վիրավորել հայ ժողովրդին, մինչդեռ Հայաստանում իշխանամերձ շրջանակներում Զեյնաբի երգերը լսելու կարոտախտով տառապողներ կան դեռևս։

Կարծում եմ՝ կարիք չկա շարունակել խոսել արտահերթ ընտրությունների մասին, ինչպես դա փորձում են անել որոշ ընդդիմադիրներ, թերևս մտածելով, որ իշխանությունները այսօր ավելի խոցելի են իրենց խաղաղության կեղծ թեզերով, քան երբևէ։ Վստահ եմ, որ գնալով այս քրիստոսահալած իշխանությունները ավելի խոցելի են դառնալու և ճիշտ ժամանակին հերթական ընտրություններով ստիպված կլինեն հանձնել իշխանությունը ազգային ուժերին։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031