Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է զիջել Ադրբեջանը

Օգոստոս 29,2025 12:00

Փաշինյանի ուղերձի հիմնական կետերը

Անցյալ շաբաթ` օգոստոսի 18-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին: Նրա ուղերձի առանցքային ասելիքը հետեւյալն էր` «խաղաղությունը եկել է, դա արժանապատիվ, պետականակենտրոն, մարդակենտրոն, տարածաշրջանակենտրոն խաղաղություն է»։ Այդ փաստից ոգեւորված նա պատմում էր, որ մեր 34–ամյա պատմության մեջ բոլոր արտաքին քաղաքական, դիվանագիտական հանգրվանները սովորաբար դիտարկել ենք հաղթանակ–պարտություն հարթության եւ բանաձեւերի ներքո, եւ դա ըստ նրա` իրականության սխալ ըմբռնում է, քանի որ, նրա խոսքով` «քո ընտրությունը կամ հաղթանակն է, կամ պարտությունը, քո պարտությունն անխուսափելի է, քանզի դու կարող ես հաղթել մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, թեկուզ հինգ կամ տասն անգամ, բայց ի վերջո՝ քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետեւ անվերջ հաղթել հնարավոր չէ»։

Վաշինգտոնյան համաձայնությունների հիմքով, ըստ Փաշինյանի` «փոխհամաձայնության եւ փոխշահավետության խաղաղություն է, եւ այս բանաձեւը հուսալի, կայուն եւ տեւական է դարձնում խաղաղությունը»։ «Այս խաղաղությունն Իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆն է, գաղափարախոսություն, որը մեր պատմության մեջ բացառիկ է նրանով, որ ոչ թե բանաձեւվել է էլիտաների կողմից եւ պարտադրվել ժողովրդին, այլ բանաձեւվել է ժողովրդի կողմից, ձեւակերպվել է ժողովրդի ներկայացուցիչների կողմից եւ կյանքի է կոչվում ժողովրդով, բոլորով, ամենքով», ասաց Փաշինյանը։

Այսպես, օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահի հյուրընկալությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը Փաշինյանը շրջադարձային է համարում։ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին երկու երկրների միջեւ «խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը», ինչպես նաեւ` ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը։

Ընդունվեց ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի համատեղ Հռչակագիրը։ Փաշինյանը պարզաբանեց. «Վերահաստատեցինք ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացման կարեւորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարեւանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով»:

Ապա նա հատուկ ուշադրություն հրավիրեց. «Ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա։ Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Հռչակագրում արձանագրվեց, որ ՀՀ-ն աշխատելու է ԱՄՆ-ի եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Փաշինյանը կարեւորեց, որ Ալիեւի հետ ընդունել են նաեւ` «անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը»։ Ապա նա ՀՀ քաղաքացիներին դիմեց, ասելով, որ` վերը նշվածը հիմք ընդունելով, նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղություն է հաստատվել», ու հավելեց. «Օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում»։

Ըստ նրա` երրորդ հանրապետության քաղաքացիները չգիտեն, թե ինչ է խաղաղությունը, չգիտեն, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում, խաղաղությունը մեզ համար անծանոթ իրողություն է: «Բայց փաստ է նաեւ, որ հաստատված խաղաղությունն ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում, ինչպես ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում նորածին, եւ ոչ միայն նորածին երեխան, ինչպես ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում նորակառույց եւ նորաբնակ տունը, ինչպես ամենօրյա խնամք է պահանջում, այո՛, նոր ու սիրելի ավտոմեքենան», ասաց Փաշինյանը` հանձնարարելով, որ պետք է «ամենօրյա խնամք տանենք այդ խաղաղության նկատմամբ», քանի որ` «սա նոր կյանք է եւ մենք մեր այս նոր կյանքը պետք է ապրենք նորովի…»:

Այնուհետեւ Փաշինյանը հավելեց. «Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետեւ ահա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային կյանքի ավելի ու ավելի հեղինակավոր դարձող մասնակից, ավելի անկախ, ավելի ինքնիշխան, ավելի ինքնավստահ մի պետություն, ահա սա է այն նպատակը, որի համար ընկան մեր եղբայրներն ու քույրերը եւ նրանց զոհողության սուգը պիտի հաղթահարենք խաղաղության բերկրանքով, որովհետեւ քրիստոնեական–առաքելական մեր հավատը մեզ ասում է՝ մեռած չեն նրանք, այլ այստեղ են հենց հիմա, մեր գլխավերեւում եւ ժպտում են մեզ, որովհետեւ եկել է Հայաստանի Հանրապետության այն ապագան, որի շուրջ 2021 թվականին մենք պայմանավորվածություն ձեռքբերեցինք մեր նահատակների մարմինները դեռ չսառած»։

Փաշինյանի ձեւակերպմամբ` Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում ավելի քան 30–ամյա շրջափակումից հետո Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակվում է։ Ինչպե՞ս եւ ի՞նչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Նա բացատրում է, որ Վաշինգտոնի հռչակագրի տեքստը լիարժեք տալիս է այս հարցի պատասխանը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն։ Ապա Փաշինյանը նկատեց. «Սա նշանակում է, որ հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի, սահմանազատվի եւ սահմանագծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը», նաեւ հավելում է` «Իսկ սահմանն արդեն ունի իր պարտադիր ատրիբուտները. սահմանապահ, մաքսակետ եւ այսպես շարունակ»: Նա հարց է ուղղում`իսկ արդյոք սա մեզ համար նոր մտավախությունների դուռ չի բացում, ու պատասխանում է. «Միանշանակ ոչ, որովհետեւ Վաշինգտոնի հռչակագրի երրորդ կետում արձանագրվել է նաեւ փոխադարձության սկզբունքը եւ սա երաշխիք է, որ Ադրբեջանի հետ կգտնենք բալանսավորված եւ փոխընդունելի լուծումներ»։

Փաշինյանն անդրադառնում է նաեւ հարցադրումներին: Նրանցից մեկը`եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ի՞նչ են լինելու ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները։ «Վաշինգտոնյան հռչակագրով եւ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը եւ տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ–ի տարածքի հետ եւ այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ», ասում է Փաշինյանը, սակայն նաեւ հավելում է. «Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, եւ փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ. գիտեմ, որ այս շեշտադրումը, այսպիսի շեշտադրումը կարող է խորթ հնչել մեր ականջին, եւ գուցե կարող է նյարդ առաջացնել, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը»:

Այնուհետեւ, Փաշինյանը հիշատակում է օգոստոսի 11–ին հրապարակված` «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, ու անմիջապես ընդգծում է, դրա հրապարակմամբ` արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման։

Փաշինյանն անդրադառնում է առարկայական քննադատություններից մեկին, որ` Խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է: Նա նախ հիշեցնում է 2025թ. մարտին ԱԺ ամբիոնից իր հայտարարությունը. «Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, եւ եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել։ Ժողովուրդը, այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։

Փաշինյանը կրկին շեշտեց, որ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չի համարում. «Ու ընդհանրապես, Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր եւ վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։ Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Շատ կոնֆլիկտներ, ներառյալ Ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ եւ պարզ հարցերի արծարծումով, իսկ թե ինչի են վերաճել, հիշում ենք եւ մեր մաշկի վրա, ցավոք, զգացել ենք բոլորս»։

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն հստակեցրել միմյանց տարածքով երկու երկրների քաղաքացիների ու բեռների անցման կարգը

Օգոստոսի 21-ին կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Երեւանն ու Բաքուն դեռ չեն հստակեցրել՝ ինչ կարգով է տեղի ունենալու երկու երկրների քաղաքացիների ու բեռների անցումը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով։

Նա հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ քննարկումների ընթացքում տարբեր գաղափարներ ու առաջարկներ են հնչել: «Էս մանրամասներով չենք խոսել: Պայմանավորվածությունը այն է, ինչ հրապարակված է: Էդ էլ կա, չէ՞, որ ասում են՝ այ, մենք գիտենք, որ հա, էս հրապարակված մասն ա, բայց ինչքան հրապարակված ա, երկու էնքան էլ չհրապարակված ա: Չկա՛ չհրապարակված: Բայց, մյուս կողմից, եղել են քննարկումներ, եղել են բանակցություններ, եղել են գաղափարներ, եղել են իդեաներ: Աբու Դաբիում ենք քննարկել, Կազանում ենք քննարկել, օնլայն ենք քննարկել, երրորդ երկրներում ենք քննարկել: Շա՜տ իդեաներ կան, թե ինչպես ապահովել էդ ամեն ինչը, եւ այ գործնականում էդ իդեաներից, էդ գաղափարներից որոնցով կստեղծվի էդ կարգավորումները, որոնցով կամբողջանա՝ դա առաջիկա բանակցությունների առարկա է», ասել է նա: Փաշինյանը ներկայացրել է անցման քննարկվող տարբերակներից մեկը. «Նրանք, ովքեր կենսաչափական անձնագրերով ճամփորդում են, նրանք գիտեն, որ կենսաչափական անձնագրերով ճամփորդելու դեպքում շատ երկրներում այլեւս ընդամենը կենսաչափական անձնագիրը մոտեցնում են համապատասխան տեղում, ինքնաշխատ եղանակով ստուգումը եւ անձնագրային հսկողությունը տեղի ա ունենում, եւ մարդիկ շարունակում են իրենց ճանապարհը»:

Մինչ այդ, սակայն, նա պնդում էր՝ եւ՛ Սյունիքով դեպի Նախիջեւան տանող ու «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհին, եւ՛ Ադրբեջանի տարածքում՝ փոխադրումները փոխադարձության սկզբունքով են իրականացվելու։ Փաշինյանը դարձյալ շեշտել է՝ անկախ բանակցություններից, մաքսային պարզեցումները չեն կարող դուրս լինել ՀՀ տարածքային ամբողջականության, իրավազորության, սահմանների անխախտելիության սկզբունքներից ու փոխադարձությունից։

«ՀՀ տարածքով Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ անխոչընդոտ կապ՝ Հայաստանի տարածքով, Հայաստանի համար ներպետական, այսինքն՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, եւ միջազգային, այսինքն՝ Հայաստանից դեպի երրորդ երկրներ՝ Ադրբեջանի տարածքով, փոխադարձ, այսինքն՝ ինչպես Հայաստանն ա տրամադրում, այնպես էլ Ադրբեջանն ա տրամադրում… Փոխադարձ բառը անխոչընդոտն էլ ա ներառում, ամեն ինչն էլ… Փոխադարձ առավելություններով, այսինքն, եթե ինչպես Դուք եք ասում, չշոշափվելը առավելություն ա, ուրեմն, փաստաթղթի համաձայն, էդ նույն առավելությունը պետք ա ունենա Հայաստանի Հանրապետությունը», նկատել է Փաշինյանն, ի պատասխան «Ազատության» հարցերին: Բացի այդ, Փաշինյանը նաեւ հայտնել է, որ «Թրամփի ուղի» նախագծով հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու, այլ` ճանապարհի բիզնես կառավարումն է իրականացնելու։

Իրականությունը, սակայն, լիովին այլ է: Փաշինյանի, Թրամփի եւ Ալիեւի եռակողմ հանդիպմանը ստորագրված համատեղ Հռչակագրի 3-րդ կետում ասվում է. «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացման կարեւորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարեւանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։

Ինչպե՞ս է ապահովվելու «ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի համար, եթե մեր երկրի տարածքում Հայաստան պետությունը կորցնելու է վերահսկողություն, ասել է թե` ինքնիշխանություն ու իրավազորություն որեւէ հատվածի նկատմամբ, եթե ճանապարհի կառավարումը ստանձնելու է որեւէ ընկերություն՝ 99 տարով: Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնիշխանության հստակ զիջում:

Մյուս կարեւոր հարցերը, որոնց մասին Հայաստանի իշխանությունները չեն խոսում: Իսկ ՀՀ քաղաքացիները ո՞ւր են երթեւեկելու ապաշրջափակված ճանապարհներով:

Կամ` հաջորդը: Ենթադրենք, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել թղթի վրա, եւ ՀՀ քաղաքացիները որոշում են օգտվել այդ ճանապարհներից: Ո՞վ է երաշխավորելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը Նախիջեւանի տարածքով անցնելիս: Ադրբեջանը, այնպես չէ՞, եւ ոչ թե արտապատվիրակված որեւէ ընկերություն: Իսկ Ադրբեջանի հասարակության մեջ արմատախի՞լ է արվել հայատյացությունը, նրանք չեն հավակնո՞ւմ ՀՀ ինքնիշխան տարածքին, ի վերջո` ադրբեջանական հասարակությունը ցանկանո՞ւմ է խաղաղ ապրել Հայաստանի հետ, նման մղումներ նկատվո՞ւմ են:

Խաղաղություն հաստատվո՞ւմ է խոսքով

Այսպես, փորձենք հասկանալ, թե որոնք են Փաշինյանի ձեւակերպումները, գնահատականները եւ իրականությունը: Նախ` խաղաղությունը չի հաստատվում խոսքով: Իսկ օգոստոսի 11-ին փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է` «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը, այսինքն, սա ընդամենը «նախաստորագրված» փաստաթուղթ է, այլ ոչ թե խաղաղության կնքում: Եվ սա այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցված են:

Իսկ հիմա, օգոստոսի 11-ից հետո Ադրբեջանը եւս համարո՞ւմ է, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, Բաքուն դադարեցրե՞լ է Երեւանին պահանջներ ներկայացնել… Ամենեւին` ոչ:

Հաջորդը` Փաշինյանը խոստովանում է, որ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակում է, քանի որ, ըստ նրա` «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ»: Նախ, Փաշինյանի իշխանությունը պարտավոր է բացատրել, թե ինչու չի փորձել լուծել արցախյան խնդիրը, ինչո՞ւ է նախընտրել տարիներ անց «փակել» այն, որի արդյունքում Արցախը հանձնվել է Ադրբեջանին, իսկ արցախահայության բնական իրավունքների հարցերը պաշտոնական Երեւանի օրակարգից հանվել են ու այլեւս երբեք դրանց մասին չի խոսվում:

Փաշինյանը մի կողմից խոստում է հաստատված խաղաղության մասին, սակայն թեեւ նկատում է, որ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, բայցեւ ակնարկում է, թե` «կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, եւ փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում»։

Այսինքն, Ադրբեջանի կողմից մի քանի տասնամյակ` «Հայաստանը ագրեսոր է» մեղադրանքը շարունակվում է հնչեցվել: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ Ադրբեջանն է արցախյան երկու պատերազմը սկսողը, արցախահայության իրավունքները ոտնահարողը, իրականում` ցեղասպանություն իրականացնողը եւ գոյություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարց, տարիներ շարունակ բանակցություններ են ընթացել այս ուղղությամբ:

Եվ վերջապես Հայաստանը երբեւէ տարածքային պահանջնե՞ր է ներկայացրել Ադրբեջանին: Արցախահայության իրական պայքարը, փաստացի, Փաշինյանը ներկայացնում է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ, ինչը արել է պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ, իսկ այս համատեքստում արդեն Ալիեւի ագրեսիան ընդդեմ Արցախի ուղղակի արդարացվում է:

Եվ վերջապես` ինչո՞ւ պաշտոնական Երեւանը Բաքվի հետ ստորագրեց փաստաթղթեր, երբ Ադրբեջանը դեռեւս չէր հեռացել ՀՀ ինքնիշխան տարածքից, ու հիմա Փաշինյանը կարծես Ալիեւին նոր առաջարկություն է անում` ադրբեջանական ստորաբաժանումները թող դուրս գան ՀՀ տարածքից, դրա դիմաց Հայաստանը Բաքվին կվերադարձնի՞ «Ադրբեջանի ինքնիշխան տարածքները, որոնք գտնվում են մեր վերահսկողության ներքո…»:

Հարկ է նաեւ հիշեցնել, որ Վաշինգտոնում ստորագրվել են ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմանի երեք հուշագրեր, սակայն դրանք մինչ օրս անհայտ պատճառներով չեն հրապարակվել: Ի՞նչ են թաքնված այդ հուշագրերում:

Ալիեւը շարունակում է պահանջներ ներկայացնել, իսկ Փաշինյանը «չի կարծում», թե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը

Փաշինյանն այնքան է ոգեւորվել Ադրբեջանի հետ «հաստատված» խաղաղությունից, որ նշել է, որ եթե Սահմանադրական դատարանն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը Սահմանադրությանը հակասող ճանաչի, կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ: Հարցին՝ «եթե ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, դա անդրադառնալո՞ւ է խաղաղության պայմանագրի ստորագրման վրա», Փաշինյանը վերջերս պատասխանել է. «Ես չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ կքվեարկի էն պարագայում, եթե հանկարծ պարզվի, որ դա որեւէ ազդեցություն կարող է ունենալ խաղաղության գործընթացի վրա»:

Պաշտոնական Բաքուն, այսպիսով, շարունակում է կրկնել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայմանը: Վաշինգտոնում Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից ժամեր անց Ադրբեջանի նախագահը թե՛ տեղական լրատվամիջոցների հետ զրույցում, թե՛ Foxnews-ի հոդվածում ասել է, որ դա Հայաստանի տնային առաջադրանքն է, հենց դա կատարվի, պայմանագիրը կստորագրվի:

Օգոստոսին 26-ին, չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը՝ Բաքուն հստակ նախապայմաններ առաջ քաշեց համաձայնագրի ստորագրման համար։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի նախագահի՝ Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում հայտարարել է` Բաքուն սպասում է, որ Երեւանը փոփոխություններ կկատարի ՀՀ Սահմանադրության մեջ եւ լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Ապա Բայրամովը շեշտել է, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում հատկապես ընդգծվում է Նախիջեւանի հետ անխոչընդոտ հաղորդակցության կարեւորությունը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ «Զանգեզուրի միջանցքը», որի մի մասը կանցնի Հայաստանի տարածքով, կապահովի Ադրբեջանի ներսում ամբողջական կապը եւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը։ Այս նախագիծը նաեւ կընդլայնի տարածաշրջանային առեւտրի եւ տրանսպորտային հնարավորությունները»։

Բայրամովը նաեւ որոշ մանրամասներ է հայտնել հայկական կողմի հետ բանակցային գործընթացից, մասնավորապես պնդելով, թե մինչեւ այս տարվա հունվարի վերջը Հայաստանը «հրաժարվում էր ընդունել» Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի մի շարք դրույթներ։ Ըստ պաշտոնյայի` Երեւանն ընդդիմանում էր ընդհանուր սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայման անթույլատրելիությանը, դատական հայցերի հետկանչմանը։ Բայրամովի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը փոխվել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո։ «ԱՄՆ կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է Ադրբեջանի օրակարգը», – պնդել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հիշեցնելով Բաքվի մյուս պահանջի մասին, որ Ադրբեջանն ակնկալում է, որ Երեւանը կփոխի Հայաստանի Սահմանադրությունը։

Ի դեպ, Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դրան առնչվող կառույցները փակելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին, ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված կոչ է ուղարկվել։

Հետաքրքիր է` իսկ ի՞նչ է զիջել Ադրբեջանը… Ոչինչ: Ադրբեջանի բոլոր պահանջները հերթով իրագործվում են եւ տարօրինակ կլինի այս պայմաններում նույնիսկ մտածել, որ Բաքուն զիջման է գնացել ինչ-որ հարցում, կամ` համաձայնել է Փաշինյանի այս կամ այն պահանջին:

Ավելին, օրերս Ալիեւը հարցազրույց է տվել Al Arabiya-ին, որտեղ շեշտել է` հենց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն ՀՀ Սահմանադրությունից, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր: Նա հարկ է համարել հիշեցնել, որ պաշտոնապես, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով` «Հայաստանի սահմանադրությունը դեռեւս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այնուհետեւ Ալիեւը շարունակել է. «Ինչքան մենք հասկանում ենք, նրանք կկատարեն փոփոխություն։ Եվ հենց որ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր։ Սակայն այս փաստաթղթի նախաստորագրման փաստը Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է պատերազմի ավարտ, որը ընդհատումներով տեւում է ավելի քան երեսուն տարի։ Սա բացում է բոլորովին նոր հնարավորություններ Հարավային Կովկասի տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արեւելքի ավելի լայն տարածաշրջանի համար»:

Ալիեւը չի մոռացել «Զանգեզուրի միջանցքի» թեման: Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ կապող ճանապարհի կառուցումը կարող է իրականացվել ամերիկացի ներդրողների կողմից. «Այժմ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր անունը տվել է Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը, այսինքն՝ երկաթուղուն, դա շատ ժամանակ չպետք է պահանջի, քանի որ երթուղին ընդամենը 42 կիլոմետր է։ Եթե մենք այն կառուցեինք, դա կանեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ մենք ավելի շատ փորձ ունենք երկաթուղիներ կառուցելու հարցում։ Սակայն Հայաստանին կարող է եւս մի քանի տարի պետք լինել»։ Այնուհետեւ Ալիեւը հավելել է. «Իրականում դա մեզ համար կարեւոր չէ։ Մեզ համար կարեւորն այն է, որ երկաթուղին կառուցվի, եւ որ կան միջազգային անվտանգության երաշխիքներ։ Այլ կերպ ասած, Նախիջեւանից Ադրբեջանի հիմնական հատված կամ հակառակը ճանապարհորդող ադրբեջանցիները չպետք է անհարմար զգան։ Նրանք չպետք է անհանգստանան իրենց անվտանգության համար՝ հաշվի առնելով երկարատեւ դիմակայությունը եւ թշնամանքը»:

Բաքվի բոլոր պահանջների բավարարման պայմաններում էլ, փաստորեն, Ալիեւը Փաշինյանին լրացուցիչ անգամ հիշեցրել է, որ ադրբեջանցիները չպետք է անհանգստանան իրենց անվտանգության համար:

Այսպիսով, Բաքվի բոլոր պահանջները հերթով իրագործվում են, Փաշինյանը դրանք ներկայացնում է որպես «փոխհամաձայնության եւ փոխշահավետության խաղաղություն», «Իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆ», չմոռանալով հասարակությանը հանձնարարել` «խաղաղությունը ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում»:

Այսինքն, նույնիսկ այս պայմաններում Փաշինյանն իրեն նախօրոք ապահովագրում է հնարավոր վտանգից: Եթե վերջնական խաղաղություն չհաստատվի, օրինակ, եթե Ադրբեջանը նոր ագրեսիայի դիմի արդեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` հայ հասարակությունն է մեղավոր կարգվելու մեղադրանքով, որ անհրաժեշտ «հոգատարություն» չի ցուցաբերել Փաշինյանի հաստատած «խաղաղության» նկատմամբ: Այսինքն, Փաշինյանի ընկալմամբ` Ալիեւը որեւէ պարագայում մեղավոր չի կարող լինել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031