Հայկական և ասորական ծագումով լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությանը անդրադարձել են նաև Թուրքիայի փոխնախագահը և Անկարայի քաղաքապետը:
Հիշեցնենք՝ Նեթանյահուն հայտարարել էր, որ ճանաչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
Հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Կարծում եմ՝ մենք ճանաչել ենք: Քնեսեթը նման բանաձև է ընդունել»: (Թեև չնայած նման օրենսդրական ակտ դեռևս չի ընդունվել):
Հաջորդիվ պատասխանելով այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, նա պատասխանել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը Հայոց ցեղասպանությունը որակելով «1915-ի իրադարձություններ», ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Նեթանյահուն բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։
«Տարիներ շարունակ պաղեստինի ժողովրդին ուղղված բռնակցման գործողություններով, կոտորածներով ու բռնաճնշումներով պատմության մեջ որպես մարդկության դեմ հանցագործությունների հեղինակ անցած Նեթանյահուի կողմից 1915 թվականի իրադարձությունների խեղաթյուրմամբ մեր երկիրը թիրախավորելը երկերեսանիության, արատավորության և անամոթության ամենավառ դրսևորումն է»։
2016-ի օգոստոսին Քնեսեթի կրթության, Մշակույթի և սպորտի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության թեմայով նիստ է գումարում, որի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ ասվում է. «Հանձնաժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն էլ Նեթանյահուի հայտարարությունները որակել է «որևէ ուժ չունեցող»։
Յըլմազը նշել է, որ Նեթանյահուն իրականում պետք է պատասխան տա Գազայում իրականացվող «բացահայտ ցեղասպանության» համար։
Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է բարձրաձայնել Պաղեստինի ժողովրդի ներկայիս իրավիճակը բոլոր դիվանագիտական հարթակներում՝ կոչ անելով «մարդկության համախմբման»։


















































