Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն այսօր չէ, որ կովկասյան թաթարները ուզում են տիրել Հայոց Հայրենիքին». Էդուարդ Շարմազանովի խոսքը զորավար Մախլուտոյի ծննդյան 150-րդ տարեդարձի առիթով

Օգոստոս 28,2025 14:52

Այսօր հայ ազատագրական պայքարի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկի՝ Զորավար Անդրանիկի զինակից, ընկեր, փառաբանյալ քաջ Սմբատ Բորոյանի, նույն Սմբատ զորավարի, Մախլուտոյի, Տարոնի առյուծի ծննդյան 150-ամյակի օրը ՀՀԿ անդամները Էջմիածնի Գայանե Վանքում, որի բակում, Խենթի կողքին իր իսկ ցանկությամբ թաղվել է մեծ հայրենասերը, հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին, մատուցվեց հոգեհանգստի կարգ:

Գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանը Մախլուտոյի շիրմի առջեւ ասաց. «Շատ դժվար է երկու-երեք րոպեում այս առասպելական սերնդի մասին արժեքավոր ինչ-որ բան ասել: Այնպիսի անհնար իրադարձությունների հեղինակ ու կազմակերպիչ են նրանք, որ հավատացնում եմ, որեւէ երկրի պատմության մեջ չկա այս տեսակ բան:

Մենք Զորավար Սմբատի եւ իր պաշտելի հրամանատարի՝ Անդրանիկի անունը ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ պետք է հնչեցնենք: Ես նկատի ունեմ Սյունիքը: Այս մարդկանց՝ ատամներով պահած, պահպանած եւ Հայաստանին նվիրած Սյունիքը հենց այս տարի դրվեց ահասարսուռ փորձությունների առաջ: Այս տապանաքարը դրվելուց ի վեր, այս վայրը վաղուց ուխտատեղի է»:

Կարո Վարդանյանը պատմական փաստեր ներկայացրեց, թե ինչպես են Անդրանիկն ու Մախլուտոն գաղթականների շարասյունով սկզբից գնացել Նախիջեւան, այնտեղից մտել Սյունիք ու մեկ տարի պահել Սյունիքը: Իսկ 1919 թվականի օգոստոսից արդեն երանելի Գարեգին Նժդեհն էր Սյունիքում:

«Այս լեգենդար սերունդը, ի հեճուկս ստորագրության ու ստորագրողի, պահեց Սյունիք երկիրը, որը մեզ համար նվիրական բնօրրան է, իսկ աշխարհի առումով անծայրածիր թուրանական աշխարհը բաժանող միջանցքն է, որտեղ մինչեւ այսօր ցցված է Անդրանիկի ու Մախլուտոյի սուրը: Եվ այդ սուրն են այսօր փորձում տեղաշարժել»,-ասաց հրապարակախոսը:

ՀՀԿ ԳՄ անդամ, պատմաբան Էդուարդ Շարմազանովը իր խոսքում ասաց. «Մենք այսօր նշում ենք զորավար Սմբատ Բորոյանի՝ Մախլուտոյի ծննդյան 150-ամյակը: Մի մարդու, որը 14 տարեկանից զինվորագրվեց ազատագրական պայքարին Արաբոյի ջոկատում: 1901-ին նա զորավար Անդրանիկ Օզանյանի հետ Առաքելոց վանքի պայքարի սիմվոլներից մեկը դարձավ, իսկ 1904-ին Գեւորգ Չավուշի հետ դարձավ Սասունի ապստամբության, իսկ այնուհետեւ՝ Սասունի ինքնապաշտպանության եւ Սասունից հազարավոր հայերի՝ դեպի Մուշ խաղաղ տեղափոխման եւ փրկության խորհրդանիշը: 1905 թվականին զորավար Սմբատը արդեն Արեւելյան Հայաստանում էր: Արարատյան դաշտավայրում էր, քանի որ սկսվել էին կովկասյան թաթարների խռովությունները հայ ժողովրդի նկատմամբ: Եվ նա 1905/1906 թվականներին պաշտպանում էր Արարատյան հայությանը կովկասյան թաթարների՝ այսօրվա ադրբեջանցիների հարձակումներից:

Առաջին աշխարհամարտի տարիներին նա իր պաշտելի զորավար Անդրանիկ Օզանյանի կողքն էր եւ առաջին կամավորական գնդի սիմվոլներից մեկը: Առաջին Հանրապետության տարիներին նա Զանգեզուրում էր: Բայց մինչ այդ նա այսօրվա Արտաշատում էլի պայքարում էր կովկասյան թաթարների ասպատակությունների դեմ: Միայն այսօր չէ, որ հայ ժողովրդի ապագան վտանգված է, կամ կովկասյան թաթարները ուզում են տիրել Հայոց Հայրենիքին: Ազատագրության, հանուն հայրենիքի պայքարը հավիտենական է, հայրենիքի համար պայքարը հովհարային անջատումներով չի լինում: Եվ դրա վառ ապացույցը Զորավար Մախլուտոն տվել է իր կյանքով:

1947-ին նա վերադարձավ Մայր Հայաստան եւ մինչեւ վերջ ապրեց Արեւելյան Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետությունում: Զորավար Սմբատի մեծության խորհուրդն էր՝ նույնիսկ ամենադժվար շրջանում չհրաժարվել ազգային նպատակից, իղձից, նույնիսկ ցեղասպանության ու տեղահանման վտանգի ժամանակաշրջանում չհրաժարվել Աստծուց եւ Հայրենիքից: Այն, ինչ ուզում են հայ ժողովրդի հետ այսօր անել Հայաստանի արտաքին ու ներքին թշնամիները: Զորավար Սմբատ Բորոյանի պատգամներից մեկն այն է, որ հայը պետք է տեր լինի իր հայրենիքին, որ Ազգային պետությունը պետք է լինի մեր անկախության հիմքը, եւ մենք իրավունք չունենք դադարել մնալ հայ:

Այսօրվա կապիտուլյանտների նպատակն է՝ մոռացության տալ մեր հերոսական պատմությունը, մեր հերոսներին, այդ թվում նաեւ զորավար Մախլուտոյին եւ մեզ դարձնել առանց հիշողության, սրտի, հոգու, ազգային դիմադրության ինչ-որ անհասկանալի տարր: Բայց մեր այսօրվա ներկայությունը, մեր աղոթքը Գայանե վանքում, Մախլուտոյի, Խենթի եւ մեր այլ երեւելիների շիրիմների մոտ պետք է եւս մեկ անգամ ապացուցի գլխավոր ճշմարտությունը՝ պիտի լինի հայ ժողովուրդը, որովհետեւ այդպես է ուզում ինքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031