Տարեսկզբին ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Երեւանի քաղաքապետը հուշագիր ստորագրեցին, որով որոշում կայացրին Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում (Պարսկաստանի նախկին հյուպատոսարանի տարածքում) հիմնել հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի թանգարան: Վերջինիս դռները դեռեւս փակ են: Նաեւ հայտարարվեց, որ այս տարի նշվում է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակը: Ու թեեւ տարին արդեն ավարտվում է, պետական մակարդակով դեռեւս ոչինչ չի արվել:
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից փորձեզ պարզել, թե ինչ միջոցառումներ են նախատեսված եւ երբ են դրանք կայանալու ու նշանավորելու միջազգային մասշտաբով խոշորագույն արվեստագետի հոբելյանը: Նախարարությունից ասացին, որ գրավոր հարցում ուղարկենք, ինչը եւ արել ենք: ԿԳՄՍ նախարարություն պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք:
Aravot.am-ը խոսել է նաեւ Մարկոս Գրիգորյան հիմնադրամի ղեկավար, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի միջազգային կապերի բաժնի փոխտնօրեն Միշել Ալլահվերդյանի հետ: Նրանից տեղեկացանք, որ օգոստոսի 30-ին Երեւանի քաղաքային պանթեոնում կկայանա Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին եւ մահվան 18-րդ տարելիցին նվիրված, ինչպես նաեւ դիմաքանդակի բացման արարողություն:
Միշել Ալլահվերդյանը պատմեց, թե ինչպես է 1997թ Մարկոս Գրիգորյանը ծանոթանում քանդակագործ Տարիել Հակոբյանի հետ, որը բրոնզից կերտում է Մարկոս Գրիգորյանի քանդակը: Այն միառժամանակ պահվում է Մարկոս Գրիգորանի Գառնիի ամառանոցում, ապա տեղափոխվում նրա՝ Երեւանի տուն: Արվեստագետի մահից եւ տան վաճառքից հետո, բրոնզաձույլ քանդակը հայտնաբերվում եւ հանձնվում է Գրականության եւ արվեստի թանգարանին, այնուհետեւ տեղադրվում է նրա գերեզմանին:
Կարդացեք նաև
Մարկոս Գրիգորյանի մահվանից 18 տարի անց, Միշել Ալլահվերդյանը, Տարիել Հակոբյանը եւ նրա որդին՝ Գուրգեն Հակոբյանը այցելում են քաղաքային պանթեոն եւ անմխիթար վիճակում գտնվող քանդակը տեղափոխում իրենց արվեստանոց, ապա ստեղծվում է նույն քանդակի մարմարե տարբերակը, որն էլ տեղադրվում է Թոխմախի գերեզմանատանը՝ նոր պատվանդանի վրա: Օրիգինալ քանդակի հեղինակը Տարիել Հակոբյանն է, իսկ մարմարի տարբերակը ստեղծել է Գուրգեն Հակոբյանը: Ներկա եւ նախկին քանդակների միջեւ որեւէ փոփոխություն չկա: Մարմարե քանդակի բացման արարողությունն է կայանալու օգոստոսի 30-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ